Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (107) Նոյեմբեր 2020

Հարցազրոյց

Շատ վաղուց է յայտնի, թէ ինչ խնդիր է լուծում Էրդողանը

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊԵԱՆ, Հարցազրուցավար

29.10.2020 |

antsoutarts1a
Մեր զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ Արևելագիտութեան ինստիտուտի տնօրէն, թուրքագէտ ՌՈՒԲԷՆ ՍԱՖՐԱՍՏԵԱՆԸ

-Թուրքիայի նախագահ Էրդողանը յայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ալիեւին, բայց Պուտինն էլ պէտք է հանդիպի Փաշինեանին, թէեւ առանձնապէս մեծ ակնկալիքներ չկան այդ հանդիպումներից: Ձեր կարծիքով, որքանով կարող են կենսունակ լինել ամէն կերպ ԼՂ հակամարտութեան կարգաւորման մեջ ներգրաւուելու Թուրքիայի քայլերը, և ինչ խնդիր է լուծում Էրդողանը:
-Շատ վաղուց է յայտնի, թէ ինչ խնդիր է լուծում Էրդողանը: Թուրքիան Հարաւային Կովկասում հասել է նրան, որ ունի մինիմում նոյնքան իրաւունք, ինչքան Ռուսաստանը: Ամբողջ նպատակը այդ է՝ ցոյց տալու, որ ինքը Հարաւային Կովկասում ունի ազդեցութիւն և կարող է մասնակցել այդ բանակցային գործընթացին:
-Կարո՞ղ է Մոսկուան Թուրքիային զսպող դեր խաղալ:
-Ռուսաստանը յայտարարել է, որ ինքը շարունակում է հաւատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին, այնպէս որ Ռուսաստանը ցանկութիւն չունի Թուրքիայի հետ միասին առանձին բանակցութիւնների միջոցով հանդէս գալ այս գործընթացում:
-Խօսւում է, որ Արցախում ընթացող պատերազմը կարող է վերածուել ռուս-թուրքական հակամարտութեան: Դուք որքանո՞վ էք սա իրատեսական համարում:
-Ես տեսնում եմ, որ Ռուսաստանը փորձում է ամէն կերպ խուսափել դրանից: Այո, դրա հնարաւորութիւնը կայ, բայց Ռուսաստանն էլ ցանկութիւն չունի կոնֆլիկտի մէջ մտնել Թուրքիայի հետ: Իսկ Էրդողանը ընդհակառակը, իր սովորութեան համաձայն ամէն տեղ հենց կոնֆլիկտներ է փնտռում: Իհարկէ, այս երկու երկրները մնում են հակառակորդներ, գնալով այդ հակառակորդ լինելու հանգամանքն աւելի կ'ուժեղանայ: Չնայած նրանք ունեն նաեւ որոշակի ընդհանուր շահեր, մասնաւորապէս, Սիրիայում, բայց ամէն դէպքում, իրենց հակադիր դիրքերը մեր տարածաշրջանում կը նպաստեն նրան, որ հակասութիւնները այդ երկու երկրների միջեւ կ'ուժեղանան:
-Տեսակէտ կայ, որ Թուրքիան փորձում է իր պանթուրքիստական ծրագիրը կեանքի կոչել: Դուք տեսնո՞ւմ էք նման միտումներ:
-Անտարակույս, ես այդպիսի միտումներ տեսնում եմ: Եւ պանթուրքիստական, և պանիսլամիտական միտումներ: Մենք խօսում ենք պանթուրքիզմի մասին, որն, իհարկէ, շատ կարեւոր տեղ է գրաւում Թուրքիայի քաղաքականութեան մէջ շատ պարզ պատճառով, որովհետեւ երկրի ներսում Էրդողանը գնացել էր կոալիցիայի պանթուրքիստական կուսակցութեան՝ «Ազգայնական շարժում» կուսակցութեան հետ, հետեւաբար իր քաղաքականութեան մէջ պանթուրիստական միտումներն ուժեղացել են: Մանաւանդ թուրքական մամուլը գրում է այն մասին, որ Էրդողանի վրայ իր ազդեցութիւնն ուժեղացրել է Դեվլեթ Բահչելին և «Ազգայնական շարժում» կուսակցութեան ղեկավարը: Այո, մենք տեսնում ենք, որ Թուրքիան նմանատիպ պանթուրքիստական նկրտումներ ունի:
Երկրորդ, ես կարծում եմ, որ չի կարելի անտեսել, որ Էրդողանն ունի նաեւ պանիսլամիստական որոշակի նկրտումներ: Դա երեւում է այն բանից, որ նա փորձում է իսլամական աշխարհում իր հեղինակութիւնը բարձրացնել հնարաւորինս, հանդէս գալ որպէս իսլամական աշխարհի առաջնորդ: Դրա օրինակները բազմաթիւ են: Դա, իհարկէ, դուր չի գալիս արաբական երկրներին, մասնաւորապէս, Սաուդեան Արաբիային, Եգիպտոսին: Պատահական չէ, որ այս երկու երկրները, որոնք իրենք են ձգտում իսլամական աշխարհում որոշակի առաջնային դիրքեր ստանձնել, նրանց հետ Թուրքիայի յարաբերութիւններն այդպես սրուած են: Ես այստեղ ուզում եմ նշել Էրդողանի նախկին գլխաւոր խորհրդական, գեներալ Ադնան Թանրըվերդիի անունը, որը հենց պանիսլամիստական ծրագրերի իրականացմամբ է զբաղւում: Ինքն ունի մի այսպիսի հայեցակարգ՝ Ասրիկա, որի էութիւնը հետեւեալն է. Ասրիկա նշանակում է Ասիա և Աֆրիկա միասին: Նա այդ գաղափարն է առաջ տանում, որ պէտք է ստեղծուի իսլամական 61 երկրների կոնֆեդերացիա, որի մայրաքաղաքը պէտք է լինի Ստամբուլը: Ինքն աշխատում է իր կազմակերպութիւններով այդ ծրագրերի իրականացման վրայ: Այնպէս որ, գոյութիւն ունի Էրդողանի նաեւ պանիսլամիստական ծրագիրը:
ԼՐԱԳԻՐ