Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (118) Նոյեմբեր 2021

Գրական-Մշակութային

ԱՐԱՐԱՏԻ ՈՒԽՏԱՒՈՐԸ

Սամուէլ Խալաթեան, Երեւան, 19 Հոկտեմբեր 2021

Ապուպապերով Սալմաստ-Խոյից է, տաղանդով՝ Տիեզերքից:

kragan
1953 թուականի փետրուարի 22-ին, Մասիսի գագաթին հանգրուանող հրեշտակների թեւից մի աղաւնափետուր պոկուեց և օրորուելո՜վ, օրորուելո՜վ իջաւ ու մեղմիւ նստեց Արարատի ստորոտին ծաղկող Վերին Արտաշատ գիւղի ամենահին՝ 1798 թուականին կառուցուած շեէքի տանիքին: Նոյն այդ պահին՝ երեխայի ճիչը նորածնի աշխարհ գալն ազդարարեց…
Դարաւոր այդ օջախում, երբեւէ, եթէ ճչացել են, ապա միայն այդպէս՝ երկունքից:
Գիւղի կեանքում դա սովորական-անսովորի ծնունդ էր: Սովորական, որովհետև հեռաւոր 1828 թուին, երբ Թուրքմենչայի պայմանագրից յետոյ Սալմաստ գաւառի Փայաջուկ գիւղից 30 ընտանիք, ներգաղթելով, Մասիսի դէմդիմաց՝ Դուինի փլատակների մերձակայքում, հիմնեց այս գիւղը, իր պատմութեան ընթացքում, այդ 30 ընտանիքից ընձիւղուել են բազմաթիւ յայտնի մարդիկ՝ շուրջ 30 գիտութիւնների թեկնածու, 6 դոկտոր-պրոֆեսոր, 3 գեներալ, 100 գիւղատնտես և նոյնքան ճարտարագէտ ու բժիշկ, 400-ից աւելի ուսուցիչ… Նաև անսովոր էր այդ ծնունդը, որովհետև, Աստծոյ կամօք, ժառանգական տաղանդների բնօրրան Փայաջուկը, որտեղ ծնուել է նաև հայ մեծ վիպասան Րաֆֆին, ահա այստեղ՝ Արարատի ստորոտին, իր բեկորներից լոյս աշխարհ էր բերում իր առաջին Գեղագէտին՝ որի աւետաբեր փետուրը վրձին էր դառնալու նրա ձեռքում և կերտելու էր երկրային դրախտի՝ Հայքի անկրկնելի պատկերներ:
Նորածնին կոչեցին նշանաւոր նախապապի անունով ՝ Շմաւոն: Նախապապին համագիւղացիներն այսօր էլ երախտագիտութեամբ են յիշում: Արարատամերձ նորաստեղծ շէնում քահանայ չկար: Իսկ դա նշանակում էր, որ մկրտութիւն չկայ, պսակ չկայ, դպրոց չկայ, ազգային արժէքները պահպանելու, ամրապնդելու մթնոլորտ չկայ: Բա էլ ինչո՞ւ թօթափեցին օտարի ծանր լուծը, որ գան ու Աստուածագահ լեռան ստորոտին մոռանա՞ն իրենց ինքնութիւնը: Եւ արդէն կարգուած Տէր Շմաւոնը ստանձնում է քահանայութիւնը՝ գիւղում հիմնարկելով ոչ միայն Սրբոց վարքի ուսմունքը, այլև անուանադիր դառնալով իր փառաւոր գերդաստանին, որի շառաւիղներից ոմանք, ձեռնադրուելով, շարունակեցին մեծ պապի գործը, ոմանք նախընտրեցին բժիշկ դառնալ կամ մանկավարժ, իսկ թոռներից մէկը՝ պետական խորհրդական, գեներալ Արամ Տէր-Շմաւոնեանը, ցարական բանակի 20-րդ հետևակային դիվիզիայի գլխաւոր բժիշկն էր: Գեներալի աղջիկը Սարդարապատի հերոսամարտի նշանաւոր հրամանատար Դանիէլ Բեկ-Փիրումեանի հարսն էր:
Տասնամեակներ շարունակ Տէր-Շմաւոնեան տոհմը, ինչպէս որ ցարական և թուրք-բոլշևիկեան մեծապետական խաղերում տառապող երկիրը, անլուր մաքառումներ ունեցաւ, բայց չկորցրեց լուսեղէն յոյսը, բարութիւնն ու մարդասիրութիւնը, հաւատը՝ վաղուայ օրուայ նկատմամբ: Եւ տարիներ անց, գիւղի հիմնադրումից ճիշտ 170 տարի յետոյ, ԱՄՆ-ի «Պրովիդենս» առողջապահական կենտրոնում, երբ Տէր Շմաւոնի ծոռը՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Շմաւոն Շմաւոնեանը, իր կտաւները նուիրաբերեց հիւանդանոցին, իսկ ցուցահանդէս-աճուրդից գոյացած գումարը՝ քաղցկեղով հիւանդներին, նկարչին բնութագրեցին՝ «Նրա նկարներից լոյս, բարութիւն, մարդասիրութիւն և ապագայի նկատմամբ հաւատ է ճառագում, որոնք պէտք է լինեն թէ՛ բժիշկների, թէ՛ քաղաքական գործիչների և թէ իւրաքանչիւր դաստիարակուած մարդու գործունէութեան հիմքում»:
Ի՞նչ իմանային Վերին Արտաշատից հազարաւոր մղոններ հեռու ապրող ամերիկացիները, որ իրենք ակամայ թուարկում են նկարչի տոհմի հաւատոյ հանգանակի հիւլէները, որոնցով ցօղուած էր նաև աւետաբեր այն աղաւնափետուրը, որը վրձին դարձաւ Վարպետի ձեռքում:
