Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (118) Նոյեմբեր 2021

Գրական-Մշակութային

ԿԵԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՒ «ԹԱՆԳԱՐԱՆԻ ԶԻՆՈՒՈՐԸ»

ԿԱՐԷՆ ՄԻՔԱՅԵԼԵԱՆ, Արուեստաբան

kragan
Վախճանուեց Շահէն Խաչատրեանըՙ հայ արուեստաբանութեան եւ արուեստի քննադատութեան վերջին մոհիկանը:
«Թանգարանի զինուոր»: Այսպէս է կոչել նրան Սարեանը, այսպէս է Շահէնը խորագրել իր գիրքը, որի էջերում պատմում է իր ամենեւին էլ ոչ թեթեւ կեանքի մասին:
Շահէնի ընտանիքը հայրենադարձուել է 1946 թուականին եւ այստեղՙ Հայաստանում նա ճաշակել է այս կեանքի լեղին, նրան դաժանօրէն ծեծել են Չարենց արտասանելու եւ «Կիլիկիա» երգելու համար:
Շահէնի հայրական ընտանիքը ազնիւ ու պարկեշտ ընտանիք էր. քարգործ-վարպետ հայրը իր հացը վաստակում էր իր արհեստով: Այդպիսի աշխատաւոր էր նաեւ Շահէնը իր ողջ գիտակցական կեանքում:
Երկար տարիներ նա եղել է նորաստեղծ Սարեան թանգարանի տնօրէնը:
«Խնդրում եմ Շահէնին նշանակել թանգարանի տնօրէն...»,- գրել է Վարպետը մշակոյթի նախարարին: Եւ չի սխալուել: Շահէնը բառացիօրէն իր ողջ օրը, իր քսանչորս ժամը, ցերեկ թէ գիշեր, անց էր կացնում թանգարանում, աշխատելով ոչ թէ պարտաւորուածութեամբ, այլ խղճի մտօք: Թանգարանի կայացումը երկար ու ծանր ընթացք է, եւ Շահէնը լիովին նուիրուեց այդ գործին, ծառայելով մեծ Վարպետին ու նրա արուեստին:
Բաւարար չափով տիրապետելով ռուսերէնին, Շահէնը ընդունուեց Լենինգրադի գեղարուեստի ակադեմիանՙ դառնալով իսկական պրոֆեսիոնալ: Նրան զարմանալիօրէն յաջողուում էր համադրել գրասեղանային-գրասենեակային աշխատանքը թանգարանային եւ ցուցահանդեսային գործնական գործունէութիւնը: Նա կազմակերպում էր ցուցահանդէսներ եւ ցուցադրութիւններ, գրում էր անհաշիւ յոդուածներ, դասախօսութիւններ էր կարդում, հրատարակում էր գրքեր եւ ալբոմներ:
Շահէնը արուեստում ունէր իր նախընտրութիւնները եւ համակրանքները: Ամէնից առաջ դրանք Մարտիրոս Սարեանը, Այվազովսկին, Մինասը, Յակոբ Յակոբեանն էին եւ սփիւռքահայ նկարիչները: Թէ քանիսին է նա հանել անյայտութիւնից, քանիսին է գտել ու յայտնաբերել, նրանց որքան գործերն է բերել Հայաստան, դժուար է հաշուել ու ասել: Հայաստանի ազգային պատկերասրահը նա հարստացրել է չորս հարիւր գործով, որոնցից շատերը հայ արուեստի գլուխգործոցներ են:
Շահէնը չէր խորշում ոչ մի աշխատանքից: Ե՛ւ պատկերասրահում, ե՛ւ Մարտիրոս Սարեան թանգարանում, նաՙ հիմնարկի տնօրէնը, բարձրանում էր բարձր աստիճանին եւ նկարներ էր կախում, շրջանակներ էր նորոգում եւ, եթէ դա պէտք էր, առնում էր ներկարարի թիակն ու վրձինը: Այդպիսի մարդ էր: Բարեհոգի էր, բարեկիրթ եւ օրինաւոր: Կարող էր եւ սխալուել,- արուեստաբաններից ո՞վ չի սխալուել, բայց նրան մեղադրում էին, ինչքան կարող էին: Ընդ որում, մեղադրում էին մարդիկ, որոնք արուեստում իրենցից ոչինչ չէին ներկայացնում: Շահէնը վաղուց մոռացել էր նրանց, ներել էր:
2004 թուականից յետոյ, երբ Շահէնը հարկարդաբար,- այդպէս էր պահանջել իշխանութիւնը,- թողեց պատկերասրահում իր աշխատանքը «..... իր ...... Կաթողիկոսի հրաւէրով զբաղուեց Մայր աթոռում «Խրիմեան» թանգարանի կազմակերպումով: Նրան յաջողուեց ժամանակակից հայ նկարիչների, այդ թուումՙ սփիւռքահայ նկարիչների մեծ թուով գործեր հաւաքել: Դրանք հիմնականում նուէրներ էին:
Շահէնը, ինչպէս ոչ ոք, կարողանում էր համոզել նկարիչներին կամ նրանց ժառանգներին նկարներ նուիրել հարազատ երկրին: Նրա ամէն այցը արտասահման,- նախանձներն ու չարախօսները շատ էին,- աւարտուում էր մեր թանգարաններին տրուած նոր նուէրներով: Իհարկէ, նախ եւ առաջ Ազգային պատկերասրահին: Եւ, իհարկե, անշահախնդրօրէն:
Եւ այդպես էլ ընկերութիւն եւ բարեկամութիւն էր անում: Նուիրուում էր անմնացորդ ձեւով, փոխարէնը ոչինչ չպահանջելով ու չակնկալելով:
Շահէնի հեռացումով մի անլցելի անդունդ գոյացաւ: Արուեստի այդպիսի ջատագով մեր մշակոյթի մէջ մեզ պատկերուող ապագայում չի էլ լինելու: Կը մնան իր գրքերը, կը մնան այն թանգարանները, որտեղ նա աշխատել է, կը մնայ իր բարեշնորհ յուշը:
Գնաս բարով, Շահէն, հալէպցի բարի հա՛յ մարդ:
Հ.Գ.- Մի անգամ Շահէնն ասաց, որ ինքը ապրելու է 87 տարի: Այդպէս էլ եղաւ:
Աղբիւր՝ ԱԶԳ