Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (112) Ապրիլ 2021

Հարցազրոյց

Եթէ տէր ես կանգնում՝ քոնն է․ Բագրատ Էստուկեանը հայկական ժառանգութեան, հայ-թուրքական յարաբերութիւնների մասին

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊԵԱՆ, Հարցազրուցավար 18/3/2021

antsoutarts1a
Մեր զրուցակիցն է Ստամբուլում լոյս տեսնող «Ակօս» հայկական շաբաթաթերթի հայերէն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկեանը:

-Պարոն Էստուկեան, Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Կարօ Փայլանին Մարտի 16-ին թոյլ չեն տուել մուտք գործել Անկարայի Ուլուս թաղամասում գտնուող տարածք, որտեղ Թուրքիայի կառավարութեան բնակարանաշինութեան զարգացման վարչութիւնը շինարարութիւն է իրականացնում պատմական հայկական գերեզմանատան վրայ: Ինչպէս էք գնահատում սա, փաստօրէն սա մի քաղաքականութիւն է, որը Թուրքիան իրականացնում է տարիներ շարունա՞կ:
-Այո, տարիներ շարունակ այդպէս է: Մանաւանդ քանի որ Կարօ Փայլանի անդամակցած կուսակցութեան նկատմամբ կառավարութիւնն ունի թշնամական վերաբերմունք, այդ կուսակցութեան պատգամաւորներն ինչ առիթով ելոյթ ունենան, իսկոյն ոստիկաններն արգելք հանդիսանալու փորձեր են անում: Դա պարբերաբար կատարուող երեւոյթ է:
-Որքանո՞վ է օրինական իշխանութիւնների արածը, երբ նրանք, ըստ էութեան, հայկական գերեզմաններ են պղծում:
-18-րդ դարից այս կողմ մինչև 1935 թուականը դա գործող գերեզմանատուն էր, դրանից յետոյ գերեզմանատունը արդէն լքեալ տարածք էր: Հայերն իրենք են լքել, որովհետև այդ գերեզմանոցի մատուռում հոգեւորական չէր նշանակուել և քաղաքի սակավաթիւ քրիստոնեայ բնակչութիւնը սկսել էր յաճախել ֆրանսիական եկեղեցի, իսկ իրենց ննջեցեալներին էլ թաղել են նորակառոյց գերեզմանոցում: Լքեալ հայկական գերեզմանոցի շատ գերեզմաններ 1947-ին փոխադրուել են այդ նոր գերեզմանատունը, հետեւաբար, այստեղ արդէն գերեզմանոցի հանգամանքը վաղուց կորսուած է: Բոլոր դէպքերում դա պատմական գերեզմանոց է եղել, 18-րդ դարից այս կողմ արձանագրութիւնները կան այդ գերեզմանի: Դա հայ կաթողիկէ գերեզմանոց է եղել, բայց այնտեղ թաղուել են նաեւ հայ առաքելականներ և այլ ազգութեան քրիստոնեաներ: Դա տեւել է մինչև 1935 թուական, որից յետոյ հայ հաթողիկէ պատրիարքարանը այդ մատուռում հայ հոգեւորական չի նշանակել, հայ բնակչութեան թիւն էլ պակասել է: Այսինքն սա նաեւ որոշ առումով անտէրութեան հետեւանք է:
-Ընդհանրապէս, հայկական յուշարձանների նկատմամբ Թուրքիայում ինչպիսի՞ մօտեցում կայ այսօր: Որքանո՞վ է յաջողւում դիմադրել թուրքական իշխանութեանն ու պահպանել դրանք։
