Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (118) Նոյեմբեր 2021

Գրական-Մշակութային

ԶՈՅԳ ՄԸ ԳԱԳԱԹՆԵՐ…

Ալիք և Անահիտ Թոփչեաններու յիշատակին

Մովսէս Ծիրանի, Մոնթրէալ, (վերաթարմացուած) 8 Հոկտեմբեր 2021

kragan
Արուեստաբանութեան Դոկտոր Մովսէս Ծիրանի (Հէրկէլեան) Երեւանի մէջ ուսանած տարիներէն սերտ մտերմութիւն հաստատած էր Հայաստանի արուեստագէտներու եւ մշակոյթի գործիչներու լայն շրջանակի մը հետ, հետեւաբար իր յուշերը ունին վկայաբանական եւ այժմէական կարեւորութիւն: Սոյն գրութեան մէջ արուեստաբանը դիտաւորեալ կերպով գրած է այն հայերէնով, որով կը հաղորդակցէին սփիւռքահայ ուսանողները, այսինքն՝ հայերէնի երկու տարբերակներու միախառնումով ստեղծուած լեզուով: Այդ տրամադրութիւնն ու պատմական գունաւորումը (կոլորիդ) պահպանելու նպատակով հեղինակը աշխատած է արտայայտուիլ եօթանասունականներու լեզուով: Keghart.org
Մովսէս Ս. Հերկելեան,
Բա', եղա՞ւ Ալիք ջան, սա՞ էր մեր պամանաւորուածութիւնը: Երեւան գալէս առաջ, երբ զանգեցի, ասացիր որ «մի քիչ շուտ արի», որպէս զի քո կազմած եւ խմբագրած Պետրոս Հերեանի գիրքի շնորհահանդէսը անենք բացօթեայ, նկատի առած անձրեւների մօտալուտ լինելու հաւանականութիւնն ու համաճարակի հայրենիքում սանձարձակօրէն տարածուած լինելու իրողութիւնը: Սակայն երբ Սեպտեմբերի չորսին Երեւան հասայ, յաջորդ օրն իսկ, ինձ տեղեկացրին որ իմ ժամանումից միայն մի օր առաջ, համավարակը քեզ էլ է տարել… : Բա', եղա՞ւ… : Իսկ ես սպասում էի շնորհահանդէսի օրուան, որպէս զի հրապարակաւ յատուկ շնորհակալութիւն յայտնէի քեզի, որովհետեւ դու ոչ միայն ծրագրեցիր, առաջաբանը գրեցիր եւ հրատարակեցիր, այլեւ դու գտար «Պետրոս Հերեանի ընկերներին, ովքեր մեծահոգաբար հովանաւորեցին այս ժողովածուի լոյս ընծայումը»: Մեր վերջին հեռաձայնային խօսակցութեան ընթացքում ասացիր, որ քո վերջին գրած վէպի՝«Փոսը»ի խորագիրը, (որի խիստ ժամանակակից բովանդակութեանն ու բնոյթին ծանօթ էի արդէն), ուզում էիր փոխել, դնել «Որոգայթ» եւ ապա հրատարակել: Թէ ի՞նչ եղաւ նրա ճակատագիրը, արդէն տեղեակ չեմ: Իսկ հիմա ի՞նչ… Ալիք ջան, իսկապէ՞ս անդարձ մեկնեցիր ու արդեօ՞ք մի ամիս չանցած, Անահիտին էլ դո'ւ կանչեցիր մօտդ: Չգիտեմ ի՞նչ եղաւ… շուարած եմ: Շատ բան չեմ հասկանում: Տակաւին կարծում եմ, որ ուր որ ես կը զանգես… :
Սիրելի Անօ՝
Ձեր անսպասելիլ ու իրերայաջորդ մեկնումը այնքան անհեթեթ է ու անժամանակ, որքան անցնող տարուայ Լիբանանի չարաբաստիկ ռումբն ու մեր անտրամաբանական պարտութիւնը: Երկու պարագաներուն ալ մեր մարդկային ու ազգային ինքնասիրութիւնն ու արժանապատուութիւնը խոցուած են ու արհամարհուած… :
