Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (110) Փետրուար 2021

Գրական-Մշակութային

Մեծամտութեան ու կիսագրագիտութեան գինը․ Շուշիի մշակութային արժէքների կորուստը

Մարիամ Մուղդուսեան, Թորոնթօ

kragan
Դպրոցական տարիներին թելադրութեանս ձեռնարկում (ուղղագրութեան դասագիրք) մի հատուած կար, որը պատմում էր, թէ ինչպէս են հնում մեր ձեռագրերը «փրկուել» զաւթիչներից: Մանկական երեւակայութեանս մէջ ծաղկողներն ինչ-որ առասպելական կիսաստուածներ էին, որ տառերին թռչել են սովորեցնում, տառերն էլ ինչ-որ ոսկեգոյն թռչուններ էին, որոնց ցանկացել են մեր թշնամիները ոչնչացնել, ու անձնազոհ մեր նախնիները փրկել են դրանք կրակից, հրից, սրից, ջրից, ու ժառանգել մեզ։ Պատկերացնում էի՝ ինչպէս են այրուող եկեղեցուց դուրս բերում ձեռագրերը, ոսկեգոյն տառ-թռչունները, մարդ-գրերը, ինչպէս են դրանց համար մեռնում, որովհետեւ մարմինն անցողիկ է, մշակոյթը՝ մնայուն․․․․
Մեզ հաւատացնում էին մանկուց, որ Հայաստանն ունի հնամենի մշակոյթ, որ մենք հազարամեայ մշակոյթ ունենք, որ մենք բացառիկ ենք մեր մշակոյթով․․․
* * *
Արցախեան պատերազմն աւարտուեց, ու պարզուեց՝ Շուշիի պետական թանգարանից արուեստի որեւէ գործ չի փոխադրուել։ Հայկական մշակութային հսկայական ժառանգութիւն մնացել է բորենիների ձեռում՝ նուէր՝ սկուտեղի վրայ։
Եթէ այսօրուայ ՀՀ ԿԳՄՍ (Կրթութեան եւ այլն, եւայլն-խմբ.) նախարարութեան ղեկավար կազմն ապրէր 1000 ու աւելի տարիներ առաջ, Թորոս Ռոսնլինի, Պիծակի, Մոմիկի ու այլ ծաղկողների որեւէ ձեռագիր մեզ չէին հասնի, քանի որ այսօր իշխանութիւնների գլուխ կանգնած մարդիկ այս պատերազմի քննութիւնը չանցան ու ցոյց տուեցին նաեւ, որ չեն սիրում, պարզապէս չեն սիրում հայկական մշակոյթը եւ/կամ գուցէ չեն համարում, որ Շուշիում որեւէ արժեքաւոր նմուշ է եղել։ Եթէ հակառակը համարէին, ապա Շուշիի թանգարանի նմուշները ոչ թէ ռմբապաստարան կը տանէին, այլ կը փրկէին։ Այս իշխանութիւնների համապատասխան պաշտօնեաները բաւականաչափ գրագէտ չեն, նոյնիսկ այնքան կարդացած չեն, որ հասկանան՝ պատերազմող երկրներում ինչ պէտք է անել նման դէպքերում։ Ողջ նախարարութիւնում որեւէ մէկը չգտնուեց պետականամէտ, մշակութասէր, հայասէր, սրտցաւ այնպիսի պաշտօնեայ, որ ասէր՝ ես իմ մարմնով կը փրկեմ նմուշները, ինչպէս դարեր առաջ արել են նուիրուած հայրերը մեր՝ ես գնում եմ բերելու դրանք, ես պէտք է փրկեմ այդ նմուշները․․․
Պատերազմի աւարտին որպէս արդարացում իշխանամէտ շրջանակները շրջանառում էին լուրեր, թէ այնտեղ լուրջ գործերր չեն թողել, մինչդեռ հիմա պարզւում է՝ հրաշալի գործեր են մնացել։ Շուշիի պետական թանգարանում մնացած կորուստն ահռելի է, 800-ից աւելի կտաւներ, գրաֆիկական գործեր, Մինաս Աւետիսեանի, Ժանսեմի, Յակոբ Յակոբեանի եւ այլ գեղանկարիչների աշխատանքներ, այլ արժեքաւոր նմուշներ՝ կարեւոր մշակութային նշանակութեան, այդ թւում՝ հնագիտական պեղածոներ եւ այլն։