Այդ լուսեղէնութիւնից ցանկացան ունենալ նաև Լոս-Անջելեսի Գլենդել քաղաքի քաղաքապետարանում՝ մշտական ցուցադրութեան վերցնելով նրա կտաւներից մէկը, իսկ Կալիֆորնիա նահանգի սենատն օրէնք ընդունեց, որ Շմաւոն Շմաւոնեանի նկարն իր պատուաւոր տեղն ունենայ սենատում: Շուտով, Կանադայի Մոնրէալ քաղաքում գործող ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերով զբաղուող խորհրդում խորհրդատուական կարգավիճակ ունեցող ինֆորմատացման միջազգային ակադեմիան Շմաւոնեանին շնորհեց ակադեմիկոսի պատուաւոր կոչում:
Շմաւոն-արտիստի բազմարար ներկայացման մէջ գլխաւոր հերոսն Արարատն է՝ վեհանիստ Հայկազնը, որի փէշերին Արարատեան դաշտի անդաստաններն են՝ տարուայ եղանակների բերած յարանորոգ գունեղութեամբ: Դրանք առանձին վերնագրեր չունեն: Եվ մի՞թե Արարատին վերնագիր է պետք:
Ահա՝ ձիւնաճերմակ Վեհը, որպէս երկինք-երկրի կամուրջ, հիմքերի վրայ՝ այգեստանների նախշազարդեր: Սաղարթների շնկշնկոցը նրա յաւերժութեան վարկեաններն են հաշուում և, թուում է, շրթերիդ վրայ փշատենու ծաղկափոշի նստեց:
Ահա՝ հայոց լեռների թագակիր Նահապետը, ծնկներին բացած իր լեռնոտ տարեգրութեան էջը, որի դարաւանդների վրայ ջնջուում են բազմանուն հրոսակների հետքերը՝ մաճկալի հերկի աղեղներով:
Ահա՝ երկրից երկինք ձգուող սանդղոտն լեռնաստանի վերին աստիճանը, ամպոտ և հպարտ իր արարչամերձութեամբ:
Ահա՝ երկնից արքայ Արամազդի կերպարանքուած ոգին, որ իր լայնատարած գրկում փայփայում է Անահտական արգասաբեր պտղաբերութիւնը՝ օծուած Աստղիկի գեղեցկութեամբ, Տիրի իմաստնութեամբ վեր յառնած տաճարները, Նանէի ողջախոհութեամբ օրհնուած շէները, իսկ վերին խորխորատի սրտում բոցկլտում է նրանց պաշտպան Վիշապաքաղի ասպազէնը:
Լայնաշերտ վրձնահետքերով արտայայտուած գունեղէն ամբողջութիւնը, որի առանձին հատուածներ նոյնագոյնի նուրբ երանգաւորմամբ մեղմալիք մեղեդայնութիւն են ստեղծում, ներկայանում է որպէս մի օրհներգ՝ ձօնուած անձեռակերտ այն հրաշալիքին, որին Սրբոց դասում են տեսել հարիւրաւոր սերունդներ:
Շմաւոնեանի կտաւներում Մասիսների կերպարը, մթագնած, թէ՝ պայծառ, խրոխտ, թէ՝ հովուերգական, համահունչ է նրա լանջերին և ստորոտին տարածուող աշխարհի ներքին խռովքի կամ ծաղկուն հանդարտութեան հետ: Փորձէք այդ կտաւների վրայ, մտովի, հորիզոնական սահմանագծով չտեսնել Մասիսները: Անդաստանը, որքան էլ որ գունեղ, որբանում, դառնում է անհասցէ և անտիրական: Եւ փորձէք անտեսել անդաստանը, միայն Մասիսներին նայել՝ անյոյզ մի լեռ կը յառնի ձեր դէմ: Սա նկարչի խոհն ու համոզմունքն է, որ կայ նաև իւրաքանչիւր հայի սրտում: Սա սոսկ զգացում չէ, այլ՝ աշխարհի մեծ ու փոքրին յղուած ուղերձ: Այդ ուղերձը Շմաւոն Շմաւոնեանը յղել է Աբու Դաբիում, Մոսկվայում, ՍանկտՊետերբուրգում, Ստամբուլում, Ֆրանսիայում, Բեյրութում, Անգլիայում, Քուվեյթում և ԱՄՆ-ում՝ վեցակի բացուած իր ցուցահանդէսներով: Նա դրանով ներկայանում է ամէն օր ու ժամ՝ բազմաթիւ թանգարաններում ու անձնական հաւաքածուներում եղած իր կտաւներով:
Եւ, եթէ ճիշտ բնորոշում է, երբ հոգեպարար մի երաժշտութեան մասին ասում ենք՝ գունեղ, ապա երիցս ճշմարիտ է, եթէ Շմաւոն Շմաւոնեանի Արարատին ձօնուած տասնեակ ու տասնեակ կտաւները բնութագրենք սաղմոսերգ բառով:
***
Շմաւոն Շմաւոնեանը Վերին Արտաշատում և Երևանում տուն և արուեստանոց ունի: Երկուսից էլ երևում է Արարատը:
Պապենական գիւղից նայելիս նրա աչքերում ապուպապերի հայեացքն է, Երևանից նայելիս՝ իր զաւակների ու թոռների:
Ինքը՝ սրբավայրից չհեռացող ուխտաւորն է: