Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (110) Փետրուար 2021

Հարցազրոյց

Բացառիկ հարցազրոյց ԱՍԱԼԱ-ի ներկայացուցիչ Արամ Հայկազեանի հետ

antsoutarts1a
Հայաստանի յետպատերազմական իրավիճակի, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականութեան մարտահրաւէրների և ՀՀ-Սփիւռք համատեղ ծրագրերի մասին Հայաստանի ազատագրութեան հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) տեղեկատուութեան բաժանմունքը զրուցել է ԱՍԱԼԱ-ի քաղաքական դիւանի ներկայացուցիչ Արամ Հայկազեանի հետ, որը հրապարակում ենք:
Հայկական բանակը պատերազմեց, ոչ թէ Ադրբեջանի, այլ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի դէմ

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ

Հարցում. Սկսենք ամենավերջին զարգացումներից՝ պատերազմից։ Ինչպէ՞ս էք գնահատում տեղի ունեցածը և յետպատերազմական հայկական իրավիճակը։

- Նախեւառաջ, պէտք է սրբագրել քիչ թէ շատ տարածուած այն սխալ միտքը, որ մենք պարտուել ենք Ադրբեջանին։ Հայաստանը չի՛ պարտուել Ադրբեջանին։ Ադրբեջանը Հայաստանին յաղթող պետութիւն չէ։ Հայաստանի դէմ պատերազմել է ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ ցամաքային բանակը ունեցող Թուրքիան, իր ամենաարդիական ապառազինութեամբ։ Ըստ ադրբեջանական պաշտօնական աղբիւրների, պատերազմում մասնակցել են թուրքական բանակի էլիտար ստորաբաժանման 2 հազար 783 զինծառայող։ Աւելին, Թուրքիան պատերազմի առաջնագծում, որպէս թնդանօթի միս է օգտագործել հազարաւոր վարձկանների։ Ադրբեջանը հաստատում է, որ իր զոհերի թիւը, առանց անյայտ կորածների, 3000 է։ Բնականաբար, զոհերի իրական թիւը շատ աւելի մեծ է, մանաւանդ, որ յայտարարուած թւում չեն ընդգրկւում սպանուած թուրքերը, օտրերկրացիները և առաջնագծում օգտագործուող հազարաւոր վարձկանները։

Էական է, և չպէտք է մոռանալ նաեւ Իսրայէլի գործօնը, թէ՛ սպառազինման և թէ՛ փորձագէտների առումով։ Չանտեսենք նաեւ, Պակիստանի քաղաքական և ռազմական աջակցութիւնը, մինչ Հայաստանը պատերազմել է, մեն մենակ։ Ձեզ վստահեցնում եմ, որ տարածաշրջանի, 30, 40 միլիոն և դեռ աւելի բնակչութիւն ունեցող երկրները, մեզանից աւելի փայլուն պատերազմ չէին կարող մղել։ Ադրբեջանը, հակառակ իր միլիարդաւոր սպառազինութեան, իր սեփական կարողութիւններով ոչ միայն չէր կարող յաղթել Հայաստանին, այլ նոյնիսկ չէր համարձակուելու պատերազմ սկսել։ Ալիեւը եթէ յաղթել է, ապա ոչ իր պատերազմում։

Այս հարցի ճիշտ ընկալումը էական և առաջնային նշանակութիւն ունի մեր ժողովրդի հաւաքական գիտակցութեան և հոգեբանութեան վրայ թողած ազդեցութեան առումով։ Ենթադրել, թէ մենք պարտուել ենք Ադրբեջանին, դա մեր ժողովրդի համար հիասթափեցնող է, մինչ թուրք-ադրբեջանական ճակատի դէմ մեր Բանակի հերոսական պատերազմը, ոչ միայն հիասթափեցնող չէ, այլ խոր մտորումների տեղիք տուող հարց է, և հպարտութեան առիթ։ Պատմութիւնը խոշոր տառերով է արձանագրելու, և մեր գալիք սերունդները հպարտանալու են, Արցախեան և՛ առաջին և՛ երկրորդ պատերազմների համար։
Այլ հարց, որ մենք պէտք է դժգոհ լինենք մեզանից, մեզ վայել արդիւնք չունենալու համար։

Չմոռանանք, որ այս պատերազմով «լուծուել» են նաեւ աշխարհաքաղաքական հարցեր, այդ պատճառով էլ Թուրքիայի կողմից իրականացուած միջազգային յանցագործութիւնը՝ ահաբեկիչների օգնութեամբ պետական սահմաններ գծելը, չպատժուեց, և կցկտուր բառերից բացի, չդատապարտուեց միջազգայնօրէն։ Ընդհակառակը, ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդում Հայաստանի բարձրացրած հարցը, խոչընդոտուեց, թուրք-ադրբեջանական ճակատին զօրակցող պետութիւնների, այդ թւում Մեծ Բրիտանիայի կողմից։

Հարցում. Արդեօք հայ ժողվուրդը պէտք է հաշտուի՞ պատերազմի արդիւնքի հետ: Եթէ ոչ, ստեղծուած իրավիճակում՝ ուժերի բացայայտ դիսբալանս, աշխարհաքաղաքական գործօններ, միջազգային հանրութեան, մեղմ ասած անտարբերութեան պայմաններում, Հայաստանը և հայ ժողովուրդը ինչպէ՞ս պէտք է վերաբերուեն այս հարցի հետ։
- «Միջազգային հանրութեան» կեցուածքը միանշանակ չէ։ Նրանց որոշ ներկայացուցիչների դիտանկիւնից, Արցախը ի սկզբանէ Ադրբեջանին է պատկանել, սկսած այն օրից՝ երբ նոյնիսկ Ադրբեջանը գոյութիւն չի ունեցել, ըստ նրանց Դադի վանքն էլ, Տիգրանակերտն էլ, Շուշին էլ հայկական չեն։ Հայ ժողովուրդը ինչպէ՞ս կարող է հաշտուել նման անհեթեթութեան հետ, երբ նշեալ ուժերը առաջնորդւում են ոչ թէ իրաւունքի և արդարութեան, այլ ընդհակառակը, դրանց անտեսելու և ոտնահարելու սկզբունքով։

Հետեւաբար, մենք պարտաւոր ենք անել իւրովի եզրակացութիւններ և առաջնորդուել մեր օրակարգի թելադրանքով։ Եթէ ընդունենք, որ սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի ծրագրողներն ու նախաձեռնողները պատերազմը սկսեցին իրենց համար աշխարհաքաղաքական «բարենպաստ պայմաններում և ժամանակահատուածում», ապա մենք, որպէս պետութիւն և ազգ, մեր իրաւունքներին տէր կանգնելու համար մեզ իրաւունք ենք վերապահում հակադարձել նոյն տրամաբանութեամբ։


ՄԱՍՆԱՏՈՒԵԼՈՒ Է ԿԱ՛Մ ԹՈՒՐՔԻԱՆ, ԿԱ՛Մ ԻՐԱՆԸ

Հարցում. «Հայաստանը պէտք է խելք հաւաքի։ Հայ քաղաքական գործիչները, սփիւռքը իրենց ժողովրդին հասցրել են դժբախտութեան։ Եթէ հայ ժողովուրդը կարողանայ դասեր քաղել Ղարաբաղեան պատերազմից, ապա տարածաշրջանում կը սկսուի նոր դարաշրջան», 2020թ. դեկտեմբերի 10-ին, Բաքուի զօրահանդէսի ժամանակ յայտարարեց Թուրքիայի նախագահ Էրդողանը և յաւելեց, որ «ադրբեջանական հողերի ազատագրումը չի նշանակում, թէ պայքարն աւարտուած է»։ Իսկ Ալիեւն իր ելոյթում նոյնիսկ Զանգեզուրը, Սեւանը և անգամ Երեւանն Ադրբեջանի պատմական տարածքներ անուանեց։ Հարցը հետեւեալն է, որ Արցախում ռուս խաղաղապահների ներկայութեան և ՌԴ-Հայաստան ռազմավարական դաշինքի առկայութեան պայմաններում, այսօր Հայաստանն ու Արցախը որքանո՞վ են անվտանգ, պատերազմը ինչպէ՞ս է աւարտուած, երբ Էրդողանը ճիշտ հակառակն է պնդում, իսկ ուժերի անհամաչափութեան ներկայ պայմաններում, Հայաստանն ու հայութիւնն ի՞նչ միջոցներով են դիմակայելու թուրք-ադրբեջանական սպառնալիքներին, առաւել եւս՝ ինչպէ՞ս է իրականանալու հայկական կողմից «հակադարձ» պատասխանը։

- Քանի Թուրքիան գոյութիւն ունի, մշտապէս յաւակնութիւններ է ունենալու Հայաստանի տարածքների հանդէպ, դա կարող է լինել ուղիղ սպառնալիք կամ հերթական հռետորաբանութիւն։ Սակայն Թուրքիան սպառնում է ոչ միայն Հայաստանին այլ բացայայտօրէն հողային պահանջներով է հանդէս գալիս Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի և հարեւան այլ երկրների նկատմամբ, իսկ քրդերին՝ սպառնում ցեղասպանութեամբ։
«Ռուսաստանը, իր 25 միլիոն մահմեդականներով կը մասնատուի ներսից», ընդամէնը ամիսներ առաջ յայտարարեց Էրդողանի խորհրդականը, իսկ Բաքուի ձեր նշած զօրահանդէսի ժամանակ, Էրդողանը չսահմանափակուեց Հայոց ցեղասպանութեան պատասխանատու երիտթուրք Էնվերին մեծարելով, այլ քմծիծաղով բանաստեղծութիւն արտասանեց՝ Թաւրիզ քաղաքը ադրբեջանական հողամաս համարելով, ուղիղ սպառնալով Իրանի տարածքային ամբողջականութեանը, և դա երբ իրանական զօրքերը դիրքաւորուել էին Արաքսի հարաւային ափում:

Իրանը մասնատելու Թուրքիայի վաղեմի երազանքը ունի միջազգային քաջալերողներ և հովանաւորներ։ Իրանը մասնատելու համար Թուրքիան փորձում է, քրդական հարցը լուծել ի վնաս Իրանի, օգտուելով Իրանում թուրքախօսների լուրջ գործօնից, որ թուրք- ադրբեջանական մեծ ֆինանսաւորումներով վերջին տարիներում աննախադէպ ծաւալներով աշխուժացել է, մինչ Թուրքիան ինքը ունի եռապատիկ և աւելի քուրդ բնակչութիւն։ Մեր համոզմամբ, երկու բազմաէթնիկ՝ Իրան կամ Թուրքիա երկրներից մէկը անպայման մասնատուելու է և դա ընդամէնը ժամանակի հարց է։
Իրանի հիւսիս արեւելեան շրջանի մասնատուելու դէպքում, մեծ վնաս է հասցուելու ոչ միայն Իրանին և Հայաստանին, այլեւ խախտուելու է ողջ տարածաշրջանի անվտանգութեան համակարգը, իսկ համաթուրանականութիւնը թուրք ծայրայեղականների յաւակնութիւնից վերածուելու է տարածաշրջանի ճակատագիրը տնօրինող ուժի, և ապա սկսուելու է Ռուսաստանի քայքայման գործընթացը, որը նոյնպէս միջազգային հարթակներում ունի «յաճախորդներ» և աջակիցներ, և այսպէս հողային պահանջները շարունակուելու են Վրաստանից, Իրաքից, Սիրիայից և այլ երկրներից։
Ադրբեջանը ոչինչ է առանց Թուրքիայի, սակայն Ալիեւի յայտարարութիւնը, որ ամենեւին էլ նոր չէր, նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնից յետոյ, ստանում է նոր բնոյթ, որը մարտահրաւէր է նաեւ Ռուսաստանին, ում միջնորդութեամբ իբր թէ խաղաղութեան գործընթաց է սկսուել, բայց մենք տեսնում ենք, թէ Ադրբեջանն ինչպէ՞ս է պատկերացնում այդ խաղաղութիւնը։

Սակայն, «Միջազգային հանրութեան» գլխաւոր հատուածի կողմից Թուրքիայի դէմ պատերազմող քրդական շարժումի աննախադէպ սպառազինումն ու զօրացնելու քաղաքականութեան ի յայտ գալը, ամենեւին էլ պատահականութեան արդիւնք չէ։ Պատահականութեան արդիւնք չէ նաեւ, 50 տարի «այո-ոչ» խաղալուց յետոյ, ընդամէնը 43 օրերի տարբերութեամբ, ԱՄՆ Ներկայացուցիչների տան (30 հոկտեմբերի 2019թ.) և ապա ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման բանաձեւերի միաձայն քուէարկութիւնները (12 դեկտեմբերի 2019թ.)։ Յիշեցնենք, որ ԱՄՆ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցութիւնները անցնող 4 տարիների ընթացքում միաձայն չեն քուէարկել որեւէ բանաձեւի օգտին։

Մինչ այդ արաբ-իսրայելեան հակամարտութեան յարաբերական մեղմացման հետեւանքով, հզօր և մանաւանդ անկառավարելի Թուրքիան այլեւս անբաղձալի և խանգարիչ տարրի է վերածուել, իսկ մենք, Թուրքիայի և Ադրբեջանի գործօնները պէտք է տարանջատենք, որքանով էլ որ իրենք «եղբայրութիւն» են խաղում։

Իսկ Թուրքիայի մասնատման հեռանկարը, ոչ միայն անհաւանական չէ, այլ հետապնդուող նպատակ, որի պատճառներից մէկը, թուրքերի համեմատ քրդերի բնակչութեան անհամեմատելի աճն է Թուրքիայում։
Թուրքիայի մասնատումով, կղզիացուած Նախիջեւանը կ'ադրբեջանաթափուի։ իսկ Ադրբեջանի հանրապետութիւնը ամբողջովին կը մեկուսանայ, Իրանից տարածքներ պահանջելու իր ախորժակները կ'ամլանան, և Հայաստան-Իրան սահմանը կը մնայ պաշտպանուած թուրք- ադրբեջանական ոտնձգութիւններից։

Փաստօրէն, Հայաստանի անվտանգութիւնը և Արցախի ու Նախիջեւանի ամբողջական ազատագրումը պայմանաւորուած է Թուրքիայի, ներքին ազգամիջեան և դաւանանքային առճակատումների հետեւանքով առաջացող, քայքայումով և մասնատումով, որից մենք անբաժին չենք մնալու։
Տարածաշրջանի մեր հարեւան երկրների, և առաջին հերթին Իրանի, հողային ամբողջականութեան դէմ ուղղուած էական վտանգի վերացումը, նոյնպէս պայմանաւորուած է Թուրքիայի քայքայումով, և այստեղ մենք բարեկամ Իրանին և հարեւան այլ երկրներին համոզելու կարիք չունենք, որովհետեւ Անկարան և Բաքուն իրենք իրենց ամենօրեայ յայտարարութիւններով, գործունէութեամբ և յատկապէս իրենց գործակալների գրգռիչ քայլերով, յուշում են այդ սպառնալիքի մասին։

Հայաստանի Հանրապետութիւնն իր ներկայ աշխարհագրական դիրքով, ծայր աստիճանի խոցելի և կղզիացուած է։ Նոյնիսկ Արցախի և Նախիջեւանի ազատագրումը մեզ չի փրկելու այդ իրավիճակից և թուրք-ադրբեջանական ամենօրեայ ոտնձգութիւններից։ Հայաստանի ներկայ աշխարհաքաղաքական իրավիճակով, որեւէ քաղաքական ուժի, որեւէ իշխանութեան չի՛ յաջողուելու ապահովել ո՛չ ինքնիշխանութիւն, ո՛չ քաղաքացիների բնականոն կեանք և ո՛չ անվտանգութիւն։ Միայն Թուրքիայի մասնատումը և դէպի միջազգային գաղջ ջրեր հասանելիութիւնը կարող են երաշխաւորել ինքնիշխան և անվտանգ Հայաստանի գոյութիւնը։
ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ի՞նչ փոփոխություններ է կրել ԱՍԱԼԱ-ի գործունէութիւնը վերջին տարիներին և յատկապէս Հայաստանի անկախացումից յետոյ։ Որքանո՞վ է իրատեսական և իրագործելի ձեր առաջադրանքները։
1975 թ.-ին մենք կարծում էինք, որ մեծ երազանքներ ունենք, իսկ հիմա պարզւում է, որ դրանք այնքան էլ մեծ չէին: Պէտք է երազել մեծի մասին, որքան մեծ լինի երազանքը, այնքան մեծ բաների կը հասնենք:
Հաւատացէք հայութեան դէմ ցեղասպանութիւն իրականացրած և մեր երկրի գոյութեանը սպառնացող Թուրքիան այն հզօր պետութիւնը չէ, որ ձեւացնում է։ Թուրքիան հակառակ իր ծայրայեղ ծաւալապաշտական յաւակնութիւններին, տնտեսապէս և բազմազգ և բազմադաւանանք լինելու առումով չափազանց խոցելի և անկայուն երկիր է, իսկ ապագայում ներքին և արտաքին գործօնների հետեւանքով այն դառնալու է աւելի անկայուն և ներքնապէս խոցելի այլեւայլ գործօնների հետեւանքով։
Ժամանակին, երբ աշխարհի գրեթէ ոչ մի պետութիւն, ի բացառեալ բարեկամ Ուրուգուայից, չէր ճանաչել և չէր դատապարտել Հայոց ցեղասպանութեան իրողութիւնը, մեր կազմակերպութեան քաղաքական և ռազմական պայքարը հիմնականում կրում էր քարոզչական բնոյթ։ Իսկ այսօր, պայքարի 46-ամեակին, երբ մեր բարեկամ երկրների կողքին, աշխարհի գրեթէ բոլոր մեծ պետութիւնները նաեւ հաստատում են, որ Թուրքիա կոչուած պետութիւնը ստեղծուել է ցեղասպանութեան ոճիրի և հայութեան քանիհազարամեայ բնօրրանի բռնազաւթումով, մեր պահանջների համար միջազգայնօրէն ապահովում է իրաւական և քաղաքական հիմք և մեր պայքարը որակային այլ բնոյթ է ստանում։

Եթէ Թուրքիա կոչուած պետութիւնը մերժում է քաղաքակիրթ երկրների օրինակին հետեւելով հայութեան վերադարձնել իր հայրենի հողը, սփիւռքահայությանը չի մնում այլընտրանք, բացի Անկարայի հետ խօսելու այն լեզուով, որին արդէն ծանօթ է աւելի քան չորս տասնամեակ։

Հարցում. Այդ հարցում ի՞նչ դերակատարութիւն է վերապահւում Հայաստանի Հանրապետութեանը։
Մեր պետութիւնը կանգնած է մեծ մարտահրաւէրների և դժուարութիւնների առջեւ։ Հայաստանը պէտք է ուժեղանայ։ Բոլորս պէտք է աշխատենք, որ պետութիւնը հզօրանայ տնտեսապէս, բնակչութեան թուով և բոլոր այլ առումներով։ Պետութիւնն է մեր ազգի և քաղաքակրթութեան գոյատեւման գրաւականը։ Սփիւռքը պէտք է կարեւոր պատասխանատւութիւն ստանձնի հայրենի պետականութիւնը հզօրացնելու գործում։ Հետեւաբար, Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները պէտք է հիմնովին վերակառուցուեն։ Մեր ազգը ունի մեծ ներուժ և այդ ներուժը պէտք է օգտագործուի յանուն պետականութեան ամրապնդման և ազգային իղձերի իրականացման։

Հայաստանը պէտք է պատրաստուի վերը նշուած մեր համար «բարենպաստ պայմանների» հասունացմանը։ Եւ ոչ այնքան ուշ կը գայ ժամանակը, որ Թուրքիայի վարչական տարածքում նոր սահմանների ձեւաւորելու հարցում, մեր և մեր բարեկամ պետութիւնների շահերը կը համընկնեն։ Այդ գործընթացում, մենք, որպէս պետութիւն ունենալու ենք առիթ նուազագոյն կորուստով տիրանալու մեր պատմական բնօրրանին։
Մինչ այդ Հայաստանն իր ներկայ կարողութիւններով, Թուրքիայի հետ ո՛չ արկածախնդրական և ո՛չ էլ չսերտուած և երեւակայական բարեկամական քայլերի դիմելու անհրաժեշտութիւն չունի։ Հայաստանը պէտք է խուսափի մանաւադ «Ցուրիխեան արձանագրութիւններ»-ի նման խայտառակ փաստաթղթեր ստորագրելու թուրքական մի նոր ծուղակից, որը կարող է խոչնդոտել մեր իրաւունքների հետապնդման հարցը։

Հարցում. Ի՞նչ հանգամանքներ խոչընդոտեցին պատերազմում աւելի դրական արդիւնքներ ունենալուն:
- Հնարաւորութիւնների գերագնահատումը դէպի պարտութիւն տանող ճանապարհ է: Անյաջողութիւնների պատճառները կարող են լինել բազմաթիւ, քաղաքական իրավիճակների, սպասուող պատերազմի ծաւալների և ժամանակագրութեան մասին անյստակութիւնները, մեր և հակառակորդների սպառազինութեան մասին սխալ կամ անբաւարար գնահատականները, ողջ ազգաբնակչութեան և Բանակի գործնական և բարոյական պատրաստութեան աստիճանը, կադրային և բազմաթիւ այլ գործօններ կարող են պատերազմական գործողութիւններում վճռորոշող դեր խաղալ։ Խօսւում է նաև այլ բացասական երեւոյթների մասին, որոնք պէտք է յետաքննուեն։ Վստահաբար, այս ուղղութեամբ աւելի ուշ և հանդարտ մթնոլորտում կատարուելու է յետաքննութիւն, ու անվտանգութեան նկատառումներից մեկնած, այդ անհրաժեշտ յետաքննութիւնը մեծաւ մասամբ կը լինի ոչ հրապարակային։

Հարցում. Անցնող տարիներում, որո՞նք են եղել մեր կորուստների պատճառները։
Մեր պատմութեան ընթացքում մենք անգամներ կորցրել ենք մեր անկախութիւնը և դարեր է տեւել, վերանկախանալ։ Անցնող տարիներում ՀՀ պետական այրերի մօտ բարոյականութեան պակասը, քաղաքացիների նկատմամբ հոգատարութեան բացակայութիւնը, սեփականաշնորհման անուան տակ երկրի թալանը, հանքերի կողոպուտը, ռազմավարական նշանակութեան «օբյեկտների» օտարացումը... ծանր վնասներ են հասցրել մեր երկրին և մեր ժողովրդի հաւատքին։ Մենք ճիշտ չենք արժեւորել Խորհրդային ժամանակաշրջանում մեր ժողովրդի նուաճումները և անկախութեան տարիներին ինքնուրոյնութիւնը աւելի եւս արմատաւորուելու փոխարէն, մեր մօտ աճել է ագահութիւնն ու օտարամտութիւնը։

Անկախութեան և Արցախի ազատագրումի մեծ նուաճումից յետոյ, մենք ունեցել ենք 25-ամեայ նահանջ։ Անուս, և անգրագէտ պետական գործիչների մի ամբողջ հոյլ յուսահատութեան և յուսախաբութեան է մատնել մեր ժողովրդին և կործանարար արտագաղթը այս բոլորի հետեւանքն է։ Հայաստանի վերջին տասնամեակների վերնախաւը ձախողել է իրեն վստահուած առաքելութեան մէջ, և մեր ժողովուրդը իրաւացիօրէն դատապարտում է նրանց, յոյսը կապելով նոր սերնդին։ Այդուհանդերձ, մեր նոր սերունդը չպէտք է կրկնի իր նախկինների սխալը։ Չպէտք է բոլորովին անտեսել անցեալ 30 և աւելի տարիների լաւ ու վատ փորձը։ Պէտք է յարգել և հոգատար լինել սեփական ժողովրդի նկատմամբ, լինել բարոյական և օրինակելի։ Հայաստանը պէտք է վերածուի օրէնքի երկրի, որը առաջանորդւում է ինստիտուտներով և ոչ թէ հերթական ազգի ինքնակոչ փրկիչներով։ Ինքնուրոյնութիւնը և ինքնիշխանութիւնը Հայաստանում պէտք է դառնայ բացարձակ համոզմունք և արժէք։


ՍՓԻՒՌՔԻ ԴԵՐԸ

Հարցում։ Հայկական ներուժը ընդհանրապէս ինչպէ՞ս վերակառուցել և որո՞նք են ՀՀ- Սփիւռք յարաբերութիւնների անարդիւնաւէտութեան պատճառները։
Պատերազմի կարճատեւ օրերի ընթացքում Սփիւռքը Հայաստանին նուիրաբերեց 200 միլիոն ԱՄՆ դոլար։ Թէեւ այդ նուիրատւութիւնները պատերազմի և պետականութեան այլ կարիքների առումով չնչին գումար է կազմում, այդուհանդերձ այն գերազանցում է, անկախութեան օրուանից սկսեալ մինչ օրս «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով սփիւռքի ողջ օժանդակութեանը։ Հայրենիքին օժանդակելու համար Սփիւռքը ունի և ֆինանսական և մասնագիտական հսկայական կարողութիւն, սակայն այս բոլորը իրականացնլու համար և՛ Հայաստանում և՛ Սփիւռքում պէտք է կատարուեն կարեւոր փոփոխութիւններ։ Նշենք, մի քանի սկզբունքային կէտեր, թէեւ այս հարցը պէտք է հիմնովին քննարկուի Սփիւռքի և Հայաստանի այս ոլորտի մասնագէտների մասնակցութեամբ։

- Հայաստան- Սփիւռք յարաբերութիւնները, մինչև այն ժամանակ, որ շարունակում են մնալ «պալատական» և վերնախաւային, շարունակելու են մնալ ամուլ և անարդիւնաւէտ։
- Սփիւռքը պէտք է դառնայ պետականամէտ։ Սա սկզբունքային հարց է։ Անկախ նրանից, թէ հայրենի ժողովուրդի ազատ կամարտայայտութեամբ, որ քաղաքական ուժն է ստանձնում երկրի իշխանութիւնը, Սփիւռքը ՀՀ իշխանութիւններին պէտք է աջակցի անվերապահօրէն և առանց նախապայմանների։ Մինչ Անկախութիւնից ի վեր առկայ «պալատական» յարաբերութիւնների հետեւանքով, Սփիւռքում ոմանք օժանդակելու փոխարէն մրցակցում և պայքարում են Հայաստանի օրուայ իշխանութեան հետ, եկեղեցին գործածելով, որպէս սեփական ինքնաֆինանսաւորման աղբիւր, իսկ կղերականներին, որպէս քաղաքական գործիչներ կամ առարկաներ։

— Անկազմակերպ Սփիւռքը չի կարող լիարժէք օգնել Հայաստանին։ Հայաստանի հետ օրգանական կապի համար Սփիւռքը նախ ինքը պէտք է կազմակերպուի։ Հայաստանը, իր դեսպաններով, անկախ օրուայ իշխանութիւնից այս հարցում պէտք է ստանձնի բարոյական օժանդակութեան դերակատարութիւն։ Մինչ ՀՀ դեսպանները, բացառութիւնները յարգելով, իրենք ամենամեծ խոչընդոտներն ու խանգարողներն են Սփիւռքի առողջացման և ինքնակազմակերպման հարցում։


Հարցում։ ԱՍԱԼԱ-ն ներկայացուցիչ ունի՞ Հայաստանում:

Ո՛չ, մենք որեւէ պաշտօնական ներկայութիւն չունենք Հայաստանի Հանրապետութեան տարածքում։ Մենք այս մասին յայտարարել ենք, դեռ ՀՀ անկախութեան առաջին տարիներին, բացատրելով, որ մենք կտրականապէս դէմ ենք, որ այս ժամանակահատուածում Հայաստանը որպէս պետութիւն ներքաշուի ազատագրական պայքարի դաշտ։
Մեր կազմակերպութեան հիմնադրման 46 ամեակի առիթով, մի անգամ եւս յայտարարում ենք, որ ՀԱՀԳԲ-ը Հայաստանի Հանրապետութեան տարածքում չունի ոչ մի պաշտօնական ներկայութիւն, և ոչ մի համակիր, նախկին անդամ, կամ զօրակցող կազմակերպութիւն չի ներկայացնում ՀԱՀԳԲ-ը և իրաւասու չէ խօսելու կամ յանձնարարութիւններ ստանձնելու կազմակերպութեան անունով։