Մեր ծանօթացման հետաքրքրական ու տարօրինակ պատմութենէն ետք, գրել էի նաեւ մի այլ յօդուած, ուր կար երկու վկայութիւն քո գեղեցկութեան ու դերասանական խաղի մասին: Դու ընթերցեցիր ու ասացիր «Քանի որ իմ ծննդեան 70-անեակի առիթով արդէն իսկ գրել ես, սա էլ, լաւ կը լինի որ հրատարակես իմ ծննդեան 75-ամեակի առիթով, որոշ թարմացումներով»: Սակայն համաճարակը շտապեց ու թոյլ չտուեց որ քո ծննդեան 75-ամեակը նշենք… : Հարկադրաբար հրատարակում եմ այդ յօդուածը ժամանակից շուտ քո եւ Ալիքի խիստ ցաւոտ ու «թարմ» յիշատակին: Բայց յիշեցնեմ թէ ինչպէ՞ս էի աւարտել այն: Մուսալեռցիք «նորապսակներին մաղթում են մի բարձի վրայ ծերանալ, իսկ ես քո ծննդեան եօթանասուն հինգամեակի առիթով, քո եւ Ալիքին մաղթում եմ մի բարձի վրայ շարունակէք այսպէս երիտասարդ մնալ… ու ստեղծագործել»:
Եւ այդպէս ալ դաժան ճակատագիրը այնպէս արեց, որ դուք միասին մտաք հիւանդանոց եւ հրաժեշտ տուեցիք կեանքին, հիւանդանոցի նոյն սենեակում եւ մի քանի շաբաթ տարբերութեամբ միայն:
Թէեւ ձեր ստեղծագործական թափը կտրուեց անժամանակ, սակայն դուք երկուսդ էլ մնում էք մի զոյգ գագաթներ, մեր գրական ու թատերական ազպարէզներէն ներս. ու այն ինչ որ տուել էք արդէն, թէ որակով թէ քանակով, ապահովում են ձեր մշտական ներկայութիւնն ու գոյատեւումը մեր մշակութային կեանքէն ներս: Դուք կը շարունակէք ապրել մեր մէջ ու մեր հետ, ոչ միայն իբրև անցեալի յուշ ու ապագայի գրաւական, այլ նաև իբրեւ ստեղծագոծական առօրեայ ներկայութիւն… :
Ստորեւ նոյնութեամբ հրատարակութեան եմ յանձնում թարմացուած յուշագրութիւնս:
(Ձ – Ա) Մովսէս Ծիրանի, Անահիտ Թոփչեան, Հենրիկ Էդոյեան եւ Ալիք Թոփչեան
«…Աղուոր Աղջիկ»
Սիրելի Անահիտ՝
Վերջերս, երբ Ալիքի ուղարկած էլնամակը ստացայ, կարծեցի թէ կատակում է: Սակայն պարզուեց որ իսկապէս գալիք տարի Օգոստոսին լրանում է քո ծննդեան 75-ամեակը: Փաստօրէն մի տարի դու մեծ ես ինձանից, մինչդեռ կարծում էի թէ քեզանից առնուազն տասնամեակ առաջ եմ ծնուել:
Բայց հարցը դա չէ.
Քանի որ հիմա առիթ է ստեղծուել քեզ հետ զրուցելու, լաւ կը լինի, որ մի քանի խոստովանութիւն եւ բացայայտում կատարեմ, առաւելաբար առնչուած այս պարագային քո կանացի հմայքի հետ:
Առաջին անգամ քեզ տեսել էի Երեւանի դրամատիկական թատրոնում, ճիշդ կէս դար առաջ, ուր «Աստուածային կատակերգութիւն» ներկայացման մէջ խաղում էիր «Եւա»յի գլխաւոր դերը: Բեմի վրայ երեւում էիր գրեթէ մերկ, գեղեցիկ ու ցանկայարոյց…: Ուղխինահոս, երկար ու հարուստ վարսերդ (որոնք մինչեւ հիմա շարունակում ես խնամել ու պահպանել) աւելի ընդգծում էին քո մարմնի բարեմասնութիւններն ու դարձնում քեզ՝ աւելի գրաւիչ:
Ի՞նչ մեղքս պահեմ, սկզբում ընկերների հետ թատրոն էինք գալիս, աւելի քո կանացիութիւնը դիտելու, քան՝ բեմական խաղդ, սակայն, կարճ ժամանակի ընթացքում, ամէն ինչ փոխուեց: Քո բեմական հմայքի շնորհիւ, անմիջապէս քեզ նշմարեցին ու դարձար փնտռուած անուն թէ՛ թատերական, թէ՛ հեռուստացոյցի եւ թէ՛ ֆիլմարուեստի բնագաւառներում:
Աւելի ուշ, երբ մարմնաւորեցիր «Կլեմենդին» (մոռանալ Հերոստրադին) եւ «Կերդրուդ» (Համլէթ) տարբեր ու բարդ խառնուածքի տէր թագուհիներու կերպարները, դու դարձար շատերի (ի մասնաւորի երիտասարդների) բեմական «կուռքը»:
Իսկ,
Երբ Ալիքը Ծաղկաձորում մեզ ծանօթացրեց Վարուժամ Խտըշեանի ներկայութեան (որ չես գիտեր ինչո'ւ ինքն իրեն վերապահում էր քեզ խանդելու իրաւունքը) եւ դու կարեցիր իմ վերնաշապիկի կոճակը, կեցուածքս քո հանդէպ թէ՛ փոխուեց եւ թէ՛ աճեց: Ես (ինձ հետ նաեւ շատեր), կարծում էինք թէ դու պէտք է որ լինէիր հպարտ եւ անմատչելի, արտաքուստ այդպէս էիր երեւում: Մինչդեռ յանձինս քեզ (ի հեճուկս Վարուժան Խտըշեանին) քո մէջ գտայ խորապէս մարդկային մի հարազատի: Ինձ այնպէս թուաց, թէ հնուց, է՜ն գլխից ճանաչում եմ քեզ: Հետաքրքրական ու գեղեցիկ է մեր ծանօթացման պատմութեան շարունակութիւնը եւս, որից շատ բան կարելի է յանձնել թղթին: Այդ ժամանակի մեր սերունդի մտաւորականներից, արուեստագէտներից ու գրողներից շատեր «սիրահարուել» էին դերասանուհի եւ գեղեցկուհի Անահիտին, իսկ ոմանք նոյնի'սկ փորձում էին քեզ սիրահետել: Եթէ չլինէին Մուսալեռցու իմ բարոյական ըմբռնումները, այսինքն դու չլինէիր իմ լաւ ընկերոջ՝ Ալիքի կինը, վստահ եղիր որ ես էլ կ'անէի նոյնը: Չեմ առել… : Գուցէ սա է պատճառը որ «միւսները» դուրս են եկել քո կեանքից, իսկ մենք մնացել ենք մտերիմներ մինչեւ հիմա: Դու շատ լաւ զգում էիր թէ երկրպագուների բանակ կայ քո ետեւում, թէեւ ամէն ինչ ընդունում էիր պարզ ու բնական, առանց մեծամտելու եւ կամ շփանալու… : Ընդհակառակը իւրաքանչիւր դերասանական նոր առաջարկ, նոր մարտահրաւէր էր քեզ համար եւ անմիջապէս նուիրւում էիր ստեղծագործական տենդագին աշխատանքի:
Այո', դու գիտէիր այս բոլորը եւ գուցէ նաեւ՝ աւելին: Սակայն արդեօք տեղեա՞կ էիր թէ երէց սերունդի ներկայացուցիչներից եւս ոմանք կախարդուած էին քո գեղեցկութեամբ ու հմայուած քո դերասանական խաղով: Մէջբերեմ երկու օրինակ միայն:
Առաջինը՝ Ռաֆայէլ Իշխանեանն էր: Հմուտ լեզուաբան, գրականագէտ ու պատմաբան, իմ շատ սիրելի քանի մը յարգարժան դասախօսներից մէկը: Երեւանի պետհամալսարանի հին շէնքի բանասիրական բաժնի միջանցքում էր հանդիպումը: Նա ինձ հրաւիրեց իր տունը՝ ընթրիքի, ուր ներկայ պիտի լինէր նաեւ փեսան՝ Վազգէն Մանուկեանը: Թէեւ մեր հանդիպումը գործնական էր եւ կարեւոր, ես խնդրեցի յետաձգել այն, պատճառաբանելով թէ «դրամատիկականում» կարեւոր ներկայացում կայ: Իշխանեանը գլխի ինկաւ եւ անմիջապէս հարցրեց.
– Անահի՞տն է խաղում:
– Այո':
– Նրա համար արժի յետաձգել… :
Ես զարմացած էի, նայում էի նրա դէմքին, աչքերը շողում էին ու տրամադրութիւնը՝ բարձր: Նա շարունակեց.
– Այո' երիտասարդ, իրաւունք ունես: Ես էլ եմ փորձում ներկայ լինել նրա ներկայացումներին: Նա բացառիկ դերասանուհի է ու հմայիչ կին:
Երկրորդը՝ Փօլ Կիրակոսեանն էր:
Օգոստոսեան շոգ օր էր: Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրերին, Պէյրութում թաղային մարտեր էին մղւում եւ հայերից շատեր ապաստանած էին ծննդավայրս՝ Այնճար, իբրեւ համեմատաբար նուազ վտանգաւոր վայր: Հաւաքուել էինք իմ հօրենական տան բակը: Ներկայ էին, Զաւէն Խտըշեանը, Յարութիւն Թորոսեանը, Վահէ Աշգարեանը, Փօլ Կիրակոսեանը եւ ուրիշներ: Բոլորի դէմքին կար ապագայի անորոշութեան տագնապը: Զրոյցը գնում էր պատերազմի թեմաներով, որից Փօլ Կիրակոսեանը չէր ախորժում: Երբ նա իմացաւ որ մի քանի շաբաթից Հայաստան պիտի վերադառնամ, հարցրեց.
– Հոն գեղեցիկ կին մը կայ կը ճանչնա՞ս:
Առանց հարցնելու թէ ո՞վ է, պատասխանեցի.
– Այո', կը ճանչնամ:
– Է՜, անունը ի՞նչ է:
– Անահիտ:
– Հա, Անահիտ, դուն ըրեն ըսէ որ Փօլը քըզի շատ կը սըրէ (կը սիրէ ըսել կ'ուզէր):
– Եթէ տեսնեմ կ'ըսեմ, սակայն յետո՞յ:
– Դուն ըրեն ըսէ որ Փօլը քըզի շատ, շատ կը սըրէ, ըրեն հոս բեր, ես ըրեն Հոլիվուտ պըտի տանիմ, Օմար Շէրիֆին քով: Ինք մենծ արթիստ է, գեղեցիկ ու «էլէգանդ»: Ես ըրեն շատ սըրեցի: Դուն հոս բեր ես անոր պըտը գծեմ, հասկցա՞ր…:
Փօլ Կիրակոսեանը այդպէս կը խօսէր իր մօրմէն սորված Երկրի բարբառով: Ան շուրջ տասնեակ մը լեզուներ գիտէր, որոնց մէջ սակայն ամէնէն թոյլը հայերէնն էր: Նաեւ ունէր երեխայի մաքրութիւն ու անմիջականութիւն: Զաւէնը հետաքրքրուեցաւ այդ գեղեցկուհիով, նա զարմացած էր թէ ո՞վ կարող էր լինել այդ կինը, որ Փօլ Կիրակոսեանին տպաւորած ըլլար այդքան խոր եւ զօրաւոր: Ապա Յարութիւն Թորոսեանը եւս վկայեց որ իսկապէս կայ մի կին Հայաստանում, որ ունի բացառիկ գեղեցկութիւն:
Այո', Անօ ջան՝
Այն ատեն դեռեւս անձնապէս չէի ճանաչում քեզ, բայց գիտէի որ դու ունէիր (եւ այսօր ալ ունես) բազմաթիւ երկրպագուներ, որոնցմէ շատ-շատեր կ'երազէին լինել քո կողակիցը: Սակայն դու ի սկզբանէ ճի'շդ կողմնորոշուեցար ու ընտրեցիր, մի ազնուասիրտ ու բազմատաղանդ մարդու, որ կարողացաւ «սանձել» քո նման կաշկանդումներ չհանդուրժող «էգ»ին, միայն ու միայն իր ազնուութեանբ, իր բարութեամբ, համբերատարութեամբ եւ մասամբ նորին: Մենք՝ Ալիքի ընկերները կարողացանք «ներել» նրան, որովհետև նա քեզ «չխլեց» մեզանից եւ չկտրեց շրջապատից. դու մնացիր նոյն ընկերասէր ու ազատախոհ կինը, որ իր ընկերական փոխյարաբերութիւնների «սահմանները» ճշդում էր, առանց երբեք խաթարելու Ալիքի վարկն ու տղամարդու արժանապատուութիւնը:
