Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (102) Մայիս 2020

Յօդուածներ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ 32 ՏՈԿՈՍԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՆԵՑՈՒԱԾՔՆ Է

antsoutarts1aՄատենադարանի գիտաշխատող Անահիտ Աստոյեանի «Դարի կողոպուտը. հայերի ունեզրկումը Օսմանեան կայսրութիւնում 1915-1923 թթ.» ուսումնասիրութիւնը հանգամանալից անդրադարձ է թուրքերի կողմից Մեծ եղեռնի կազմակերպման եւ իրականացման նիւթական դրդապատճառներին:
Հայութեան կրած նիւթական կորուստները Հայոց ցեղասպանութեան հետեւանքով առաւել պակաս ուշադրութեան են արժանացել Հայոց Մեծ եղեռնի մասին հրատարակուած հսկայածաւալ գրականութեան մէջ:
Գրքի փաստական անսպառ նիւթին ծանօթանալով՝ համոզուած կարելի է պնդել, որ Թուրքիո այսօրուայ եւ նախկին ղեկավարները թուրք ժողովրդին ներշնչել են քրիստոնեաների ունեցուածքին տիրանալու տենչը:
Այսօրուայ Թուրքիայի ազգային կապիտալի 32 տոկոսը հայկական ունեցուածքն է. սա թուրք պատմաբան Սաիդ Չեթինօղլուի պրպտումների արդիւնք-տեսակէտն է, ինչը պարզապէս վկայում է այն հրեշաւոր դրդապատճառի մասին, որը մարմին ստացաւ տնտեսապէս վատ վիճակում յայտնուած եւ այլ պետութիւններին բազմաթիւ պարտքեր կուտակած Թուրքիայում` հայերի կոտորածների եւ տեղահանութեան միջոցով նրանց ունեցուածքին տիրանալով խնդիրները լուծելու նպատակով:
Հայ եւ օտար պատմաբանները Հայոց ցեղասպանութեան, Արեւմտեան Հայաստանի հայության բնաջնջման շարժառիթների թւում կարեւոր են համարում թուրքերի մօտ արմատացած` քրիստոնեաների ունեցուածքին տիրանալու անյագուրդ կիրքը, թուրքերը յատկապէս մեծ նախանձով են վերաբերուել Օսմանեան Թուրքայում հայերի նշանակալից ձեռքբերումներին:« The Iiving AGE» ամերիկեան պարբերականը 1916 թուականի փետրուարի 5-ի համարում «Հայաստանի մահը» հրապարակման մէջ նշում է. «Պատճառներից մէկն ազգային նախանձն է: Թուրքերն իրականում օտարական են իրենց կողմից կառավարուող երկրում: Նրանք բռնի ուժով են նուաճել այժմեան իրենց տարածքները: Չնայած ճնշմանը` հայերն իրենց խելքով եւ այլ յատկանիշներով կարողացել են իւրաքանչյուր բնագաւառում առաջինը լինել»:
Պատմաբան Լեւոն Վարդանը գիրք ունի` «Հայկական Տասնհինգը եւ հայերու լքեալ գոյքերը» (1970 թ. Պէյրութ), որն առաջինն է ուսումնասիրել թեման` նշելով, որ Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրողն անպայման պէտք է անդրադառնայ դրան: Հայոց Մեծ եղեռնին նուիրուած ուսումնասիրութիւնների մէջ շատ փաստեր կան, որոնք մատնանշում են ցեղասպանութեան` հայերի ունեզրկման դրդապատճառի մասին:
Հենրի Մորգենթաուն, ԱՄՆ դեսպանը Թուրքիայում, եւս ասում էր, որ հայերի կոտորածի հիմնական նպատակը կողոպուտն է: Որպէսզի պատկերացում լինի` ինչի մասին է խօսքը նշենք, որ Օսմանեան կայսրութիւնն առաջին համաշխարհային պատերազմից առաջ պարտքերի տակ էր, եւ որպէս պետութիւն վտանգուած էր նրա ապագան: Հայերի ձեռքում էին կենտրոնացուած տնտեսութեան բոլոր կարեւորագոյն լծակները` առեւտուրը, արդիւնաբերութիւնը, հողամշակումը, հայերն իրենց տաղանդի եւ խելքի շնորհիւ կարողացել էին զգալի հարստութիւնների տէր դառնալ: Թուրքական իշխանութիւններին եւ թուրք բոլոր խաւերին շատ շահաւէտ էր հայկական ունեցուածքը իւրացնելն ու հայերի հարստութեանը տիրանալը: Ի դէպ` դա թուրք ազգի նկարագրի մէջ արդէն նստած է` ուրիշի ունեցուածքը խլելով պետութիւն ստեղծել.« Հայերի` հազարամեակներով ստեղծուած հարստութիւնը իւրացուեց պետութեան կողմից, ստեղծուեց թուրքական տնտեսութիւն, որը չկար: Օսմանեան տնտեսութեան 65 տոկոսը հայերի ձեռքում է եղել` բանկային գործ, արհեստներ, գիւղատնտեսութիւն: Երիտթուրքերն իրենց գաղտնի ժողովներում վաղուց էին ծրագրում հայերին կոտորելու եւ նրանց ունեցուածքով իրենց երկիրը ոտքի կանգնեցնելու ծրագիրը: Հայերին բնաջնջելով, նրանց անշարժ եւ շարժական գոյքը կողոպտելով` երիտթուրքերը թրքացրին երկրի տնտեսութիւնը, արտաքին պարտքերը վճարեցին:
Ջոն Կիրակոսեանը գտնում է, որ արդէն մոլեռանդ երիտթուրքերը աւելի մոլեռանդ դարձան ոչ թէ քաղաքական դրդապատճառներով առաջին հերթին, այլ այն պատճառով, որ տնտեսութեան մէջ թուրքերը տանուլ էին տուել քրիստոնեաներին, մանաւանդ` հայերին: Այդ պատճառով երիտթուրքերը վախ ունէին, որ շատ շուտով հայերը կը տիրանան նաեւ քաղաքական իշխանութիւններին, ինչպէս դա արել էին տնտեսութեան ասպարէզում: Դա 1915 –ի դրդապատճառներից մէկն էր` հայերի ունեցուածքին տիրանալու եւ երկրի տնտեսութիւնը թրքացնելու: Հնարաւոր է դրամական արժէքով հաշուարկել հայերի կրած կորուստները Հայոց ցեղասպանութեան ընթացքում՝ մեր այս հարցին «Դարի կողոպուտը. հայերի ունեզրկումը Օսմանյան կայսրութիւնում 1915-1923 թթ.» գրքի հեղինակը ժամանակին պատասխանել էր. «Անհնարին բան է, մարդկային ուղեղն ի զօրու չէ հաշուարկել: Օրինակ, յայտնի է, որ 1919-ին Ազգային միացեալ պատուիրակութեան նախաձեռնութեամբ ստեղծուեց միջազգային յանձնաժողով, որը հաշուարկեց ըստ Փարիզի Խաղաղութեան վեհաժողովի ներկայացրած պահանջների Արեւմտեան Հայաստանի նիւթական կորուստների չափը, որը լինում էր 15 միլիարդ ֆրանկ` ըստ այդ ժամանակվա ֆրանկի համարժէքի, բայց դա չափազանց մօտաւոր է: Բացի դա` շարունակուեց կողոպուտը նաեւ քեմալական շրջանում, կողոպտուեց իզմիրահայութիւնը` ամենահարուստ հայկական համայնքը, յետոյ նաեւ պոլսահայութիւնը քեմալական շարժման շրջանում, 1922-23 թուականներին, որին, օրինակ, քիչ են անդրադարձել:Իզմիրի դէպքերից յետոյ պոլսահայութիւնը սարսափած, որ Քեմալը պիտի մտնէր Պոլիս, թողեց տները, խանութներն ու այգիները` կեանքն ազատելով: Մի օրինակ թուրքական այն ժամանակուայ թերթերից մէկից. 1923-ի սկզբին բռնագրաւուել է մի ձիթենու այգի, որտեղ 30000 ձիթենի կար, մի այլ այգում` 4500 ձիթենի: Յետոյ երբ հայերը, քրիստոնեաներն ընդհանրապէս, փորձեցին Պոլիս վերադառնալ, դա այլեւս ընդհանրապէս արգելուեց: 1920, 1923 եւ 1927 թուականներին երեք օրէնք են ընդունել թուրքական իշխանութիւնները` հայերի մուտքն յաւերժ արգելելով իրենց երկիր, իրենց իսկ հայրենի հող»:
Մ. Խ.
Աղբիւր՝ ԱԶԳ