Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (84) Հոկտեմբեր 2018

Յօդուածներ

ՀԱՅԱԳԻՏՈՒԹԵԱՆ ՄԵԾ ԵՐԱԽՏԱՒՈՐԸ

Ֆրետերիք Ֆէյտիի ծննդեան 110-ամեակին առիթով (1908-1991)

antsoutarts1a«Հայերէնը ե՛ւ դասական է, ե՛ւ ժամանակակից՝ նոր բառերու ու կապակցութիւններու համար ունի իր արմատները»
 
 
 
 
Գրեց՝ Սեդա Անանեան
 
Մեծանուն լեզուաբան հայագէտ, Սորպոնի համալսարանի արեւելեան լեզուների եւ քաղաքակրթութիւնների ազգային ինստիտուտի նախկին անդամ, փրոֆ. Ֆրետերիք Ֆէյտիի անունը թանկ է յատկապէս մեզ՝ Հայերիս համար, քանզի իր ապրած 83 տարիներից աւելի քան 50 տարիներ նա ծառայել է հայագիտութեան։ Անթուան Մեյէ, Օկիւսթ Գարիեր, Ֆրետերիք Մաքլեր, Ժորժ Տիւմեզիլ… ֆրանսացի հայագէտների այս փառահեղ համաստեղութիւնը համալրուել ու հարստացել է Ֆրետերիք Ֆէյտիի անունով։ Ծնուել է Փարիզ, 1908-ին։ Միջնակարգ կրթութիւնը ստացել է Վերսայի վարժարանը (lycée Hoche), որտեղ սերմանւում է հին լեզուների եւ Արեւելքի հանդէպ ապագայ գիտնականի հետաքրքրութիւնը։ Իսկ Հայոց լեզուին նա ծանօթացել է 1924-ին, երբ ընդամէնը 16 տարեկան էր։ Այդ ժամանակ Ֆեսլիքենեան ազգանունով արեւմտահայ մի ընտանիք առժամեայ բնակւում էր Ֆէյտիների հարեւանութեամբ։ Երեք ամիս անց հայ ընտանիքը տեղափոխւում է այլ բնակավայր, տեղում թողնելով Յ. Գազանճեանի «Քերականութեան առաջին դասընթացքը» եւ Եղիա Տէմիրճիպաշեանի «Հայերէն-ֆրանսերէն» փոքր բառարանը։ Այդ բառգիրքի օգնութեամբ պատանի Ֆէյտին ինքնուրոյն գրել-կարդալ է սովորում, որը եւ դառնում է նրա հայերէնի առաջին դպրոցը։ Մի քանի տարի անց Սեւրի Սամուէլ-Մուրատեան վարժարանում Ֆէյտին ստանձնում է ֆրանսերէն լեզուն վարժեցնողի պաշտօնը, միաժամանակ ուսումը շարունակելով Փարիզի Արեւելեան լեզուների հիմնարկի մէջ, աշակերտելով հայագէտ Ֆրետերիք Մաքլերին, որ այդ տարիներին ղեկավարում էր կենտրոնի հայագիտական ամբիոնը։ Ուսմանը զուգահեռ Ֆէյտին միաժամանակ հետեւում է Անթուան Մեյէի դասախօսութիւններին՝ Փարիզի բարձրագոյն գիտութեանց (École Pratique des Hautes Études) դպրոցում։ Ուսումն աւարտելով Ֆէյտին հրաւիրւում է Վենետիկի Մուրատ-Ռափայէլեան վարժարանը իբրեւ ֆրանսերէնի ուսուցիչ, ուր մանկավարժական աշխատանքին համատեղ կատարելագործում է իր հայերէնի իմացութիւնը։
* * *
1935-ին 25-ամեայ Ֆէյտին Վենետիկում հրատարակում է հայագիտական իր առաջին աշխատութիւնը՝ «Grammaire de la langue arménienne moderne. Dialecte occidental» վերնագրով։ Սոյն ուսումնասիրութիւնը մեծ գնահատանքի արժանանալով Մխիթարեան միաբանութեան կողմից, 1937-ի Յունուարին երիտասարդ Ֆէյտին ընտրում են Սուրբ Ղազարի կաճառի անդամ, որով սկզբնաւորւում է նրանց յառաջիկայ բարեկամութիւնը։ 1937-ին Վենետիկում Ֆէյտին ամուսնանում է Ցեղասպանութիւնից ճողոպրած Հայուհի օրդ Հերմինի հետ, որ կարեւոր դեր է ունեցել նրա կեանքում, որպէսզի օտարազգի հայագէտը դառնար նաեւ Հայոց ցեղասպանութեան դատի պաշտպաններից մէկը եւ հայ ժողովրդի ողբերգութեամբ ապրող մտաւորական։ Գրառումներիս մէջ են նրա իմաստուն խօսքերից հետեւեալ տողերը.
- Անհուն ցաւ զգացած եմ այն միտքէն, թէ ֆիզիքական ու բարոյական ինչպիսի՜ զրկանքներու ենթարկուած է հայ ժողովուրդը դարերու ընթացքին։ Պարտքս համարած եմ թէ՛ օտարներու եւ թէ Սփիւռքահայերու մէջ բարձրացնել ու քարոզել անոր մշակոյթն ու լեզուն, որուն միանգամայն արժանի է։ Այո՛, այս սեւեռուն ու տանջող միտքը մարդասէր գիտնականին ուղեկցել է նրա ողջ գիտակցական կեանքի ընթացքում։
* * *
Փրոֆ. Ֆէյտին հայերէնով իր առաջին զեկոյցը կարդացել է 1937-ին՝ Փարիզում, նուիրուած Հեթում պատմիչին, որով եւ սկիզբ է առնում իր ու Արշակ Չօպանեանի մի- ջեւ տարիների ջերմ բարեկամութիւնն ու համագործակցութիւնը։ Հակառակ նիւթական դժուարութիւններին, 1941-ին Ֆէյտին աւարտում է նաեւ Սորպոնի համալսարանի իտալերէնի ճիւղը, ապա աշխատանքի է անցնում Փարիզի Ազգային գիտահետազօտական կեդրոնը (CNRS), մինչեւ 1949։ Նա 40 տարեկան էր երբ փոխարինում է իր անուանի ուսուցիչ Ֆրետերիք Մաքլերին, ընտրուելով Սորպոնի արեւելեան լեզուների հիմնարկի հայագիտութեան ամբիոնի ղեկավար, աշխատելով շուրջ 30 տարի։ Այնտեղ նա դասաւանդել է գրաբար, արդի հայերէն լեզու, հայ գրականութիւն եւ քաղաքակրթութիւն, միաժամանակ շարունակելով իր ուսումնասիրութիւնները՝ Հայոց լեզուի, պատմութեան, բարբառագիտութեան, հայերէնի համեմատական քերականութեան նիւթերի վերաբերեալ։ Ֆէյտին օտարազգի սակաւաթիւ այն գիտնականներից էր, որ կատարելապէս տիրապետում էր Հայոց լեզուին, որտեղ չէր ընդունում ո՛չ մի օտար բառ կամ դարձուածք՝ գտնելով որ հայերէնը դասական լինելով հանդերձ, նաեւ ժամանակակից է, որովհետեւ նոր բառերի ու բառակապակցութիւնների համար ունի իր արմատները։ Ասելով. «Ի տարբերութիւն միւս լեզուների հայերէնի նոր բառերը կը կազմուեն իմաստների համադրութեամբ» (Ֆ.Ֆ.)։
* * *
Մեր հակիրճ տողերի մէջ դժուար է անդրադառնալ Ֆէյտի հայագէտի մի քանի տասնեակի հասնող՝ ֆրանսերէն, հայերէն, իտալերէն լեզուներով գիտական աշխատութիւններին, որոնք առանձին նիւթ են անշուշտ։ Այստեղ կ՚արժէ յիշել նրա «Considérations sur l'alphabet de Saint Mesrop et recherches sur la phonétique de l'arménien» (Վիեննա 1982-ին, 216 էջ) ուսումնասիրութիւնը, որտեղ քննութեան է ենթարկում նախամաշտոցեան այբուբենին առընչուող խնդիրներ, Մեսրոպեան այբուբենի ստեղծման ժամանակաշրջանի ներքին եւ արտաքին քաղաքական իրադրութիւններն ու պայմանները, ինչպէս նաեւ բարբառների փոխառընչութիւնները։ Այս գործը արժէքաւոր ներդրում է ո՛չ միայն լեզուաբանութեան, այլեւ հայ ժողովրդի պատմութեան, քաղաքակրթութեան, ինչպէս նաեւ ժամանակի կարեւոր հարցերի լուսաբանման առումով։ Գիրքը գիտական կարեւոր արժէք ներկայացնելուց բացի, ունի նաեւ գործնական նշանակութիւն՝ հայագիտութեամբ զբաղուող օտարազգի գիտնականների, Հայոց լեզուն ուսումնասիրողների, ինչպէս նաեւ սկսնակ սովորողների համար։
* * *
Փրոֆ. Ֆէյտին զբաղուել է նաեւ հայկական հնագոյն աւանդութիւնների, ժողովրդական հաւատալիքների՝ վիշապների հմայութեան արուեստի ուսումնասիրութեամբ։ Մեզի ծանօթ է հեղինակի դեռեւս ձեռագիր 650 էջանոց «Քրիստոնէական Հայաստանի հմայիլները» ուսումնասիրութիւնը՝ կազմուած չորս գլուխներից։ Առաջին գլուխը հմայիլների նկարագրութիւնն է։ Երկրորդը՝ Սուրբ Ղազարի գրապահոցում պահպանուող հմայիլներին առընչուող ձեռագրերի վերլուծական գրացուցակը։ Երրորդը՝ այդ հմայիլների թեքստերի դասակարգումը։ Չորրորդը՝ նրանց ֆրանսերէն թարգմանութիւնը՝ ընդարձակ ծանօթագրութիւններով։ Այս գործի վրայ մեծ գիտնականը իր իսկ վկայութեամբ սկսել էր աշխատել Վենետիկ կատարած իր առաջին այցելութիւնից ի վեր, շուրջ յիսուն տարի։ Ինչպէս ասացինք, հայագէտի բարեկամական-ստեղծագործ կապերը պահպանուեցին ինչպէս Վենետիկի, այնպէս էլ Վիեննայի Մխիթարեանների հետ, նրա ողջ կեանքի ընթացքում։ Վերոնշեալ աշխատութիւնը նոյնպէս արժէքաւոր է օտարներին ծանօթացնելու հայ մշակոյթի հնագոյն այս նմուշներին, որին գիտնականը անդրադարձել է մեծ նուիրումով։ Իսկ ահա թէ նա ի՞նչ պատասխանեց իմ զարմացած հարցին.
«Հայերէնը ամէնից առաջ ինծի համար գաղափարներ եւ զգացումներ արտայայտելու լեզու է եւ այդ տեսակէտով անոր արժէքը կը չափեմ։ Երբեմն հայերէնով աւելի դիւրին կը մտածեմ, քան՝ ֆրանսերէնով, որովհետեւ շատ տրամաբանական լեզու է։ Կը նախանձիմ հայ գործընկերներս, որոնք մանկուց հայերէն կը խօսին։ Ես աւելի ուշ սորված եմ։ Վերջը հայերէնամոլ ածականը վաստկեցայ»։
* * *
Հայ ժողովրդի հանդէպ Ֆէյտիի տածած սիրոյ եւ նուիրումի փայլուն արտայայտութիւնը եղաւ նաեւ «Սասունցի Դաւիթ» դիւցազներգութեան ֆրանսերէնի թարգմանութիւնը («David de Sassoun»)։ Նշենք, թէ Խորհրդային Միութեան ժողովուրդների ազգային դիւցազներգութիւններից «Սասունցի Դաւիթ»-ը առաջինն էր, որ ԻՒՆԷՍՔՕ-ի առաջարկով թարգմանուեց օտար լեզուով։ Սա նոյնպէս տիտանական աշխատանք էր՝ թէ՛ ծաւալով, թէ՛ լեզուական բարդութեամբ, որի կապակցութեամբ նոյնպէս երախտապարտ թարգմանիչը պատասխանեց.
«Թարգմանութիւնը մեծ հաճոյքով կատարեցի եւ առանց ջանքի։ Կարծես հայ գիւղացի մը կը պատմէր եւ ֆրանսացի գիւղացին գրի կ՚առնէր։ Առաջին ընթերցողը Շառլ Տէտէեանն էր, որ շատ բարձր գնահատեց»։
* * *
Շարունակելով մեր խօսքը նշենք նաեւ, որ Ֆէյտիի աշակերտներից (իր իսկ արտայայտութեամբ՝ «սիրելի աշակերտ մը») Ժերար Տէտէեանի նախաձեռնութեամբ ու գիտական ղեկավարութեամբ լոյս տեսաւ «Histoire des Arméniens» (Փարիզ 1982) 700 էջանոց հատորը, որն ամփոփում է հայ ժողովրդի պատմութիւնը՝ հնագոյն ժամանակներից մինչեւ մեր օրերը։ Գրքի առաջին գլուխը «Langue et civilisation» գրել է փրոֆ. Ֆէյտին։ Նա նաեւ հեղինակ է ֆրանսական «Grand Larousse» եւ «Clarté» հանրագիտարանների Հայոց լեզուին ու մշակոյթին վերաբերող մի շարք յօդուածների։ Ի վերջոյ դժուար է մէկ առ մէկ թուարկել տարբեր երկրներում կայացած գիտական ժողովները, ուր Ֆէյտին հանդէս է եկել հայագիտական կարեւոր զեկոյցներով։
Մեծ գիտնականի անգնահատելի ծառայութիւնը հայ ժողովրդին նաեւ նրա հասարակական գործունէութիւնն էր։ Բազում առիթներով նա հայերէն, ֆրանսերէն եւ իտալերէն լեզուներով յօդուածներ է տպագրել մամուլում, զեկոյցներ կարդացել՝ Հայոց նախաքրիստոնէական կրօնի, հնագոյն ծէսերի, Հայոց ցեղասպանութեան, ինչպէս նաեւ Եզնիկ Կողբացիի, Հեթում պատմիչի, Դանիէլ Վարուժանի, Արշակ Չօպանեանի, Սարգիս Խաչատուրեանի, Արամ Խաչատրեանի եւ այլ անուանի Հայերի մասին…։ 1983-ի Փետրուարին հրատարակուեց Ֆրանսիայի Լուսաւորութեան նախարարութեան որոշումը՝ երկրի որոշ դպրոցներում Հայոց լեզուն իբրեւ օտար լեզու դասաւանդելու վերաբերեալ. ֆրանսահայ համայնքի համար այս կարեւոր հարցի լուծման գործում,– սփիւռքահայ մտաւորականների կողքին,– իր նշանակալի ներդրումն ունեցաւ նաեւ փրոֆ. Ֆէյտին։
* * *
Հայոց լեզուի եւ մշակոյթի հանդէպ փրոֆ. Ֆէյտիի մեծ սէրը փոխանցուել է նրա աշակերտներին եւ ընդհանրապէս բոլոր նրանց, ովքեր առիթ են ունեցել ճանաչելու կամ հանդիպելու այդ համակրելի եւ ազնուաբարոյ հայագէտին։ Նրա բազմաթիւ օտարազգի աշակերտները ոչ միայն նրանից հայերէն են ուսանել, այլեւ ստացել են իրենց յետագայ հայագիտական գործունէութեան ուղղութիւնն ու գաղափարը։ Այդ աշակերտներից են եղել ծանօթ հայագէտներ՝ Չարլզ Տաուսեթը (Օքսֆորտի համալսարան), Նինա Կարսոյեանը (Գոլումպիայի համալսարան), Անճէյ Պիսովիչը (Գրագովի համալսարան), Ժան-Մարք Ռոզենշտիլը (Փարիզի Ազգային գիտահետազօտական կենտրոն), Ժերար Տէտէեանը (Մոնփըլիէի համալսարան), Մարկ. Նշանեանը (գրող, գրականագէտ), Գլօտ-Արմէն Մութաֆեանը (պատմաբան, Սորպոնի համալսարան) եւ անշուշտ փրոֆ. Ժան-Փիէր Մահէն, որ ներկայիս փոխարինելով Ֆէյտիին, Փարիզի բարձրագոյն գիտութեանց դպրոցի տնօրէնն է:
* * *
Աւարտելով երախտիքի մեր խօսքը, նշենք նաեւ որ փրոֆ. Ֆէյտին բազմիցս հրաւիրուել է խորհրդային Հայաստան՝ գիտաժողովների, ուր նրան ճանաչում ու սիրում էին իր մտերիմ մտաւորականները՝ Սարգիս Յարութիւնեանը, Գրիգոր Գարեգինեանը, Աշոտ Սուքիասեանը, Լեւոն Հախվերդեանը, Պիոն Յակոբեանը, տարբեր գործի տէր մարդիկ, ուսանողներ…։ Հայաստան գալով նա միշտ այցելում էր մեր հին յուշարձանները, որոնց մեծապէս արժեւորողն էր։ Երազում էր Զանգեզուրը տեսնել, ափսո՜ս որ չիրականացաւ…։ Իր ծննդեան 110-ամեակի առիթով անհուն երախտագիտութեամբ ու խոնարհումով յիշենք հայ ժողովրդի մեծ բարեկամ, անուանի հայագէտ փրոֆ. Ֆրետերիք Ֆէյտիին։
Ս.Ա.