Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (118) Նոյեմբեր 2021

Գրական-Մշակութային

ՄԻ ԳՈՒՑԷ

kragan
Յաճախ ուղղագրութիւնն է որոշում բառերի ճակատագիրը։ Բառերի ճակատագիրն էլ, առանց չափազանցութեան, կարող է ճակատագրական լինել դրանք գործածող ազգի համար։
Միտքը, խաւսքը զաւրութիւն ունեն, եւ դա հրաշալի գիտեն ու կիրառում են թաքնագէտները, մշակուած կերպաբանութիւնից (methodology) եւ խաւսքարուեստի ճարտարագործութիւնից (techniques) աւգտուում են հրապարակախաւսներն ու ճարտասանները։ Մեզնից իւրաքանչիւրն էլ իր կենսափորձից ձեռք է բերում որոշակի գիտելիքներ՝ այդ զաւրութիւնն աւգտագործելու համար։
Լեզուի իւրաքանչիւր բառ իր ոյժն ու թափն ունի (energy)։ Բառերը որոշակի ներուժի խտացումներ են, որոնք մտքի խթանմամբ արթնացող եւ իրենց նպատակակէտին ձգտող նիւթական ալիքներ են դառնում։
Ամէն ինչ մտքից է սկիզբ առնում։ Իսկ միտքը նոյնպէս նիւթական է ու ձգտում է իրականանալ։ Բանն այն է, որ առանց լեզուի մենք չենք կարողանում մտածել, իւրաքանչիւրը մտածում է որեւէ լեզուով, լեզուից դուրս մտածողութիւն չկայ։ Եւ վտանգաւոր է լեզուին կատարելապէս չտիրապետելով մտքեր յղել տարածութիւն, առաւել եւս՝ դրանք արտաբերել։ Եւ աւրինաչափաւրէն այդ վտանգը ճանաչողն էլ հէնց պիտի ստեղծէր «լեզուն կծել» դարձուածքը։
Զինուորի մայրը չի կարող ասել՝ «Աստուած մի՛ արասցէ՝ որդիս տուն դառնայ»։ Որովհետեւ եթե չգիտի էլ, ըմբռնում է, թե ինչ է նշանակում «մի՛ արասցէ», եւ յստակ գիտի, թե ինքն ինչ է ուզում։
Երբ մտածում ես՝ «միգուցէ լուսաբացը յաղթանակով դիմաւորենք», լեզուամտածողութեան մէջ՝ ցանկութեան ու մտքի միջեւ, անթոյղատրելի սխալ է սպրդում, որ արձակուած նետի պէս սլանում է դէպի նպատակակէտ։
Հայերէնում հակադիր երկու հասկացութիւն կայ՝ «գուցէ» եւ «մի՛ գուցէ»։ Չգիտեմ՝ որ պահից գրաբարեան «գոլ» (գոյութիւն ունենալ) բայի ըղձական այս երկու ձեւերը հոմանիշ վերաբերականներ դարձան, բայց նրանք ոչ թե պարզապէս տարաբնոյթ, այղ ճիշդ միմեանց հակադիր իմաստներ ունեն. նրանցից մեկը նշանակում է «երանի լինի, թող լինի», մեւսը՝ «երանի չլինի, չլինի թէ»։
«Մի՛ գուցէ»-ն հէնց ժխտական ձեւն է, որը թեւրիմացաբար աւելի յաճախ ենք գործածում՝ երկթաթ կասկածի յուսադրող նժարի փոխարէն ակամայ ընտրելով մեր չերազածը։ Աւրինակ՝ «միգուցէ յաղթենք», «միգուցէ յաջողուի», «միգուցէ մի նոր դուռ բացուի», «միգուցէ որդիդ դեռ ողջ է», «միգուցէ մի աւր վերագտնենք մարդկային մեր կերպարանքը» եւ այղն։ Եւ արդեւք սա չէ՞ պատճառը, որ ստանում ենք մեր երազածի ճիշդ հակառակը, աւելի ստոյգ՝ ստանում ենք այն, ինչ յստակաւրէն ձեւակերպել ենք՝ պարտուում ենք, երբ մեր զինուորը յաղթում էր, յաջողութեան չենք հասնում, նոր դուռ չի բացուում, տղաները չեն վերադառնում, չենք վերագտնում մարդկային մեր կերպարանքը... Մեր մտքերն են ձեւաւորում մեր իրականութիւնը՝ հաւատանք թե ոչ։ Եւ հնարաւոր է՝ ուրիշ իրականութիւն գտնէինք, եթէ վերեւի աւրինակներում անհրաժեշտաբար գործածէինք «գուցէ»-ն։
«Մի գուցէ»-ն էլ իր ճիշդ միջավայրը պիտի գտնի, ինչպէս՝ «մի՛ գուցէ գաղափարներիդ համար վաղը քեզ քարկոծեն», «մի՛ գուցէ չհասցնես ծրագրերդ իրագործել», «մի՛ գուցէ նրա խաւսքերը խոցեն սիրտդ»։ Լաւ է, երբ համոզուած ես, որ յաղթելու ես, եւ պարտութեան մտքին տեղ չես թողնում, բայց երբ յանկարծ գիտակցում ես, որ հաւասարապէս պարտուելու հաւանականութիւնը կայ, իրատեսութեան այդ վայրկեանի մէջ թող համակշռեն «ԳՈՒՑԷ յաղթեմ»-ն ու «ՄԻ՛ ԳՈՒՑԷ պարտուեմ»-ը, բայց ոչ երբեք հակառակը։
Եւ իմաստները տարորոշելուց յետոյ այղ եւս ոչ ոք չի փորձի որդուն յուսահատաւրէն սպասող մաւրը մխիթարել «մի՛ գուցէ հրաշք լինի՝ նորից գրկես որդուդ» խաւսքով, որ չգիտակցուած չարամաղթութիւն է։
Համոզուած եմ, գրութեան ձեւն է պատճառ դարձել, որ նախ մտապատկերի մէջ կորչի «մի» արգելականը, ապա եւ մտածողութեան մէջ մթագնի բառի արտայայտած ժխտական իմաստը։ Դրանից յետոյ, որքան ուզում ես, երկմտիր ու ձգտիր, երազիր ու պտտուիր երազանքներիդ շուրջ, սեպհական մտքով նիւթականացնում ես թշնամուդ երազանքները։
Մեկ բառը ճշմարտութիւնն է վկայում բախտակից բազում բառերի փոխարէն, իւրաքանչիւր բառ իւրովի մտորելու առիթ է տալիս եւ յուշում, որ ժամ է մեր բառերի երբեմնի ուղղագրութիւնը վերհաստատելու, որպէսզի բառապատկերներից բացի յստակուեն նա՛ եւ իմաստները, եւ մտքի ու խաւսքի մէջ բառերը իրենց համար նախանշուած տեղում ընդելուզուեն՝ սփռելով կամքին հաւատարիմ մտալիքներ, եւ նրանցով կառուցեն մեր մտատեսիլին համարժէք իրականութիւն։
27.07.2021
ԼՈՒՍԻՆԷ ԱՒԵՏԻՍԵԱՆ