Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (104) Յուլիս 2020

Հարցազրոյց

ԿՐՕՆԱՓՈԽ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

antsoutarts1a
Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէն Հայկազուն Ալվրցեանի հետ «ՀՀ»-ն զրուցում է Թուրքիայում ապրող կրօնափոխ հայերի մասին. ի՞նչ խնդիրների առաջ են կանգնած այս մարդիկ, ի՞նչ է նրանց սպասւում ապագայում։

-Պարոն Ալվրցեան, «արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութիւն» արտայայտութիւնն այսօր որքանո՞վ է ռէալ (իսկական Ա.Խ.) հնչում։
-Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան խնդիրը շատ արդիական է, բայց եւ արդիական լինելով՝ նաեւ մոռացուած է մեզանում։ Որպէսզի ռէալ լինելու մասին խօսենք, նախ եւ առաջ պէտք է տեղեկանանք, ի՞նչ ունենք Արեւմտեան Հայաստանում եւ արեւմտահայութեան շրջանում։ Մենք մեր առջեւ դրել ենք յստակ խնդիր. ուսումնասիրել արեւմտահայութեան կեանքը բոլոր դիտանկիւններից՝ ազգային, կրօնական, մշակութային, քաղաքական, տնտեսական եւ այլն։ Ընդ որում, ոչ միայն Արեւմտեան Հայաստանում, այլեւ Կիլիկիայում, Փոքր Հայքում, Պոնտոսում եւ երկրի այլ տարածաշրջաններում։
-Իսկ այդ հայերի ո՞ր մասն է գիտակցում իր ազգային պատկանելիութիւնը։
-Թուրքիայում ապրող հայերը բաժանւում են մի քանի խմբի։ Լոզանի պայմանագրով պոլսահայութեանը տրուեց կրօնական համայնքի կարգավիճակ՝ Թուրքիոյ հայոց պատրիարքարանի առաջնորդութեամբ, որի ենթակայութեան տակ են Թուրքիայի այլ շրջաններում դեռեւս պահպանուած մի քանի եկեղեցական փոքրիկ ծխեր։ Ըստ էութեան, Թուրքիայում կիսապաշտօնական կերպով հայ են համարւում միայն այս համայնքի հայերը։ Ունենք համշենահայերի մի մեծ զանգուած, որոնց թուրքերը կոչում են հեմշիլներ, այսինքն՝ համշենցիներ։ Սրանք հիմնականում 250-300 տարի առաջ իսլամացած հայեր են, որ ապրում են Սեւ ծովի ափին՝ Պոնտոսում։ Նրանց մի մասը՝ յատկապէս Արդուինի նահանգում բնակուողները, այսօր էլ գիտակցում են իրենց ազգային ակունքները, խօսում են հայոց լեզուի Համշենի բարբառով։ Արեւմտեան Հայաստանում, պատմական Կիլիկիայում եւ Թուրքիայի այլ վայրերում բնակուող հայերն ըստ դաւանանքի բաժանւում են երկու մեծ խմբի՝ իսլամադաւաններ եւ ալեւիութիւն դաւանողներ։ Սրանց մի մասը հանդէս է գալիս քրդական ինքնութեան պիտակով, միւսը՝ թրքական։ Այս մարդկանց մի մասը հեռացել է իր ազգային ակունքներից ու չի էլ ուզում այլեւս այդ մասին յիշել։ Միւսները գիտեն, թէ ովքեր են իրենք եւ պատրաստ են վերադառնալու սեփական ակունքներին։ Վերջին խմբին ընդունուած է համարել ծպտեալ հայեր, թէեւ վերջին տասնամեակներին ծպտեալ բառը պայմանական իմաստ է ձեռք բերել, քանզի արդէն նրանց հայ լինելն այլեւս գաղտնիք չէ։ Նրանք ոչ միայն պահպանում են իրենց հայկական էութիւնը, այլեւ, թէկուզ զրկուած եկեղեցուց, գաղտնի պահպանում են ազգային դաւանանքի ինչ-ինչ տարրեր։ Փաստօրէն, ապրում են երկու կեանքով. արտաքին աշխարհի համար այլ անուն ու վարքագիծ ունեն, իսկ ներքին՝ ընտանեկան կեանքում ապրում են ժառանգաբար ստացած ծէսով ու կարգով։ Ընդ որում, խիստ զգօն են նաեւ ամուսնութիւնների հարցում՝ ամուսնանում են հիմնականում իրար հետ։ Եւ հնարաւոր առիթի դէպքում անպայման յայտարարում են իրենց հայ լինելու մասին։ Սրանցից շատերը, տեղափոխուելով Պոլիս, մկրտւում են եւ վերադառնում հայոց եկեղեցու գիրկը։
–Իրենց միջավայրում ինչպէ՞ս է ընդունւում այդ վարքագիծը, չե՞ն ենթարկւում հալածանքների։
–Պոլսում ընդգծուած հալածանք չկայ, բայց այլ բնակավայրերում ճնշման տակ են։ Գիտէք, որ իսլամի օրէնքով իսլամից հրաժարումը ենթադրում է մահապատիժ։ Իհարկէ, աշխարհիկ պետութեան պարագայում արդէն մի փոքր այլ է, բայց Թուրքիայում խնդրի էութիւնը էապես քիչ է փոխուել։
-Իսկ կայ՞ մօտաւոր թիւ. որքա՞ն են հայերը։
-Յենուելով բազմաթիւ ուսումնասիրողների տեսակէտների վրայ, հաշուի առնելով այլեւայլ հանգամանքներ ու գործօններ, նախ, հայութեան՝ մինչեւ ցեղասպանութիւնը եղած թուաքանակը, սփռուածութեան աւազանները, ցեղասպանութեանը զոհ գնացած հայության թիւը, նաեւ նկատի ունենալով որոշ թուրք հեղինակների, այդ թւում՝ նաեւ Հալաչօղլուի նման հակահայ «պատմաբանների» բերած տուեալները, 2014 թ. իմ «Կրօնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետութիւնում» գրքի մէջ յայտնեցի այն կարծիքը, որ այսօր Թուրքիայում ունենք 3,5-4 մլն-ի հասնող իսլամացուած հայութիւն։ Խօսքը 1915-ից յետոյ իսլամացուածների եւ համշենահայերի մասին է։ 2 թե 3 տարի առաջ Թուրքիայի մի պաշտօնական կայք նշում է 4,5 միլիոն թիւը, ինչը խօսում է այն մասին, որ իմ հաշուարկները մօտ են իրականութեանը։
-Այս մարդկանց համար Դուք ի՞նչ ապագայ էք տեսնում։
-Բարդ է նրանց ապագայի հարցը։ Եւ բարդ է մի շարք առումներով, որովհետեւ այն պայմանաւորուած չէ միայն իրենց ցանկութեամբ եւ վարքագծով։ Դեր են խաղալու բազմաթիւ այլ գործօններ եւս։ Նախ՝ կարեւոր դեր կը խաղայ երկրի արեւելումը. Թուրքիան ձգտում է մտնել Եվրամիութիւն, որը նրա առաջ որպէս նախապայման դրել է ժողովրդավարացման, ազատականացման լուրջ պահանջներ։ Ապա՝ Թուրքիան ներքին զարգացման ի՞նչ ուղի կ'ընտրի՝ ժողովրդավարացմա՞ն, բռնապետութեան հաստատմա՞ն, կրոնապետութեա՞ն, թէ՞ մէկ այլ։ Կարեւոր է նաեւ քրդական գործօնը։ Այս ժողովուրդը բացայայտ պայքար է մղում իր ինքնավարութեան համար, մի բան, որն անհնարին էր պատկերացնել մի 40 տարի առաջ։ Ի վերջոյ, մենք գիտենք, որ, սահմանադրութեան համաձայն, Թուրքիայում ծնուած բոլոր մարդիկ թուրք են։ Բայց այսօր թապուն( կարծրատիպը ԱԽ) ջարդուել է։ Ողջ աշխարհը, նաեւ իրե՛նք են խօսում քրդական հարցի մասին։ Ասել է թէ՝ ընդունում են, որ նրանք թուրք չեն։ Ամենակարեւորը՝ քրդական հարցին զուգահեռ՝ բարձրանում է նրանց համար վտանգաւորագոյն՝ հայկական հարցը։ Արդէն պաշտօնապէս են խօսում իսլամացուած հայերի խնդրի լրջութեան մասին։ Այս հարցում էական գործօն դարձաւ նաեւ Հայաստանի անկախացումը, որը հայութեան՝ ազգային ինքնութեանը վերադառնալու լրացուցիչ խթան է։ Աւելին՝ այսօր շատ իսլամադաւան հայեր գալիս են Հայաստան կա՛մ որպէս զբօսաշրջիկ, կա՛մ ինչ-ինչ աշխատանք անելու։ Օրինակ՝ Խոպա քաղաքի իսլամացուած համշենահայերը ակտիվ (աշխոյժ ԱԽ) գնում-գալիս են Հայաստան դեռեւս 1991-ից։ Թուրքիայից Հայաստան ապրանքներ բերող աւտոմեքենաների վարորդները հիմնականում այս մարդիկ են։
-Նման հայերը փորձ չե՞ն անում գալ ու դառնալ Հայաստանի քաղաքացի։
-Նման դէպքեր արդէն գրանցւում են, բայց նրանք հիմնականում չեն լքում այն հողերը, որոնց վրայ ապրելու հնարաւորութեանն ի գին, կորցրել են լեզու, դաւանանք եւ ինքնութեան այլ տարրեր։ Այս դէպքը յաճախ եմ յիշում. երբ դեռեւս 2005 թ. ամռանը Արեւմտեան Հայաստանում իսլամացած մի հայ երիտասարդի հարցրի՝ ինչո՞ւ Հայաստան չէք գալիս, ինձ պատասխանեց. «Մենք Հայաստանում ենք ապրում, դո՛ւք եկէք Հայաստան»։
-Իսկ Թուրքիայի այսօրուայ քաղաքականութիւնն ո՞ւր է տանում այս մարդկանց։
-Օսմանեան կայսրութիւնից մնացած որոշ թապուներ (կարծրատիպեր ԱԽ), որոնք գործում էին նաեւ հանրապետական շրջանում, այսօր ճաքեր են տալիս։ Մի բան հասկանալի է. այլեւս վերադարձ չի լինելու նախկին վիճակին։ Բայց դեռ չի նշանակում, որ հայութեան այս հատուածին վառ ապագայ է սպասում, որովհետեւ սահմանադրօրէն նրանք, որպէս հայ, պարզապէս գոյութիւն չունեն։ Ընդամէնը գիտական, հասարակական շրջանակներում են ընթանում խօսակցութիւններ՝ նրանց ինքնութեան վերաբերեալ։ Բայց այս ամէնով հանդերձ՝ չի էլ նշանակում, թէ Թուրքիայի իշխանութիւնները չեն գիտակցում, որ այս հարցը կայ։ Աւելին՝ Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրումից ի վեր առաջին անգամ կառավարութիւնը լրջօրէն հետաքրքրւում է հայկական հարցով եւ որոնում է լուծումներ։ Որովհետեւ, ըստ էութեան, իսլամացուած հայերի հարցը չի առանձնացւում ընդհանուր հայկական հարցից։
-Թուրքիայում հայկական եկեղեցիները վերականգնում են ու դարձնում թանգարան։ Սա ի՞նչ երկդիմի խաղ է։ Մի կողմից՝ վերականգնում են հաւատի տները, միւս կողմից՝ վերցնում են տէրերի ձեռքից՝ տալով դրանց պետական կարգավիճակ։
-Ամբողջ խնդիրը հենց դա է։ Այն էլ ասեմ, որ միայն հայկական եկեղեցիների վերաբերեալ չէ, որ Թուրքիան նման քաղաքականութիւն է վարում։ Եւրամիութեան ճնշման տակ ստիպուած է որոշ թատերականացուած ներկայացումներ անել՝ փորձելով խորքում բոլորովին այլ հարցեր լուծել։ Փաստօրէն, եթէ մինչ այդ իսլամացուած հայերի ծպտեալ հատուածից շատերը եկեղեցիների աւերակներում մոմ էին վառում, մատաղ անում, այսինքն՝ իրենց ազգային ինքնութեան հետ որոշ հոգեւոր կապի մէջ էին մտնում, դրանից զրկւում են։ Հիմա պետութիւնը գալիս ու դրանք վերցնում է, դարձնում է թանգարան կամ հնագիտական արգելավայր, զինուորներին պահակ է կարգում եւ այլն։ Այսինքն՝ մարդկանց զրկում է իրենց ինքնութիւնն այս կամ այն կերպ պահպանելու մէկ հնարաւորութիւնից եւս։
Գոհար Սարդարեան
«Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթ