Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (74) Նոյեմբեր 2017

Հարցազրոյց

Երեւանն իրականում 6000 տարեկան է․ պատմաբան

Հայկուհի Բարսեղեան

antsoutarts1a
Այս տարի պաշտօնապէս նշուեցաւ Երեւանի 2799-ամեակը։ Երեւանի պատմութեան թանգարանի հնագիտութեան և միջնադարեան պատմութեան բաժնի վարիչ, պատմաբան Անժելա Տերեանը, սակայն, կարծում է, որ իրականում պէտք է նշուէր Երեւանի 6000-ամեակը․ բնակավայր Երեւանն իրականում կրկնակի մեծ է պաշտօնապէս յայտարարուող տարիքից։ Երեւանի իրական տարիքի, առկայ գիտական հիմնաւորումների և բնակավայրերի տարիքի որոշման մօտեցումների մասին է «Անկախը» զրուցել Անժելա Տերեանի հետ։
 
- Տիկին Տերեան, Ձեր գիտական յօդուածներում պնդում էք, որ Երեւանն աւելի հին բնակավայր է, քան պաշտօնապէս ներկայացւում է։ Իրականում քանի՞ տարեկան է Երեւանը։ Եւ ի՞նչ հիմքեր կան այդ պնդումների համար։
- Երեւանը 6 հազար տարեկան է։ Իսկ փաստերն այնքան շատ են, որ անգամ չգիտեմ՝ որտեղից սկսեմ թուարկել։ Կարեւոր փաստ է այն, որ այսօրուայ Երևանի տարածքում է գտնւում Շենգաւիթ բնակավայրը. հնագիտական պեղումների շնորհիւ պարզուել է, որ այն 6 հազար տարեկան է։ Իսկ վերջերս նոյնիսկ ենթադրութիւններ կան, որ ոչ թէ 6 հազար, այլ 7 հազար տարեկան է։ Այն մշակոյթը, որը յայտնաբերուել է Շենգաւիթում և կոչւում է շենգաւիթեան կամ կուր-արաքսեան մշակոյթ, թուագրւում է մ․թ․ա․ 4-րդ հազարամեակով։ Ներկայում կարծիքներ կան, որ դա 5-րդ հազարամեակի մշակոյթ է, այդ պարագայում՝ Երեւանը 7 հազար տարեկան է։ Ամէն դէպքում, եկէք 6 հազար տարեկանի վրայ կանգ առնենք և ընդունենք, որ Երեւանն իսկապէս 6 հազար տարեկան է։
Շենգաւիթը Երեւանից հեռու չէ, գտնւում է այսօրուայ Երևանի կենտրոնական մասում, նրան շրջապատում են այլ յուշարձաններ, որոնք ժամանակին բնակավայրեր են եղել։ Օրինակ՝ Կարմիր բլուրը, կայարանամերձ հրապարակը, Աւան-Առինջում ունենք բնակավայր, Կարմիր բերդը Ֆիզիկայի ինստիտուտի հարեւանութեամբ, այս բոլորը շրջապատում են Շենգաւիթը, որ որպէս բնակավայր գոյութիւն է ունեցել 4-րդ հազարամեակում և մօտաւորապէս երկու հազար տարի շարունակել է իր գոյութիւնը։ Ընդ որում, Շենգաւիթը եղել է պարսպապատ բնակավայր, ինչը յուշում է, որ գործ ունենք քաղաքի կամ քաղաքատիպ աւանի հետ։ Հետաքրքիր է, որ պարսպի տակ սալապատուած ջրանցք է յայտնաբերուել, որտեղից Հրազդան գետի ջուրը բարձրացուել է վերեւ։ Պատկերացնո՞ւմ էք, թէ ինչ տեխնիկա է եղել, որ ջուրը ներքեւից վերեւ է բարձրացուել։ Շենգաւիթն ամրացուած, գեղեցիկ բնակավայր է եղել, որի բնակիչները զբաղուել են գյուղատնտեսութեամբ, խեցեգործութեամբ, մետաղագործութեամբ․ քաղաքին բնորոշ բոլոր արհեստներն այնտեղ եղել են։ Եւ այս բոլորը մենք յայտնաբերում ենք պեղումների ժամանակ։
Պեղումների շնորհիւ բացայայտուել է 4 մշակութային շերտ, որի ստորին հատուածը թուագրւում է մ․թ․ա․4-րդ հազարամեակով, իսկ վերին շերտը՝ 2-րդ հազարամեակով։ Պեղումները Շենգաւիթում սկսուել են 1930-ական թուականներից։ Պեղումներն իրականացրել է Եվգենի Բայբուրդեանը, նա էլ Շենգաւիթում յայտնաբերուած իւրայատուկ խեցեղէնն անուանել է շենգաւիթեան խեցեղէն։ Նա դրանք թուագրել է որպէս մ․թ․ա․ 3-2-րդ հազարամեակի մշակոյթ։ Սակայն խորհրդային տարիներին, յատկապէս՝ 30-ական թուականներին, գիտէ՞ք ինչ իրավիճակ է եղել․ նրան անմիջապէս լռեցրել են, շուտով նաեւ աքսորել, և Բայբուրդեանի մասին այլեւս որեւէ տեղեկութիւն չկայ։
Այդպէս պեղումները սառեցւում են։ 50-ականների վերջերին նորից Շենգաւիթում պեղումներ են իրականացւում, որոնք շարունակւում են մինչև 60-ականների վերջերը։ Այս անգամ յայտնաբերուած նիւթը վստահօրէն 4-րդ հազարամեակով է թուագրւում։
2000-ականներին պեղումները նորից սկսուեցին արդէն Յակոբ Սիմոնեանի գլխաւորութեամբ։ Ներկայումս այստեղ յայտնաբերուած նիւթն արդէն թուագրւում է 5-րդ հազարամեակով։
Ահա այսպիսի հնութեան բնակավայր ունենալով հանդերձ՝ այդ փաստերը մի կողմ ենք դնում ու փորձում ենք նշել Երեւանի 2800-ամեակը։
- Իսկ որտեղի՞ց է գալիս այդ մօտեցումը, ըստ որի՝ այս տարի նշելու ենք Երեւանի 2799-ամեակը։
- Խորհրդային տարիներին ամէն ինչ որոշում էր Մոսկուան։ 1950-ականներին Էրեբունիում՝ Արին-Բերդում, յայտնաբերւում է Արգիշտի Առաջինի հանրայայտ արձանագրութիւնը, որում ասում է, որ ինքն ամայի տարածքում հիմնել է բերդ և այն կոչել Էրեբունի։ Սա փաստ էր, որի դէմ խօսել չէին կարող։ Մինչդեռ Շենգաւիթի պարագայում մշակոյթ է, այն կարող են 1000 տարի յետ գցել։ Եւ իմանալով, որ Երեւանն իրականում շատ աւելի հին է, քան Արգիշտի Առաջինի արձանագրութիւնն է, 1968 թուականին որոշում են թոյլ տալ, որ հայութիւնը տօնի քաղաքի 2750-ամեակը։
- Իսկ անկախացումից յետոյ մօտեցումն ինչո՞ւ չփոխուեց։
- Ոնց որ ասէք, թէ՝ ինչո՞ւ Ուրարտուն Հայաստան չդարձաւ, ինչու է Հայոց պատմութիւնը սկսւում առաջին հազարամեակի կէսերից։ Որովհետեւ նոյն մարդիկ են, նոյն մասնագէտները, նոյն պատմաբանները, որոնք շարունակում են աշխատել նաև այսօր։ Նրանք ինչպէ՞ս կարող են հետ կանգնել իրենց ասածներից։ Շատ-շատ նոր սերնդի մարդիկ, որոնք կապ չունեն գրանտների հետ, կը բարձրաձայնեն այդ մասին, ինչը և անում են։ Ճշմարտութիւնը պէտք է յաղթի, այսպէս այլեւս չի կարող շարունակուել։
- Տիկին Տերեան, իսկ բնակավայրերի տարիքը որոշելու ի՞նչ գիտական մօտեցումներ կան։
- Հնագոյն քաղաքների տարիքը սովորաբար յայտնաբերուած մշակոյթով է որոշւում։ Միջագետքի Ուր, Ուրուկ, Էրեդու, Նինուէ քաղաքները, շնորհիւ յայտնաբերուած հնագիտական նիւթի, մօտաւորապէս 6 հազար տարեկան են հաշուարկւում։ Հետաքրքիրը դա է, որ Երեւանում յայտնաբերուած 6000-ամեայ գիտական նիւթը մի կողմ են դնում և ասում, որ Երեւանը 2800 տարեկան է։ Երբ մատնանշում ես, ասում են՝ Շենգաւիթը Էրեբունին չէ։
Այդ դէպքում Երեւանը թող որպէս բնակավայր ներկայացուի, որ 6 հազար տարեկան է, իսկ արդէն Արգիշտի Առաջինի հիմնած բերդը՝ 2800 տարեկան։
- Խօսքը նոյն բնակավայրի մասի՞ն է, Շենգաւիթն ու Արգիշտիի հիմնածը միմեանց շարունակող բնակավայրե՞ր են եղել։
- Շենգաւիթն իր գոյութիւնն անսպասելիօրէն դադարեցրել է 2-րդ հազարամեակում։ Քաղաքի պարսպից դուրս դամբարանադաշտ է բացայատուել, որտեղի գանգերի ուսումնասիրութիւնը ցոյց է տուել, որ արմենոիդ մարդաբանական տիպին են պատկանել։ Իսկ դրանից յետոյ յայտնաբերուած մշակութային արժէքները նորից արմենոիդ մարդաբանական տիպի ստեղծածն են։ Այս դէպքում՝ ինչպէ՞ս կարելի է ասել, որ սա ուրիշ մշակոյթ է, մեզ հետ կապ չունի։ Նոյն մշակոյթն է, նոյն ժողովուրդը։ Բնակչութիւնն անյայտ պատճառով Շենգաւիթից հեռացել է, բայց հեռու չի գնացել, հիմնուել են Կարմիր բերդում, կայարանամերձ հրապարակի տարածքում, Աւանում, այսինքն մի փոքր հեռացել են և նոր բնակավայր հիմնել։ Եւ Արգիշտին, որին տարածքում ամրութիւն էր պէտք, Երեւանի բլուրներից մէկի վրա, որն ամայի է եղել, ստեղծել է բերդը։ Բայց ողջ տարածքը հո ամայի չի՞ եղել։
Ես Երեւանի փոխարէն շատ եմ վիրաւորւում, երբ ասում են, որ այն 2800 տարեկան է։ Երեւանն իրականում 6000 տարեկան է, եկէք այդպէս էլ ասենք։
Անուան խնդիրն էլ հետաքրքիր է։ Շենգաւիթը չգիտենք, թէ ինչպէս է կոչուել։ Բայց նրան տարեկից քաղաքներից մէկը Միջագետքում կոչուել է Էրեդու։ Այն Արրատայից գնացած մարդիկ են հիմնել։ Այսինքն՝ Էրեբու, Էրեդու նոյն բանն են՝ մի փոքր հնչիւնափոխութեամբ։ Արգիշտին, ենթադրաբար, նորակառոյց բերդը կոչել է հարեւանութեամբ գոյութիւն ունեցող բնակավայրի անունով։ Ասում են՝ Էրեբունի բառը յաղթանակ է նշանակել։ Այդքան քաղաքներ է հիմնել, ինչո՞ւ ոչ մէկն Էրեբունի չի կոչել։ Այն ժամանակ քաղաքները հիմնականում կոչել են արքայի և աստուածների անուններով։ Այս դէպքում Էրեբունի է անուանել, որովհետև հարեւանութեամբ նման անունով բնակավայր է գոյութիւն ունեցել։ Տրամաբանութեան հարց է։
- Եթէ պաշտօնապէս ընդունուի, որ Երեւանը 6000 տարեկան է, ի՞նչ ունենք առաջարկելու զբօսաշրջիկներին ու Երեւանի պատմութեամբ հետաքրքրուողներին։
- Ունենք Շենգաւիթ բնակավայրը, որը հրաշալի կը լինի, եթէ վերականգնուի։ Վերջերս վարչապետն ու Երեւանի քաղաքապետն այցելել են Էրեբունի և Շենգաւիթ, դրանք որպէս յուշարձաններ ներկայացնելու հետաքրքիր ծրագրեր կան։ Շատ ուրախ եմ, որ յատկապէս Շենգաւիթ են այցելել, որովհետև այն ցոյց է տալիս Երեւանի իրական տարիքը։ Յոյս ունեմ, որ մեր քաղաքական այրերը պատասխանատւութիւն կը ստանձնեն տօնելու Երեւանի ոչ թէ 2800-ամեակը, այլ 6000-ամեակը։ Ի վերջոյ, մէկը պէ՞տք է կոտրի այս սառոյցը։
- Իսկ Երեւանի տարիքի հետ կապուած տեսակէտը միջազգային գիտական շրջանակների կողմից կարո՞ղ է ընդունուել։ Դա իրատեսակա՞ն է։
- Իսկ ինչո՞ւ ոչ։ Մենք նիւթն ունենք։