-Այստեղ երկու երեւոյթ կայ. ժողովուրդ ունեցող գերեզման կամ եկեղեցի, և լքեալ գերեզման և եկեղեցի: Լքեալների վերաբերեալ որեւէ բան ասելը շատ դժուար է, որովհետև ամբողջովին բախտի քմահաճոյքին են յանձնուած: Իսկ այն գերեզմանոցը կամ եկեղեցին, որոնք գործում են, օրինակ Ստամբուլում 34 գործող հայկական եկեղեցի կայ, նրանց որեւէ վտանգ չի սպառնում: Նոյնը վերաբերում է գերեզմաններին. Այն գերեզմանները, որտեղ թաղումներ են կատարւում, դրանց որեւէ վտանգ չի սպառնում, բայց եթէ կան գերեզմաններ, որտեղ վերջին 30-40 տարում թաղում չի կատարուել, լքուած են, այցելութիւններ չեն կատարւում, հարկաւ, դրանք ամէն տեսակի ոտնձգութեան համար յարմար են: Այսինքն ոչ ոք չի ասի՝ վայ, այստեղ հայեր են թաղուած, գերեզմանոց է: Բայց մենք տեսել ենք նաեւ դէպքեր, երբ լքուած հայկական գերեզմանոցներ են վերանորոգուել: Օրինակ, Մալաթիա քաղաքում այլեւս գրեթէ հայութիւն չկայ, բայց Ստամբուլում ապրող մալաթիացիները վերանորոգեցին Մալաթիայի հայկական գերեզմանոցը՝ տեղի քաղաքապետարանի օժանդակութեամբ, ցանկապատեցին, ներսում մատուռ կառուցեցին և այլն: Այսինքն ամէն բան լքելու և տէր կանգնելու երկընտրանքի մէջ է: Եթէ տէր ես կանգնում՝ քոնն է, իսկ եթէ տէր չես կանգնում՝ քոնը չէ:
-Ինչպէ՞ս էք գնահատում Թուրքիայի իշխանութիւնների վերջին շրջանի յայտարարութիւնները՝ Հայաստանի հետ սահմանը բացելու, յարաբերութիւններ սկսելու վերաբերեալ:
-Ես այստեղից յաճախ նման յայտարարութիւններ չեմ լսել, միայն Ալիեւի վերջին յայտարարութիւնը լսեցի, որ այլեւս պատերազմը վերջացել է, Հայաստանի հետ պատերազմի մէջ չենք, հիմա պէտք է նայենք ապագային: Իսկ Թուրքիայից նման յայտարարութիւններ չեմ լսել, կարծես թէ այժմէականութիւն չունեն նման զարգացումները:
-Դուք հաւանական համարո՞ւմ էք հիմա հայ-թուրքական յարաբերութիւնների բարելաւումը:
-Ես դա հաւանական չեմ համարում, իսկ Հայաստանից նայելով դա հաւանական համարո՞ւմ էք, կո՞ղմ էք, որ հայ-թուրքական յարաբերութիւնները բարելաւուեն: Ես անձամբ կողմ չեմ: Կարծես այդ ուղղութեամբ ընթացք Թուրքիայում չկայ, բայց կարծես թէ հետաքրքրութիւն շատ կայ, որովհետեւ նման հարցեր շատ եմ լսում Հայաստանից: Ես հայ-թուրքական յարաբերութիւնների բարելաւմանը կողմ կը լինէի 30 տարի առաջ, 20 տարի առաջ, բայց այսօր ոչ: Ես 30 տարի առաջ կ'ուզէի, որ Հայաստանն ու Թուրքիան բարիդրացիական յարաբերութիւններ ունենան, բայց դա չստացուեց, Թուրքիան չուզեց դա: Այսօր եթէ նոյնիսկ Թուրքիան ցանկանայ, ես դէմ կը լինեմ և յոյս ունեմ, որ այդ դէպքում Հայաստանը մի քիչ աւելի զուսպ կը մնայ, հեռու կը մնայ, անտարբեր կը մնայ, որովհետեւ այս վերջին պատերազմը մեզ համար եւս մէկ ապացոյց էր, թէ ումից կարող ենք բարիք ակնկալել, ումից չարիք ակնկալել: Քանի դեռ Թուրքիայում գործում է այսօրուայ կառավարութիւնը, որն արդէն 20 տարի իշխանութեան ղեկին է, պէտք չէ, որ մենք Թուրքիայի հետ բարեացակամ յարաբերութիւններ ունենանք:
Աղբիւր՝ Լրագիր