Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (96) Նոյեմբեր 2019

Հարցազրոյց

«ԷՐՏՈՂԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ՎԵՐՋՆ ԱՐԴԷՆ ԳՐԵԹԷ ԵՐԵՒՈՒՄ Է»

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ, Հարցազրուցավար

15.10.2019 | Հարցազրույց

antsoutarts1a
 
 
 
Մեր զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի տնօրէն, պատմագիտութեան դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնեան
 
-Պարոն Մելքոնեան, ինչպէ՞ս եք գնահատում Թուրքիայի գործողութիւնները Սիրիայի հիւսիսում։ Ընդհանուր իրավիճա՞կ է փոխւում աշխարհում։
-Արդէն որերորդ տարին է, որ Էրդողանը փորձում է գնալ Օսմանեան կայսրութեան քաղաքական մտածողութեան ճանապարհով։ Վերջին դէպքը դրա հերթական արտայայտութիւնն էր։ Քանիցս նրանք ներխուժել էին Հիւսիսային Սիրիա։ Այսօր շարունակեցին այդ նոյն քաղաքականութիւնը և կայսերական մտածողութիւնից չեն կարողանում ազատուել։ Կարծում եմ՝ ժամանակները փոխուել են, աշխարհի այսօրուայ արձագանգներից յստակ երեւում է, որ երկրների գերազանցապէս մեծ մասը բացասական է տրամադրուած Թուրքիայի առաջխաղացման նկատմամբ։ Սա երկար չի կարող տեւել։ Սիրիական բանակի, կառավարական զօրքերի և քրդերի զինուած ջոկատների բացման պարագայում հնարաւոր կը լինի կասեցնել թուրքերի հետագայ առաջխաղացումը։
-Այսօր նաեւ ԵՄ որոշ երկրներ կոչ արեցին դադարեցնել զէնքի մատակարարումը Թուրքիա։ Արդեօք այս կոչին հենց Ռուսաստանը չպէտք է հետեւի։
-Այո,իհարկէ, որովհետեւ վերջին շրջանում Ռուսաստանում եւս կան ուժեր, որոնք ճիշտ չեն համարում Թուրքիայի հետ Ռուսաստանի մերձեցումը։ Իհարկէ, սա մակերեսային մերձեցում է, որովհետեւ Ռուսաստանի և Թուրքիայի միջև խորը տարաձայնութիւններ կան, հենց նոյն Սիրիայում, նաեւ Ղրիմի հարցում։ Այնպէս որ, կարծում եմ՝ Ռուսաստանը եւս ի վերջոյ այս հարցում աւելի վճռական կը գտնուի և կը պահանջի դադարեցնել Թուրքիայի առաջխաղացումը։ Դա կարող է հակամարտութեան աւարտի համար բարենպաստ իրավիճակ ստեղծել։
-Հաշուի առնելով Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը, Էրդողանի կուսակցութեան վարկանիշի կտրուկ անկումը, նրա դիրքերը որքանո՞վ են ամրանում այս ռազմական ներխուժման արդիւնքում, թէ՞ ընդհակառակը, սա աւելի է թուլացնելու Էրդողանի դիրքերը։
-Իմ կարծիքով, Էրդողանը նման արկածախնդիր քայլերով փորձում է տնտեսական վայրէջքը փոխարինել ազգային գաղափարախօսութեան տարածման մօտեցումներով, որը արդիւնքի չի բերի, Թուրքիայի տնտեսական վիճակն էլ աւելի կը վատթարանայ։ Հետեւաբար, Էրդողանի իշխանութեան վերջն արդէն գրեթէ երեւում է։
-Այսինքն՝ անգամ մինչեւ յաջորդ ընտրութիւններ Էրդողանը կարող է հեռանա՞լ։
-Դժուարանում եմ ասել, բայց կեանքը ցոյց է տալիս, որ Էրդողանն այլեւս չի վայելում Թուրքիայի հասարակութեան մեծամասնութեան համակրանքը։
-Սիրիայի զինուած ուժերի առաջխաղացումը որքանո՞վ կը զսպի Թուրքիային։
-Ես կարծում եմ, որ Սիրիայի կառավարական բանակը այլեւս 4-5-10 տարի առաջուայ զօրքերը չեն։ Շատ աւելի մարտունակ, մարտերի մէջ թրծուած, փորձուած են։ Այս իմաստով Սիրիայի բանակը լուրջ վտանգ է ներկայացնում թուրքերի համար։ Թուրքերը կարծում են, թէ նախկին սիրիական բանակի հետ գործ ունեն ու այս հարցում նրանք սխալւում են։ Կեանքը ցոյց տուեց, որ սիրիական բանակը սովորեց կռուել և արդէն եղանակ է ստեղծում տարածաշրջանում։
-Շատերը նշում են, որ Թուրքիայի ներխուժումից կը վատանան Ռուսաստան-Թուրքիա յարաբերութիւնները։
-Այդ մերձեցումն առերես մերձեցում է և իրականում խորը հիմքեր չունի։ Թուրքիայի նկատմամբ Արեւմուտքի բացասական վերաբերմունքի պարագայում Ռուսաստանն ու Թուրքիան ստիպուած են եղել առերես մերձենալ, բայց այդ յարաբերութիւնները շատ խորը հակասութիւններ ունեն և շարունակում են այդպիսին մնալ։ Դրանք աւելի կարող են վատթարանալ Սիրիայի զօրքերի օրեցօր գրանցուող յաջողութիւնների պարագայում, քանի որ Սիրիայի բանակը վայելում է ռուսական կողմի աջակցութիւնը։ Անգամ ակնյայտ բախում կարող է լինել, և Ռուսաստանը ստիպուած է լինելու ընտրութիւն կատարել Թուրքիայի հետ առերես մերձեցման և Սիրիայի կառավարութեան ու Ասադի հետ իրական յարաբերութիւնների միջեւ։