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինէ Թուխիկեանն ասում է՝ ինչ-ինչ խնդիրներ են եղել, եւ նմուշները չեն տարհանուել՝ չմասնաւորեցնելով, թէ որոշակիօրէն ինչ խնդիրներ։ Նաեւ ասել է, որ Արցախի տեղական իշխանութիւններն են մեղաւոր։ Նրանք էլ իրենց հերթին թանգարանի տնօրէնին են մեղադրում, նա էլ՝ Արցախի Մշակութային նախարարին, վերջինս էլ ասում է՝ Շուշիի յանձնումն անհաւանական էր, եւ սրա մէջ կայ տրամաբանութիւն, յատկապէս, որ ողջ հանրութեանը վերին իշխանութիւնը պահել է կեղծիքի մէջ պատերազմի ողջ ընթացքում։ Եթէ Արցախում կարող էին իրավիճակը ճիշտ չգնահատել, ապա Երեւանում իշխանութիւնն իմացել է իրական պատկերը, հետեւաբար ՀՀ ԿԳՄՍ Նախարարութիւնը պարտաւոր էր քայլեր ձեռնարկել։
Յատկանշական է, որ Հոկտեմբերի 25-ին թանգարանից դուրս են բերուել ՀՀ Ազգային պատկերասրահին պատկանող երեք քանդակ, սակայն մնացածը թողել են ռմբապաստարաններում։ Հիմա հարց ՀՀ ԿԳՄՍՆ-ին․ ինչո՞ւ են դուրս բերուել ՀԱՊ-ի ցուցանմուշները, Արցախինը՝ ոչ։
Սա միտումնաւո՞ր է արուել, թէ՞ յանցաւոր անգիտութեանն, տգիտութեանն, ոչ արհեստավարժութեան հետեւանք է։
Յատկանշանական է նաեւ, որ ոչ մէկը իրեն մեղաւոր չի զգում այս մշակութային կորստի համար։ Արդէն նախկին նախարար Արայիկ Յարութիւնեանը, փոխնախարարներ Նարինէ Թուխիկեանը, Արա Խզմալեանը եւ այլոք, բոլորը պէտք է գիշերէին Շուշիի ռմբապաստարաններում, պէտք է իրենց մարմնով պահպանէին ու դուրս բերէին արուեստի գործերը, մենք այդ ակնկալիքով էինք նաեւ արել յեղափոխութիւնը, որ անձնուրաց մարդիկ գային, որովհետեւ եթէ այդպէս անտարբեր պէտք է լինէին մեր մշակութային ժառանգութան նկատմամբ, թող Արմէն Երիցեանը մնար, թող Արմէն Աշոտեանը մնար, թող Յասմիկ Պօղոսեանը մնար, ի՞նչ տարբերութիւն նրանց ու այս նոր եկածների միջեւ, ինչու՞ էինք մենք մեր մարմինները զոհում «այս արժէքներով» մարդկանց իշխանութեան բերելու համար։ Թէ՞ այս մարդկանց սկսել է թուալ, որ կարող են յիշեցնել նախկին իշխանութիւնների յանցագործութիւնները, եւ կը ներուեն իրենց յանցանքները։
Այդ ո՞ր բարոյական իրաւունքով են այս պահին մարդիկ, ում յանցաւոր անգործութեան պատճառով թանգարանի նմուշները չեն տարհանուել, մինչեւ հիմա պաշտօնավարում, հանդիպումներ ունենում, ինչ-որ հարցազրոյցներ տալիս, ցուցահանդէսների, համերգների գնում, աշխատավարձ ստանում։
Հայաստանի աղէտը դա է․ թէ՛ նախկին, թէ՛ ներկայ իշխանութիւնների ժամանակ որեւէ մէկը չի կրում պատասխանատուութիւն արած կամ չարած քայլերի համար․ ինչ ուզում ես արա՛, ունե՞ս հովանաւորչութիւն, եւ դու անպատժելի ես։
Ընդհանրապէս, այս սոսկալի փորձառութիւնից յետոյ թերեւս, անգրագիտութիւնն ու մեծամտութիւնը պաշտօնեաների շրջանում պէտք է քրէօրէն պատժելի լինեն։
 
Ժամանակին բաց նամակ էի գրել՝ ուղղուած վարչապետին՝ պատմելով ՀՀ ԿԳՄՍ Նախարարութիւնում տեղի ունեցած անարդարութեան մասին։ Այն ժամանակ վստահում էի Ն.Փ.-ին։ Համավարակի պայմանները չթողեցին, որ հրապարակեմ նամակը, իսկ հիմա չեմ վստահում Ն.Փ.-ին եւ իր կառավարութեանը, բայց ուզում եմ պատմել այդ նամակի բովանդակութան մասին։
Երբ յեղափոխութեան օրերին մենք մեր մարմիններով փողոցներն էինք փակում, բոլորս մեծ ակնկալիքներ ունէինք։ Մեր փողոցային պայքարի ընկերներից ոմանք, որ աւելի «բարձր» քայլեցին, դարձան պաշտօնեաներ, մեր սոցիալական դիրքից էին, իրականութիւնից չկտրուած, եւ մենք վստահում էինք։ Այնինչ ականատեսն եղանք մարդու՝ տարազի (կոստիւմ) սերտաճելուն, եւ հասկացայ, որ նախկին իշխանութիւններից շատերն էլ հենց այսպիսին են եղել՝ երազկոտ հայեացքներով, երբեմն խեղճ, իսկ ներսում՝ կարիերիստ, իշխանութեան ու պաշտօնի տենչող։ Դա ունենալուց յետոյ՝ անհաւանական մեծամիտ ու իրականութիւնից կտրուած։ Թէ՛ նախկինները, թէ՛ նորերը երբեք չհասկացան Իկարիսի պատմութիւնը, հասան արեւին ու այրուելով վայր ընկան, միւսներն էլ անպայման ընկնելու են։
2014 թ․ Երեւանում հիմնել եմ արուեստի կենտրոն, որտեղ արուեստի անվճար կրթութիւն են ստացել արդէն շուրջ 300 երեխայ։ Միաժամանակ, կենտրոնում գործում է Նայիրեան վոկալ համոյթը, որի հիմնական առաքելութիւնը հայ ազգային դասական երաժշտութեան հանրահռչակումն է ու կանանց զօրացումը՝ դասական երաժշտութան միջոցով։ Համոյթը նաեւ տարածաշրջանում միակն է, իսկ աշխարհում եզակի խմբերից մէկը, որ երգում է բազմաձայն, ակապելլա ստեղծագործութիւններ՝ զուգահեռաբար թարգմանելով դրանք շարժումների (ժեստ) լեզուով։ Կենտրոնն ու համոյթը չունեն նիւթական օժանդակութիւն, մեր համաքաղաքացիների նուիրատւութիւնների ու մեր աշխատանքի շնորհիւ է այն դեռ դիմակայում, թէեւ իրապէս կեանքեր փոխող նախագծեր է իրականացրել։ Հետեւաբար, մեր հարկերից գոյացող պետական դրամաշնորհային մրցոյթները յոյժ կարեւոր նշանակութեան են եղել։
Ողջ գործունէութեան ընթացքում համոյթն ու կենտրոնն առաջին անգամ դրամաշնորհ են ստացել 2019 թ՝ ժեստերի լեզուով երգելու նախագիծը շարունակելու համար։ Ապշած էինք, անհաւանական բան էր տեղի ունեցել։ Ազատօրէն քննադատելով նախկին իշխանութիւններին՝ իմ կենտրոնը երբեք չի ստացել դրամաշնորհներ, եւ մենք իսկապէս ապշած էինք, նոր իշխանութիւնները դրամաշնորհ են յատկացրել մեր մշակութային նախագծին։
