Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (118) Նոյեմբեր 2021

Յօդուածներ

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պայքարում են տարածաշրջանում նոր ստատուս- քուոյի համար. Ռուբէն Սաֆրաստեան

19 Հոկտեմբեր, 2021

antsoutarts1aՀարաւային Կովկասի տարածաշրջանում տեղի է ունենում պայքար նոր ստատուս-քուոյի համար և այդ պայքարը նոր է սկսուում: Այդ մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 1921 թուականի Մոսկուայի և Կարսի պայմանագրերի 100-ամեակին նուիրուած գիտաժողովին յայտնեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը՝ ներկայացնելով «Տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումները ներկայ փուլում» թեմայով իր զեկոյցը:
Զուգահեռներ անցկացնելով ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումների և 1921 թուականի իրադարձութիւնների միջև, երբ կնքուեցին Թուրքիային և Ադրբեջանին հայկական մի շարք շրջանների յանձնումը ամրագրող տխրահռչակ Մոսկուայի և Կարսի պայմանագրերը, Սաֆրաստեանը բացատրեց, որ այսօրուան իրավիճակի տարբերութիւնն այն է, որ նոր տարածաշրջանային աշխարհակարգի ձեւաւորման պայքարում Ռուսաստանին են միացել Թուրքիային և Իրանի Իսլամական Հանրապետութիւնը:
Թուրքագէտի խօսքով՝ դա նախորդ տարուան նախապատերազմյան ընթացքում Ռուսաստանի թոյլ տուած ռազմավարական կոպիտ սխալի հետևանքն է:
«Այն պայքարը, որ հիմա տեղի է ունենում տարածաշրջանում աշխարհաքաղաքական ստատուսի համար, աննախադէպ է այն առումով, որ առաջին անգամ Ռուսաստանը միայնակ չի հաստատում այդ ստատուս-քուոն, այլ ստիպուած է հաշուի նստել Թուրքիայի հետ: Այս իրավիճակը ես բացատրում եմ նրանով, որ Ռուսաստանը շատ կոպիտ աշխարհառազմավարական բնոյթի սխալ թոյլ տուեց, երբ 2020 թուականի գարնան և ամրան ամիսներին չխոչընդոտեց Թուրքիայի կողմից նորագոյն զէնքերի մատակարարմանը Ադրբեջանին, վարձկանների տեղափոխուելուն Ադրբեջան և ընդհանրապէս տարածաշրջանում թուրքական ռազմական ներկայութիւնը ուժեղացնելուն: Փաստօրէն, Թուրքիան այդպիսով կանխորոշեց Արցախեան երկրորդ պատերազմում Ադրբեջանի յաղթանակը: Եւ դա հնարավորութիւն տուեց Թուրքիային արտայայտելու իր դերակատարումը այն պայքարում, որ հիմա տեղի է ունենում տարածաշրջանում», – մեկնաբանեց Ռուբէն Սաֆրաստեանը:
Ներկայ տարածաշրջանային զարգացումների միւս առանձնայատկութիւնն, ըստ Սաֆրաստեանի, այն է, որ ռեգիոնալ (տարածաշրջանային) պայքարին է միացել նաև հարեւան Իրանը, որը բաւական ուշ մտաւ խաղի մէջ:
Սաֆրաստեանի խօսքով՝ իրանցի գործընկերները հասկացան, որ սխալ են թոյլ տուել քառասունչորսօրեայ պատերազմի ժամանակ՝ դրական չեզոքութիւն պահպանելով Արցախի դէմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ: Վերջին մի քանի ամսուայ ընթացքում, սակայն, Իրանը կտրուկ ակտիւացել է՝ բաւական կոշտ ռազմաքաղաքական կեցուածք ընդունելով յատկապեէս Ադրբեջանի ագրեսիւ (յարձակողապաշտ) քաղաքականութեան հանդէպ:
Տարածաշրջանի համար Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցութեան պայքարին միացած Իրանը, որպէս իր դիրքերի ամրապնդման կարևոր յաղթաթուղթ, գործի է դրել տնտեսական խոշոր նախագիծ՝ «Պարսից ծոց – Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը: Ամենաուշագրաւ տարրերից մէկն այստեղ, ըստ զեկուցողի, Արեւելքի խոշոր դերակատարներից մէկի՝ Հնդկաստանի ներգրաւումն է գործընթացին, որն աննախադէպ երեւոյթ է:
Խօսքը Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան ճանապարհի մասին է դէպի սեւծովեան աւազան՝ Յունաստան, Բուլղարիա, և դէպի հիւսիս՝ Ռուսաստան:
Այս լոյսի ներքոյ, Հնդկաստանի արտգործնախարարի Հոկտեմբերի 12-13-ի պաշտօնական այցը Հայաստան, իհարկէ, շատ բանի մասին է խօսում:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա թուրքագէտ Ռուբեն Սաֆրաստեանի խօսքով՝ Էրդողանի վարչակարգը Թուրքիան համաշխարհային տէրութիւն դարձնելու քաղաքականութիւն է վարում: Ընդ որում, ի տարբերութիւն 1920-21 թթ. իրավիճակի՝ Թուրքիան այս անգամ ունի բաւական լաւ «նախնական դիրքեր» մեր տարածաշրջանում իր նպատակին հասնելու համար, որն է՝ տարածաշրջանը դարձնել իր աշխարհաքաղաքական ազդեցութեան ոլորտ:
Ըստ թուրքագէտի՝ թուրքերն օգտագործում են Ադրբեջանը իրենց այդ նպատակին հասնելու համար: Եւ եթէ հաշուի առնենք, որ Թուրքիան, ուղղակիօրէն ներգրաւուելով Արցախի դէմ պատերազմում, այդուհանդերձ, չհասաւ Արցախի գօտում խաղաղապահների անուան տակ թուրքական զօրք տեղակայելու իր նպատակին, ապա պէտք է եզրակացնել, որ նա կը շարունակի տարածաշրջանում պայքարը այն ստատուս-քուոյի համար, որն իր համար աւելի ձեռնտու է:
Միւս կողմից, ըստ Սաֆրաստեանի, Թուրքիան տարածաշրջանում ունի աւելի աշխարհառազմավարական նպատակ՝ օգտագործել տարածաշրջանը պանթիւրքիստական ծրագրեր իրականացնելու համար: Սաֆրաստեանի խօսքով՝ մեր տարածաշրջանում Թուրքիայի նպատակները շարադրուած են Էրդողանի և Ալիեւի կողմից ընդունուած «Շուշիի հռչակագրում»:
«Այն կարդալով՝ հասկանում ես, որ նպատակ է դրուած ստեղծել թուրք-ադրբեջանական դաշնային պետութիւն», – նշեց թուրքագէտը:
Թուրքիայի այդ պանթուրքիստական ծրագրում, Ռուբէն Սաֆրաստեանի խօսքով, կարևոր հանգամանք է Հայաստանը: Ըստ նրա՝ Թուրքիայում երկու ծրագիր կայ Հայաստանի վերաբերեալ՝ նուազագոյն և առաւելագոյն նպատակներով:
«Առաւելագոյն նպատակը արտայայտուած է այն գաղտնի հրամանում, որը տրուել է Քեազիմ Կարաբեքիրին 1920 թ. Նոյեմբերի 8-ին և որտեղ գրուած է, որ «Հայաստանը պէտք է մէջտեղից վերացուի»: Գերագոյն նպատակն է վերացնել հայկական պետականութիւնը: Երկրորդ՝ նուազագոյն նպատակը հետեւեալն է՝ տեսնել Հայաստանը որպէս Թուրքիայի վասալ պետութիւն: Եւ ես համոզուած եմ, որ որպէս դրա մոդել թուրք դիւանագէտները իրենց արտգործնախարարութիւնում, Էրդողանի գրասենեակում, գլխաւոր շտաբում իրենց աչքի առաջ ունեն Բաթումի պայմանագիրը: Այսինքն՝ նոյնպէս, ըստ էութեան, վերացնել հայկական պետականութիւնը՝ ձևականօրէն թողնելով մի պետութիւն, որը կը լինի Թուրքիայի ազդեցութեան ներքոյ», – կարծում է Ռուբէն Սաֆրաստեանը:
Լաւ լուրն այստեղ այն է, որ Ռուբէն Սաֆրաստեանի խօսքով՝ ի տարբերութիւն 100 տարուայ իրադարձութիւնների, երբ Հայաստանը ինքնիշխան պետութիւն չէր, այժմ Հայաստանի դիրքերը աւելի բարենպաստ են՝ շնորհիւ տարածաշրջանում ակտիւ դերակատարում ստանձնող Իրանի, որն, ըստ էութեան, հանդէս է գալիս որպէս Հայաստանի դաշնակից:
Արտատարածաշրջանային երեք ուժերի մրցակցութեան պայմաններում Հայաստանը և համայն հայութիւնը, Ռուբէն Սաֆրաստեանի խօսքով, պէտք է կարողանան ճիշտ կողմնորոշուել՝ ամրացնելով հայկական պետականութիւնը, վերականգնելով հայկական զինուած ուժերը և պետութեան ինքնիշխանութիւնը միջազգային յարաբերութիւններում:
«Սրանք, ինչպէս Կանտը կ'ասէր, կատեգորիկ իմպերատիւ (բացարձակ հրամայականներ) են», – շեշտեց Ռուբէն Սաֆրաստեանը:

Հեղինակ՝ Արամ Սարգսեան