Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (115) Յուլիս 2021

Հարցազրոյց

«Մենք պէտք ունենք նոր մարդկանց, որոնք մեր ժողովրդին վստահութիւն կը ներշնչեն, որոնք հեռանկար ունեն մեր հայրենիքի համար»

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊԵԱՆ, Հարցազրուցավար

07.07.2021

antsoutarts1a

Մեր զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի որոշումով ՀՅԴ շարքերից հեռացուած մտաւորական, ՀՅԴ գաղափարախօս Նազարէթ Պերպերեանը
-Հայաստանի նոր խորհրդարանում կը լինի նաև ՀՅԴ-ն, որի ներկայացուցիչները յայտարարում են, թէ իրենք այլ որակի ընդդիմութիւն են լինելու: Ինչպէ՞ս էք գնահատում նրանց ներկայութիւնը խորհրդարանում առհասարակ:
-Դա արդէն մեկնաբանուած թեմա է, որովհետև «Հայաստան» դաշինքում ներկայացուած պատգամաւորները փորձում են վերայայտնուել իբրև դաշնակցութան ներկայացուցիչներ: Այն տոկոսը, որ մեր ժողովուրդը տուել է «Հայաստան» դաշինքին, դա հենց այդ դաշինքին տուած քուէներն են, որի դէմքը Ռոբերտ Քոչարեանն է: Այդ ընտրազանգուածի նկատմամբ առնուազն անպատշաճ է «Հայաստան» դաշինքից դուրս, առանձին ներկայութիւն փորձել հաստատել նոր Ազգային ժողովում: Աւելին չարժէ խօսել, որովհետև մեր ժողովրդի քուէով նոր խորհրդարանում գոյութիւն ունի ընդդիմութիւն, որը պատկանում է «Հայաստան» դաշինքին:
-Նրանք յայտարարում են, որ այլ որակի խորհրդարանական ընդդիմութիւն են լինելու և օր ու արև չեն տալու իշխանութիւններին:
-Մինչև հիմա այն չափով, որ օր ու արև չեն տուել, նոյն ձևով շարունակելու են: Սեպտեմբերի 27-ից ի վեր այդ նոյն մօտեցումն է եղել, որի արդիւնքը մեր ժողովրդի իրական մեծամասնութեան կողմից անտեսումն ու արհամարհանքն է եղել: Տեսնենք հիմա ինչ տարբերութիւն կ'արձանագրուի:
-Ինչպիսի խորհրդարան ունի Հայաստանը և ինչպիսի ակնկալիքներ կան այս Ազգային ժողովից: Ինչպէ՞ս էք գնահատում ընտրութեան արդիւնքները:
-Այս խորհրդարանը բնականոն պայմաններում ձևաւորուած խորհրդարան չէ: Արտահերթ ընտրութիւնների գաղափարը մարտահրաւէր էր հրապարակային ընդդիմութեան, գողապետական ճակատի կողմից: Նրանք ասում էին՝ պէտք է հրաժարական տաս, այլապէս մեր ժողովուրդը քեզ կը քշի, կը տանի: Երկար տևեց հրապարակներում այդ աղմուկը, մինչև որ Նիկոլ Փաշինեանը վերցրեց նետուած ձեռնոցը և գնաց արտահերթ ընտրութիւնների: ժողովուրդն էլ միայն հակադրուելու համար Քոչարեանին և նրա շուրջ խմբուած հացկատակներին, նորից քուէ տուեց Փաշինեանին: Հետևաբար, սա նորմալ պայմաններում կատարուած ընտրութիւն չէր, բնականոն ընտրարշաւ չէր, ուժերին համախմբող, դրական տարրերին կողք-կողքի բերող ընտրապայքար չեղաւ: Յուսանք, որ այս Ազգային ժողովը կը նախապատրաստի մեր ժողովրդի կամքը ներկայացնող երիտասարդ նոր խորհրդարան: Մեր հանրութիւնը կարիք ունի նոր դէմքերի, որոնք այս երեք տարիներին կարողացան իրենց ասածին տէր լինել, իրենց սկզբունքներին հաւատարիմ մնալ: Այսօր այս կողմ, վաղը այն կողմ թեքուելով իրենց անունը, վարկն են գցում: Մենք պէտք ունենք նոր մարդկանց, որոնք մեր ժողովրդին վստահութիւն կը ներշնչեն, որ ինքնահաւատարմութիւն ունեն, սկզբունք ունեն, հեռանկար ունեն մեր հայրենիքի համար:
Աղբիւր՝ Լրագիր