2020-ին դիմեցինք նախագծի օժանդակութեան շարունակութեան համար, գնացինք նաեւ հարցազրոյցի փուլին։ Չեմ ուզում պատմել խայտառակ ոչ-արհեստավարժ 1,5 ժամ ոտքի վրայ սպասեցնելու մասին, մեծամիտ, վերեւից խօսելու փորձառութեան մասին, չեմ ուզում պատմել, թէ որքան կասկածելի պայմաններում են որոշում ՀՀ քաղաքացիների հարկերից գոյացած մշակութային նախագծերին տրուող դրամաշնորհների չափերը, կ'ասեմ միայն, այդ հարցազրոյցից յետոյ մեր նախագծի նիւթական օժանդակութիւնը կրճատել էին ․․․ 95 %-ով։ Նախարարութիւնում համարում էին, որ 9 հոգանոց թիմը կարող էր աշխատել 8 ամիս եւ ստանալ ամսական․․․ 3000 դրամ։
Իրականում մենք որեւէ մտերիմ ընկեր չունենք այնտեղ, «դու»ի յարաբերութիւններ չունենք նախարարի ու փոխնախարարների հետ, չենք ուզել երբեք եւ չենք էլ ուզում։ Յեղափոխութիւնից մէկ տարի էր անցել, եւ այնտեղ արդէն աւելի ինքնավստահ էին։
2020 թուականին մենք դիմեցինք եւս 8 ծրագրի օժանդակութեան համար, բոլորն էլ մերժուեցին, իմ խորին համոզմամբ՝ ամհիմն։ Մեր երկրում, որտեղ նիւթական աղբիւրներն այնքան սուղ են, համավարակի պայմաններում ինքնազբաղ մշակութային կենտրոնների համար մահուան դատավճիռ էր, ու մենք վերստին համոզուեցինք՝ մեր երկրին մեզ նման մարդիկ, նախաձեռնութիւններ պէտք չեն։
Չփարատուող կասկածներ ունեմ եւ դրանք ողջ տարուայ ընթացքում յայտնել եմ, որ դրամաշնորհ տրամադրելու կարգի մէջ կան ապականութեան վտանգներ։ Քանի որ դեռ երկու կոպեկից զրկուելու հաւանականութիւն կար, մարդիկ՝ շատ մշակութային գործիչներ, չէին /չեն/ բարձրաձայնում․ խօսեն՝ դրանից էլ կը զրկուեն։
Հայաստանում առողջ դատողութիւն ու քննադատական միտքը մեռցրել են յեղափոխութիւնից յետոյ՝ ասելով «բա լա՞ւ էր՝ Սերժի օրոք․․․», «ինչքա՞ն փող են տուել, որ էդպէս ասես» եւ այլն։ Այս տեսակ «լռեցումները» ձեռնտու են եղել նախկին իշխանութիւններին, կարեւորը իրենց չքննադատեն։
Մինդեռ եթէ ժամանակին նրանք, ովքեր տուժել են այս նախարարութան ոչ արհեստավարժութիւնից, արժանի տեղը ցոյց տային իրենց տեղում չգտնուող պաշտօնեաներին, գուցէ այսօր Շուշիի ժառանգութիւնը կորցնելուց յետոյ, այս մեծամիտների բանակն աւելի խոնարհ լինէր, էլ չեմ ասում, որ գուցէ որոշ բաներ առհասարակ կարող էին փրկուել․․․
Իսկ հիմա՞։ Հիմա ողջ համակարգում մի վստահելի մարդ չի մնացել, եւ ընդամէնը ուսերդ ես թօթւում՝ ասելով՝ հե՛րն անիծած։
.......................................
Կենսագրութիւն.- Մարիամ Մուղդուսեան, ծնած է 1988 թ․ Տավուշի մարզի Բերդաւան գիւղը:
2002-2006 թթ. ուսանած է Փանոս Թերլեմեզեանի անուան գեղարուեստի պետական ուսումնարանէն ներս, այնուհետեւ աւարտած է Երեւանի Պետ. Համալարանի լրագրութեան բաժինը: 2016 թ․ շրջանաւարտ է Երեւանի գեղարուեստի պետական կաճառէն՝ ստանալով մագիստրոսի աստիճան (գեղանկարի բաժին)։
2014 թ․ Երեւանի մէջ հիմնած է «Մուղդուսեան արուեստի կենտրոն»ը։
2017 թ․ սկսած դասաւանդել է հայաստանեան տարբեր բուհերու մէջ։
Անդամ է Հայաստանի նկարիչներու միութեան։
Այժմ կը բնակի Թորոնթօ: