Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (95) Հոկտեմբեր 2019

Գրական-Մշակութային

ՄԻ ԱՆՏԻՊ ՅՈՒՇ ԿՈՄԻՏԱՍԻ ՀԱՄԵՐԳԻ ՄԱՍԻՆ

Արծուի ԲԱԽՉԻՆԵԱՆ

kragan
Կոմիտաս Վարդապետիՙ 1913 թուականի համերգներից մէկի մասին ստորեւ ներկայացուող յուշ-պատառիկը վերցուած է արձակագիր Պայծառ Երկաթի «Գողտրիկ յուշեր ու սուր փշեր կամ Մի դերբուկ ճանապարհ» անտիպ յուշագրութիւնից :
Գրող, սիրող դերասանուհի Պայծառ Երկաթը (Աստղիկ Տեմիրեան, 1888, Չոմաքլու - 1988, Երեւան) կրթութիւնն ստացել է Գում-Գաբուի ազգային վարժարանում։ 1906 թ. ամուսնու հետ մեկնել է Ադաբազար, որտեղ օսմանեան սահմանադրութեան հռչակումից յետոյ եռանդուն մասնակցութիւն է ունեցել տեղի կրթական-թատերական կեանքին։ Առաջին համաշխարհային պատերազմից յետոյ վերադարձել է Պոլիս, 1923 թ. մեկնել է Եգիպտոս, ունեցել թատերական գործունէութիւն։ Որպէս դերասանուհի մասնակցել է հայ բեմի մեծ դերասանուհի Սիրանոյշի կեանքի վերջին տարիների ներկայացումներին։ 1948 թ. ներգաղթել է Հայաստան։ Գրել է իր յիշողությունները, որոնք լոյս են տեսել Երեւանում, 1956 թ., «Մտերիմ խոհեր» վերնագրով: Համիդեան կոտորածները յիշող հայուհին կեանքի վերջին տարում տեղեկացել է Սումգայիթի ջարդերի մասին եւ վախճանուել Սպիտակի երկրաշարժից մի քանի ամիս առաջ ...
«Գողտրիկ յուշեր ու սուր փշեր կամ Մի դերբուկ ճանապարհ» յուշագրության ձեռագիրը մեզ է տրամադրել Երկաթի թոռնուհինՙ բալէտի պարուհի, Հայաստանի վաստակաւոր արտիստուհի Աննա Մարիկեանը։ Այս արժէքաւոր ստեղծագործութիւնը առաջիկայում մտադիր ենք հրատարակել առանձին հատորով :
Պայծառ Երկաթ
Գողտրիկ յուշեր ու սուր փշեր կամ Մի դերբուկ ճանապարհ
(հատուած)
Եւ ի՞նչ կարող էր լինել իմ տրամադրութիւնըՙ աչքի առաջ ունենալով այս հեռանկարը, երբ փոքր եղբայրս ուրախ-ուրախ մօտենում է ինձՙ ձեռքին բռնած մի յայտագիր եւ ասում է ինձ.
- Կոմիտաս վարդապետը համերգ ունի Միշըն Ամերիքէնի մէջ:
Ինչպէ՜ս կը խլեմ յայտագիրը նրա ձեռքից ու կը վազեմ Միհրանի մօտ:
- Միհրա՛ն, Կոմիտաս վարդապետը համերգ ունի այստեղ, Գում-Գաբուի մէջ, կ'երթանք, չէ՞, կ'երթանք, անպայման կ երթանք, ինչքան էլ զբաղուած ենքՙ չենք փախցնի այս առիթը: Վերջապէս բախտը ժպտաց, երեւակայէ՛, իմ Ատաբազար եղած ատենս համերգ կ'ունենայ Պոլսումՙ երբ Պոլիս եմ գալիսՙ լսելու նրան, նոյն օրը նա գնում է Ատաբազարՙ շարունակելու համար իր երկու հարիւր հոգինոց խմբերգի համերգը... Հիմա այս առիթը... ընդմիջում է, եղբայրս։
- Չենք փախցնի, չենք փախցնի, կ'երթա՛նք, քոյրի՛կ, կ'երթանք, կը լսես նրան... դու, որ խենթն ես երգի, երաժշտութեան, կարելի՞ է փախցնել այս առիթը: Կ'երթանք, կը լսես նրան, յետոյ ես էլ կը լսեմ քո կարծիքը:
Ու գնում ենք դէպի Միշըն Ամերիքէն: Հոգեկան ի՜նչ հրճուանքով քայլում եմ ճանապարհին: Նախՙ որ քայլում եմ նորաւարտ բժիշկ եղբօրս կողքից, յետոյՙ լսելու եմ հռչակաւոր երգչին...
Ուշացել ենք մի քիչ: Սկսած է համերգը: Փակ է սրահի դուռը, բայց որոշ չափով լսւում է երգողի ձայնը: Մտիկ եմ անումՙ մինչեւ եղբօրս տոմսը վերցնելը ու մի քիչ հիասթափուած կարծես, կամացուկ ասում եմ. «Ա՞յս է Կոմիտասը»: Եղբայրս նայում է ինձ, մտնում ենք սրահ... բայց երբ հետեւում եմ նրա երգեցողութեան, ճաշակում եմ նրա ապրումները, նկատողութեան եմ առնում այն նրբութիւնները, որոնցմով նա ապրում էր իր տենչերը, այն ատեն միայն իմանում եմ, թէ ի՛նչ ասել էր Կոմիտաս: Ով չէ լսել նրան, չի կարող ըմբռնել նրա երգի կախարդական ուժը։ Չի կարող իմանալ, թէ նա ինչպէս կարող էր իր երգերով ունկնդիրներին տալ հայ ժողովրդի ամբողջ պատմութիւնը: Կոմիտասը եղել էր հեղինակը ժողովրդական երգերի, բայց առաւելապէս եղել էր, իր երգեցողութեամբ, ժողովրդի յոյսերի, յուզումների, ուրախութեան ու տառապանքների թարգմանը, բուն երգիչը: Այդ օրը, երբ Կոմիտասը երգում էր. «Կռո՜ւնկ, ուստի՞ կուգաս, ծառայ եմ ձայնիդ», ունկնդիրներս զգում էինք, որ մի ղարիպ վազում էր կռունկի ետեւից եւ աղերսում էր մի խապրիկ իր աշխարհից... Երբ ասում էրՙ
Թողել եմ ու եկել մլքերս ու այգիս,
քանի որ ա՜խ կանեմ, կու քաղուի հոգիս...
իսկոյն ըմբռնում էին, որ թշնամիների ոտնակոխ, թալանուած մի ժողովուրդ էինք: Ու երբ շարունակում էր իր երգըՙ ասելով
Աստուա՛ծ, քեզնէ խնդրեմ միւրվէթ ու քերեմ,
Ղարիպին սիրտն է խոց, ճիկեարն է վերեմ...
Անմիջապէս իմանում էինք, որ հայ ժողովուրդը յոյսը կտրած ամէն կողմից, դիմում էր անծանօթինՙ նրանից սպասելով իր խոցուած սրտի սպեղանին: Իսկ երբ վերջին անգամ դիմելով հեռացող կռունկին, խնդրում էրՙ
Կռո՜ւնկ, մեր աշխարհէն խապրիկ մը չունի՞ս...
մենք մագնիսացած հետեւում էինք նրա ձայնին, որ ալիք-ալիք թռչելով կռունկի ետեւիցՙ ուզում էր անպայման նրանից խլել մի խապրիկ, եւ հեռանալո՜վ, հեռանալո՜վ, մեռնում էր անհունի ծոցին...
Կոմիտասը աւարտած էր իր երգը, բայց նրա թռչող, անհետացող ձայնը կարծես լսում էինք դեռ: Պահը կախարդական էր.. եւ ահա որոտում է դաշնամուրը, ու սկսում է երգիչը.
Ձա՜յն տուր, ո՜վ ծովակ, ինչո՞ւ ես լռում ...
Ողբակից լինել չկամի՞ս թշուառիս...
Այս անգամ Կոմիտասը իր երգով հրամայում է ու պահանջում, իսկ ծովը իր թեթեւ կոհակներով զուարճանում է նրա պահանջի հետ, պչրանքներով օրորում է նրա վիշտը... Կոմիտասը ոչ թէ երգում էր իր ձայնով հանդիսականների ուշադրութիւնը գրաւելու համար, այլ իր երգերով խօսում էր նրանց հետ, պատմում էր կեանքից, լուսաբանում էր մարդկանց ու մտածել էր տալիս ապագայի մասին: Նա մեզ համար երգեց նաեւ «Կանչէ՛, կռո՛ւնկ, կանչէ՛, քանի գարուն է», ու երբ երգում էր, մենք չէինք զգում, որ նա քանի չափ երկարացնում էր իր «կանչէ»ն, այլ իմանում էինք, որ գարուն էր, եւ կռունկը ուրախ-ուրախ վերադառնում էր իր բոյնը:
Ու երբ շարունակում էրՙ «ղարիպներուն սիրտը գունդ-գունդ արուն է», զգում էինք, որ լուսաւոր աշխարհում մարդիկ ման են գալիս խոցուած սրտով: Այո՛, բաւական չէ, որ երգիչը իր գեղեցիկ ձայնը ցուցադրէ միայն հանրութեանը: Ձայնը բնութիւնից տրուած մի շնորհ է, մի միջոց: Երգիչը պարտաւոր է լաւագոյն կերպով օգտագործելով այդ միջոցըՙ շնորհալիօրէն մտնէ ունկնդիրների էութեան խորը, թրթռացնէ նրանց հոգին, սիրտը եւ մշակէ մտքերը:
Կոմիտասը զգում էր, թե երաժշտութիւնը լեզուն էր հոգեկան բոլոր ձգտումներին, թարգմանն էր յոյսերի, յուզումների, վերջապէս թարգմանն էր բոլոր այն ապրումներին, որոնք զգում է մարդ իր մէջ, եւ այդ բոլորը դնելով նա իր ձայնի ելեւէջների մէջՙ ունկնդիրը փոխադրում էր այնտեղ, ուր ուզում էր տանել: Նրա ձայնը իրապէս չնաշխարհիկ ձայն չէր: Նա գիտէ՛ր երգել, գիտէր իր վշտին, իր ուրախութեան հաղորդակից անել հասարակութիւնը, գիտէր, թէ ինչո՞ւ եւ ո՞ւմ համար էր երգում:
Այս համերգը տեղի ունեցաւ 1913 թուին, որմէ յետոյ, մի ամսուայ ընթացքին իրագործուեցին մեր ընտանիքի անդամների մասին մտածուած որոշումները, ու ամէն մէկը գնաց իր ճանապարհով:
Աղբիւր՝ Ազգ-Մշակոյթ