Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (98) Յունուար 2020

Գրական-Մշակութային

ՄԱՐԴԸ ԱՐԱՐԱՏԻՑ

Գրեց՝ ՍԻՐՎԱՐԴ ԶԱՐԵԱՆ *

kragan
Շատ է գրուել Կոստան Զարեան մարդու եւ իր գրականութեան մասին։ Եղեր են գրականագէտներ, որոնք տարիների նուիրեալ ուսումնասիրութիւններից յետոյ ըմբռնել են հեղինակի խորունկ, համամարդկային իմացականութիւնը՝ նրա գրական եզակի արժէքը։ Եղեր են եւ կան նաեւ մտաւորական տարբեր դիրքերի վրայ կեցած բանիմացներ, որոնք հետամուտ են միայն քանդելու այն ինչ որ անուանում են «Զարեանական ամեհի բերդը»։

Այսօր անկախ Հայաստանում կան անձեր, յատկապէս երէց սերունդից, որոնց կարծիքով «Կոստան Զարեանը չմերուեց խորհրդային գրականութեան եւ խորհրդային գրողների գաւառացի միջավայրում»։ Այսպէս է մտածում գրագէտ Պերճ Զեյթունցեանը՝ Կոստան Զարեանի մասին։ Հարկ եմ համարում պատասխանել հօրս՝ Արմէն Զարեանի խօսքերով, մէջբերում անելով իր օրագրից.- «Վաթսունական թուականներին (ճիշդ տարին չեմ յիշում) տեղի ունեցաւ Հայաստանի Գրողների համագումարը։ Գրողները եւ մտաւորականութիւնը հաւաքուած են Սպենդիարեանի անուան թատրոնում. դահլիճը լի է բազմութեամբ. բեմի վրայ տեղ են գրաւել գրողներ, բարձր պաշտօնեաներ. նախագահում է ընկ. Թոփչեան՝ Գրողների միութեան նախագահը։ Հայրս, ես էլ կողքին նստած ենք դահլիճի 8-9-րդ շարքում, աւելի առաջ՝ քանդակագործ Քոչարը։

Ելոյթներ, ելոյթներ, վերջանում է նիստի առաջին հանդիսաւոր մասը։ Հայրս ոտքի է ելնում ու քիչ ետք գնում է ճեմելու։ Իրեն են մօտենում մի քանի երիտասարդ գրողներ եւ՝ "ընկ. Կոստան Զարեան ինչո՞ւ ձեզ չեն հրաւիրել բեմ՝ ղեկավարութեան կազմի եւ միւս գրողների հետ միասին նստելու"։ Կոստան Զարեան պատասխանում է.- "Կարեւորը մենք չենք, այլ ժողովուրդը, որին բոլորս էլ ծառայում ենք"»։
Քաղաքակիրթ բոլոր հասարակութիւնները արուեստագէտների կողքին ունեն գրաքննադատներ, որոնք իրենց վերլուծումներով նպաստում են տուեալ հասարակութեան մշակոյթի ընկալումին, մտահորիզոնին, ճաշակին, մակարդակին։ Ուստի այսօր 21-րդ դարում «Նաւը լեռան վրայ»-ի առաջին հրատարակութիւնից 74 տարի յետոյ, 10 անգամ հրատարակուած ու իտալերէն, ֆրանսերէն, անգլերէն, ռուսերէն, էսթոներէն թարգմանուելուց յետոյ դէմ ենք գտնւում Պերճ Զեյթունցեանի հետեւեալ կարծիքին թէ՝ «"Նաւը լեռան վրայ"-ն ապսուրդ վէպ է իր մտայղացմամբ», կամ՝ «նաւը ի՞նչ գործ ունի լեռան վրայ, արդէն ապսուրդ է, ի՞նչ իմաստ ունի»։ Ակամայ գտնւում ենք ապսուրդ մի յայտարարութեան առջեւ, որ վկայում է թէ յարգելի գրագէտը չի կարդացել վէպը եւ եթէ նոյնիսկ կարդացել է, անկարող է, ամուլ է թափանցելու ա՛յս նշանակալից վէպի խորիմաստ խորհրդին։ Եզակի գրագէտ Ալբերտ Կոստանեանը գրում է. «"Նաւը լեռան վրայ" վէպը արձակ գրականութեան ողջ տարերքի մի ընդարձակ մասն է միայն ու որպէս այդպիսին նա անանջատելի շարունակութիւնն է թէ՛ իր նիւթով, թէ՛ իր ոճով ու գրելակերպով։ Բացառապէս վիպականը, որ, այնուամենայնիւ, զգալի է, մի խումբ խորհրդանշանների բազմիմաստութիւնն է, որ ներկայացւում է շատ որոշակի կառոյցի սահմաններում։

Վերնագիրը յուշում է թէ նաւի ու լեռան սիմվոլիկան մարդկութեան չափ հին է եւ յատկապէս մեր աշխարհի հետ է առնչւում. նա ուղեկցել է մարդկային ստեղծագործ երեւակայութիւնը դարաշրջանից դարաշրջան»։
Հռոմում, քառասունական թուականներին Վիա Միստինայում –գրում է Արմէն Զարեանը.- «Հայրս խօսում էր Իբսէնի "Peer Gynt"-ի մասին եւ ակնարկելով նոր լոյս տեսած "Նաւը լեռան վրայ" (1943) վէպին, ասում է.- Ես սկսեցի այնտեղից որտեղ Իբսէնը վերջակէտ դրեց»։ (Մասն առաջին, … հեռաւոր ճամբորդութիւնների նաւապետ Արա Հերեանը…)։ Գրականագէտ Երուանդ Տէր Խաչատրեանը նշում է այս դրուագը եւ շարունակում.- «Արա Հերեանը վէպում իր կեանքը սկսում է ծովերն ու հեռաւոր ճամբորդութիւնները թողնելուց յետոյ։ "Լեռների ազատ եւ խենթ ոգի" Պեր Գիւնտը ապրել է իր ամբողջ կեանքը եւ հիմա, արդէն ծերունի դարձած, վերադարձել է Նորվեկիա, բայց այդպէս էլ չի գտել իր կեանքի իմաստը, ժամանակին չի կարողացել հասկանալ եւ գնահատել Սոլվայգի սէրը, իր հետագայ կեանքը չի ունեցել ներքին նպատակ ու բովանդակութիւն։ Երիտասարդ Արա Հերեանը կռահել է,– ներքնատեսօրէ՞ն, թէ՞ տրամաբանօրէն,– թէ ինչի է կոչուած ինքը, ինչը պէտք է կազմի իր կեանքի հիմնական իմաստն ու բովանդակութիւնը։ Նա կոչւում է իրագործելու անկարելին՝ նաւը բարձրացնելու լեռը։
Կոստան Զարեան իր գրականութեան հիմնական հերոսին՝ նոյն Անցորդին եւ նոյն Վահան Իբերեանին, երրորդ անգամ բերում է Հայաստան։ Արա Հերեանը, ի վերջոյ, այդ հերոսին նոր կերպափոխութիւնն է»։
Կոստան Զարեանին հարցնում են՝ ինչո՞ւ չէք գրում ձեր կեանքի յիշողութիւնները, նա պատասխանում է.- «Իմ կենսագրութիւնը իմ գործերում է», ու աւելացնում.- «Բանաստեղծի կեանքից արժանի է որ պահպանուեն այն ամէնը ինչ դառնում է բանաստեղծութիւն», յիշելով Հոմերոսին։
«Նաւ»-ը իր ոդիսականը սկսեց Պոսթոնից 1943-ին, շնորհահանդէսի իր ճամբորդութիւնը կատարելով դէպի Իտալիա։ Այնտեղ էր իրենց սպասում ազնուական ու նուիրեալ Թագուհի Շահնազարը՝ հեղինակին առաջին կինը, որ իր ամբողջ կեանքի ընթացքում մնաց իր խորհրդատուն եւ ոգեշնչողը։ Արմէն Զարեանը նշում է.- «Այս վէպը մայրս թարգմանել է իտալերէն, թարգմանութիւնը խմբագրել է իտալացի գրող, իսկ հայրս եւ ես Ֆիրենցիայում, դէմ-դիմաց նստած, վերանայել ենք իտալերէն թարգմանութիւնը։ Ասեմ նաեւ թարգմանութեան օգնել է Թագուհու քրոջ աղջիկը՝ Քլարա Քարլինի, լեզուաբան եւ իտալերէնով գրած տպաւորիչ պատմուածքների գրքի հեղինակ։
1963-ին Խորհրդային Հայաստանում գաղափարական ահաբեկչութեան շրջանին "Նաւը լեռան վրայ" վէպը ենթարկւում է ահաւոր այլակերպման։ "Ես,– ասում է հայրս,– իմ գրիչը չեմ տրամադրի ո՛չ մի պետութեան եւ ո՛չ մի կուսակցութեան։ Ահա չորս տարի է, որ դիմում եմ ներկայացրել Հայաստանի Գրողների միութեան անդամ դառնալու նպատակով, բայց դեռ սպասում եմ որ ինձ ընդունեն"։ Այո՛, պայմաններից մէկը այն է որ լոյս տեսնէ "նոր խմբագրութեամբ" "Նաւը լեռան վրայ" երեւանեան հրատարակութիւնը։ Դա պայման էր որպէսզի ընդունուի Գրողների միութիւն, որպէսզի կարողանայ մնալ Հայաստանում, ստանալով 130 ռուբլի ամսավճար՝ թոշակի ձեւով։ Յիշում եմ նաեւ որ հօրս մօտ էին եկել մի քանի գրող, ուզում էին համոզել որ "վերանայի" իր "Անցորդը եւ Ճամբան"։ Հայրս զայրացած՝ "դուք ստալինիստներ էք" ասելով նրանց դուրս հանեց տնից։ "Արմէն, ուզում եմ թողնել այս երկիրը, գնալ արտասահման եւ "Անցորդ"-ի ոգով գրել մի ուրիշ գիրք"։
Կոստան Զարեանը մահացել էր։ Մի օր փողոցում կոնսերվատորիայի առջեւ հանդիպեցի "Նաւը լեռան վրայ" երեւանեան հրատարակչութեան գլխաւոր խմբագիր՝ Հր. Գրիգորեանին. նա կանգ առաւ, սեղմեց ձեռքս եւ ասաց.- "Ես սխալուեցի ձեր հօր վրայ ճնշում բանեցնելով, որպէսզի նա վերանայէ ու ամբողջացնէ իր վէպը։ Սխալուեցի, խնդրում եմ հաւատաք"։ Լռեց, լուրջ նայեց դէմքիս եւ՝ "…բժիշկը ասաց, որ ես դեռ վեց ամիս կեանք ունեմ, արիւնա…"։ Մտահոգ նայեց ինձ, բարեւեց ու հեռացաւ։ Սերեբրեակովը ասել էր "ձեր հայրը միամիտ մարդ էր", նա որոշ իմաստով ճշմարտացի էր։
"Նաւը լեռան վրայ" վէպի երեւանեան փոփոխուած հրատարակութիւնը ունեցաւ իր մարդկային զոհերը։ Առաջինը եղաւ հեղինակը, նրան թունաւորեցին, իսկ երկրորդը՝ խմբագիրը՝ Հր. Գրիգորեանը, լէուցեմիան սպանեց նրան։ Միւսը, որ խմբագրել էր "Նաւ"-ի հայերէնը՝ վեհափառի մօտ աշխատող Թոփուզեանը, ապրում է հանգիստ ու պարտականութիւնը կատարած մարդու նման անկարեկից է։
1969-ին նոյն կուսակցական վերադաս մարմինը որը ղեկավարում էր "Հայաստան" հրատարակչութիւնը, առանձին պետութիւն կազմած լիակատար վստահութեամբ այս անգամ յանձին նախագահ Խ. Բարսեղեանի, դատաքննութեան է ենթարկում Պարոյր Սեւակի "Եղիցի լոյս"-ը։ Հայ ժողովրդին ուղղուած ազատութեան ու իր ազգային ճակատագրին տէր կանգնելու Պարոյր Սեւակի այս կոչը՝ (մէջբերում՝ Վ. Մկրտչեանի՝ Ո՞վ "կանգնեցրեց" "Եղիցի լոյս"-ը, Հայաստանի Հանրապետութիւն 21/09/93 յօդուածից) Խ. Բարսեղեանը ինքնավստահ ցինիկութեամբ խոստովանում է, թէ շուրջ երկու տարուայ ընթացքում ինչպէս է բզկտուել "Եղիցի լոյս"-ը, ի՛նչ աւերածութիւններ են կատարուել գրքում իբրեւ թէ այն "անխոցելի" դարձնելու բարի ցանկութեամբ։ "Հանուել են առանձին բանաստեղծութիւններ,- գրում է Խ. Բարսեղեանը, կրճատուել են շատ տողեր, կատարուել օգտակար շտկումներ"»…։
Նոյն թուականին Կոստան Զարեանի թաղումից երկու օր առաջ Ա. Զարեանը գնում է Գրողների միութիւն ու մտնում նախագահի սենեակը։ Նա այդ պահը պատմում է. «Թոփչեանը ոտքի կանգնեց, ցաւակցութեան խօսք ասեց, նստեց ու շտապեց ասելու, որ Կոստան Զարեանի ստեղծագործութիւնների հինգ հատորանին չի հրատարակուելու, որովհետեւ հանուել է ցուցակից։ "Թուղթի պակաս կայ,– ասաց նախագահը,– պէտք է խնայել, այդ պատճառով հարկ եղաւ հրատարակուելիք գրքերի ցուցակը կրճատել, հանուեցին նաեւ ձեր հօր գործերի հինգ հատորները"»։
1970-ին, այս անգամ Պետհրատի շէնքում, այս անգամ Ստեփան Ալաջաջեանի մօտ, որ Արմէն Զարեանին տալիս է հետեւեալ խորհուրդը.- «"Արմէն, գոնէ առայժմ ձեր հօր գործերը չեն հրատարուելու, ուղարկեցէ՛ք արտասահման, այնտեղ կը տպեն"։ Յետոյ դարակից հանեց երկու մեքենագիր հատոր, դանդաղ թերթեց "Սպանիա"-ն, էջեր, էջեր՝ վրան գրուած՝ հանել, հանել, ապա սրբագրութիւններ, ջնջուած պարբերութիւններ։ Նայեց ինձ. այո՛,– պատասխանեցի,– չեմ թողնի, որ այս գրքերը ունենան "Նաւը լեռան վրայ"-ի ճակատագիրը»։
Անցնում են տասնըհինգ տարիներ։ 1985-ին այս անգամ «Սովետական արուեստ»-ի գլխաւոր խմբագիրը՝ Ս. Բայանդուրը ցանկութիւն է յայտնում հրատարակել Կոստան Զարեանի անտիպ էջերից։ Արմէն Զարեանը նրան յանձնում է Արուեստի պատմութիւնից «Գոթական արուեստը» եւ «Ջիոտտօ» գլուխները։ Մէջբերեմ խմբագրի պատասխանը հօրս. «Խմբագիրը այսօր ինձ կանչեց, ետ տուաւ մեքենագիր էջերը ասելով.- "Եթէ տպէինք, պէտք է շատ խմբագրէինք, իսկ դուք, ես գիտեմ որ դէմ էք որ ձեր հօր գործերը խմբագրուեն,– եւ աւելացրեց.– քաշած նեղութեան համար, եկէք ամսուայ վերջը եւ կը ստանաք մի փոքր հոնարար (աշխատավարձ)»։
«Ընդհանրապէս մեր ժողովուրդի որբերգութենէն ամենամեծն այն է,– գրում է Վարուժան Վարդանեանը իր «Մինասի վերադարձը» գրքում,– որ գրեթէ ո՛չ մէկ մտաւորական կրցած է անկաշկանդ եւ հանգիստ դրսեւորել իր կարողութիւնները։ Թերեւս այդ պատճառով ալ մտածողութիւնը չի կրնար շարունակաբար զարգանալ, այսինքն չկայ սերունդներու բնական եւ կատարեալ շարունակութիւն»։ Այս ճշմարտութիւնը ընդունելով հանդերձ Լեւոն Անանեանը որ 25 տարի եղաւ «Գարուն» ամսագրի խմբագիր եւ հետագայում Հայաստանի Գրողների միութեան նախագահ, Արմէն Զարեանին առաջարկում է յօդուած գրել հետեւեալ նիւթի շուրջ՝ «Կոստան Զարեանը իր Հայրենիքում տեղ չունի»։ «Վերնագիրը ճիշդ է», ասում է Արմէն Զարեանը, բայց որպէս որդի մերժում է՝ ասպարէզը թողնելով գրողներին, ընթերցողներին։ Ուստի տեղին է նաեւ հետեւեալ մէջբերումը Արմէն Զարեանի օրագրից.-
«Սովետական կոչուած Հայաստանը մի երկիր է, ուր սպանել են բանաստեղծներ՝ Եղիշէ Չարենց, Պարոյր Սեւակ, գրողներ՝ Բակունց, Թոթովենց, նկարիչ՝ Մինաս Աւետիսեան, եւ 1969 Նոյեմբերին Կոստան Զարեանին։ Ո՞վ է գրելու սպանուած բանաստեղծի ողբերգութիւնը, ո՞վ պիտի շարունակէ Փօլ Վերլենի "Անիծեալ բանաստեղծներ" (1884) պոէմը, որոնց շարքում են Ռեմբօ, Մալլարմէ, Կորբիեր, Վիլիէ դը Լ՚իլ-Ադամ, նոյնինքը՝ Վերլենը, ու ամբողջացնել շարքը աւելացնելով՝ հայ բանաստեղծների, արձակագիրների եւ նկարիչների անունները։
Տիեզերական ընդարձակութեամբ մտայղացուած ողբերգական պոէմ, ասելու համար ցաւը այն մարդկանց, որոնց ստեղծած երգը, ֆրանսերէն եւ հայերէն, կազմում են այդ երկրների մարդկանց ոգեկան գոյացութեան ներէութիւնը, քանի դեռ միտքը, երգը լինելիութիւն է նախապէս։ Երգը յաւերժութեան լուսաւոր ճանապարհ է»։
Դեկտեմբեր 11 թուականը 1969։ «Տանում են հօրս դագաղը, մենք ընտանիքով յետեւից ենք գնում, քիչ հեռու՝ Էմինը։ Դագաղը տանում են երիտասարդները, նրանց գլխաւորում է Լեւոն Ներսէսեանը. դագաղը պահում են բարձր՝ ձեռքերի վրայ։ Էմին՝ "հերիք է ձեռքերի վրայ պահէք, կը յոգնէք, նորմալ պահեցէք", Լեւոնը՝ "եթէ այսպէս մարդուն մեր ձեռքերի վրայ բարձր չպահենք, էլ ում պահենք", սա եղաւ ազնիւ մարդու՝ Լեւոնի պատասխանը։ Եւ երիտասարդները այդպէս ձեռքերի վրայ բարձր պահած՝ տարան դագաղը մինչեւ գերեզման»։
Մի օր Կոստան Զարեանի գերեզմանաքարը մաքրած ժամանակ Արմէն Զարեանին մօտեցաւ նկարիչ Մինասը.- «Ինչ լաւ է,– ասաց,– հօրդ գերեզմանաքարի վրայ քանդակել ես տուել խաչը»։
Ուզում եմ վերջացնել Լեւոն Հախվերդեանի հետեւեալ միտքով.- «Որքան էլ ազգակից, իմաստով շատ են տարբեր "երկիւղածութիւն" եւ "երկիւղ" բառերը։ Երբ զրոյցի ես նստում Կոստան Զարեանի հետ՝ դրանք իմաստով էլ մօտենում են, գրեթէ նոյնանում, որովհետեւ եթէ արտիստական այդ շքեղ կերպարանքը, այդ վեհատեսիլ, ծերունազարդ մարդն իր ամբարած իմացութեամբ ու մտքի անկախ թռիչքով յարուցում է պատկառանք ու երկիւղածութիւն, ապա մեզ համար սրբութիւն ու հեռաւոր առասպել դարձած մեծերի հետ ունեցած շփումների անճիգ մտաբերումներն այնքան շատ են ու ազդու, որ յարուցում են մի զգացում, որ հեռու չի երկիւղից»։
Ս.Զ.
_______
* Կոստան Զարեանի թոռնուհին։