Պատկերացուր եթէ հանդիպէիր «ինձ նման խանդոտ մի գաւառացի»ի,(ինչպէս Վարուժանն էր համարում ինձ) ինչի՞ կը վերածուէր քո ամուսնական կեանքը, եւ կամ ինչ վախճան կ'ունենար քո թատերական ասպարէզը: Ալիքը խոստացաւ եւ ոչ միայն չխանգարեց քո ստեղծագործական կեանքը, այլ թիկունք եղաւ քեզի ողջ քո բեմական կեանքի ընթացքում: Այո, ինչպէս պարբերաբար պատմում էիր, «Նա սպաննեց բանաստեղծուհին քո մէջ, սակայն փրկեց դերասանուհին»: Յետագային ես հասկացայ որ դա փոխադարձ է, մենք Ալիքի ընկերները բախտաւոր էինք համարում նրան, սակայն պարզուեց որ դու եւս բախտաւոր ես նրանով… :
(Այնուամենայնիւ յանկարծ չիմանաս թէ քեզանից բացի այլ տաղանդաւոր գեղեցկուհիներ չկային Երեւանում, որոնցմով հնարաւոր էր հմայուել: Կային եւ մէկից շատ աւելի: Իմ բախտը բերել էր, որ մի ամբողջ տասնամեակ (1971-1981) ապրել եմ հայրենիքում՝ մտաւորականների, գրողների, արուեստագէտների, ինչպէս նաեւ թատերական գործիչների միջավայրում: Մի քանի դերասանուհիների հետ մտերմացել էի եւ ընկերութիւն էի անում: Եթէ չլինէին «քաղաքական լուրջ պատճառներ» հաւանաբար ամուսնանայի նրանցից մէկն ու մէկին հետ: Նրանք իրենց հերթին ունէին իրենց երկրպագուներն ու համակրողների շրջանակը: Սակայն դու աչքի էիր ընկնում քո ինքնավստահ ու անկաշկանդ թէ' ապրելակերպով եւ թէ՛ բեմական հմայքով… : Նրանց հմայքը պայմանաւորուած էր աւելի արեւելեան (գուցէ դու նախընտրում ես ասել կովկասեան) վայրի եւ ընդոծին անմիջականութեամբ ու ջերմութեամբ, իսկ քո պարագային դրա վրայ աւելանում էր նաեւ արեւմտեան համարձակութիւնն ու վայելչութիւնը):
Գիտես ի՞նչ: Սիրելի Անօ, անկեղծ ըլլալու համար ասեմ որ այս վերջին հաստատումս գրելէ ետք մտածեցի ջնջել, նրա համար որ նախ ամբողջական չէ եւ ապա վիճելի կարող է լինել: Սակայն քանի որ դա իմ անձնական կարծիքս է եւ պայման չէ որ բոլորը հաւանեն կամ ընդունեն, որոշեցի թողնել այն, բայց փակագծերի մէջ առնել… :
Իմ աղուոր աղջիկ եւ հաւատարիմ ընկերուհիս:
«Աղուոր» բառը Մուսալերան բարբառի մէջ նշանակում է թէ՛ գեղեցիկ, թէ՛ ուշիմ եւ թէ՛ կիրթ միաժամանակ: Ես չափազանց քիչ օգտագործում եմ «աղուոր» բառը. Որովհետեւ «աղուորները» այնքան ալ շատ չեն… դժբախտաբար: Իսկ «հաւատարիմ»ը շեշտում եմ, որովհետեւ իմ ընկերուհիներից չափազանց քիչերն են մնացել հաւատարիմ ինձ, ու իմ թելադրանքի հիման վրայ իրենց երկար վարսերը չեն կտրել: Գուցէ կեանքի պարտադրանքն է դա: Քո եւ Ալիքի հետ ոչ միայն կապը չի կտրուել, այլեւ շարունակւում է կողակիցիս՝ Էլոյի ընկերակցութեամբ ընտանեկան ջերմ ու հարազատ մակարդակներու վրայ: Առ այդ սակայն անգամ մը եւս դիմենք Մուսալեռցիներին: Նրանք նորապսակներին մաղթում են մի բարձի վրայ ծերանալ, իսկ ես քո ծննդեան եօթանասունհինգամեակի առիթով քո եւ Ալիքին մաղթում եմ մի բարձի վրայ շարունակէք այսպէս երիտասարդ մնալ… ու ստեղծագործել: