Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (103) Յունիս 2020

Հարցազրոյց

«Մենք իրար լաւ չենք ճանաչում․ Սփիւռքի ներուժի հաւանաբար հինգ տոկոսը չենք օգտագործել»

 

antsoutarts1a
«Առաջին լրատուական»-ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխաւոր խմբագիր Յարութ Սասունեանը:

– Պարոն Սասունեան, օրերս նախագահ Արմեն Սարգսեանը իր հարցազրոյցում ֆենոմենալ(երեւոյթի համազօր) է որակել հայկական սփիւռքը՝ նշելով, որ սփիւռքահայերի ներուժը, յատկապէս նրանց գիտելիքներն ու փորձն առաւել արդիւնաւէտ օգտագործելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ (հաստատութենական) մօտեցում ունենալ` օրենսդրական և գործնական միջոցառումների համադրմամբ, որոնք ուղղուած կը լինեն նրանց մասնակցութեան ընդլայնմանը հասարակական, քաղաքական կեանքում և յատկապէս՝ երկրի մշակութային և տնտեսական զարգացման մէջ։ Ինչպէ՞ս էք գնահատում այս յայտարարութիւնը։
– Սա մի թեմա է, որին ես շատ մօտիկից ծանօթ եմ և երկար տարիներ աշխատել եմ դրա վրայ։ Ասեմ, որ նախագահի դիտարկմանը, որ պէտք է սփիւռքի ներուժն աւելի լաւ օգտագործել, լիովին համաձայն եմ, որովհետեւ անկախութեան 30 տարիների ընթացքում սփիւռքի ներուժի հաւանաբար հինգ տոկոսը չենք օգտագործել։ Բացի այդ, երբ «սփիւռք» բառն օգտագործում ենք, դա շատ ընդհանրական բառ է, ունի շատ իմաստներ։ Սփիւռքը բազմաշերտ է, որտեղ կան ամէն տեսակի մարդիկ, անհատներ, համայնքներ։ Դրանք բաւական տարբեր են իրարից՝ իրենց պատմութեամբ, և հնարաւոր չէ խօսել միայն սփիւռքի մասին, պէտք է խօսենք սփիւռքների մասին։ Իսկ վերջին 40-50 տարիների ընթացքում Հայաստանից շատ հայեր են արտագաղթել աշխարհի չորս կողմը։ Սփիւռքի վերջին շերտն է, որը լիովին տարբեր է աւանդական սփիւռքից։ Եւ այս բոլոր տարբերութիւնները պէտք է հաշուի առնել։ Հիմա մենք ունենք սփիւռքի գործերի յանձնակատար, որը թէեւ վերջերս չի կարողանում ճամբորդել, բայց մինչ այդ տարբեր հանդիպումներ ունեցաւ սփիւռքի ներկայացուցիչների հետ։ Պէտք է ասել, որ սա շատ բարդ աշխատանք է։ Գալով Արմէն Սարգսեանի առաջարկներին՝ այո, համաձայն եմ, որ պէտք է ինստիտուցիոնալ(հաստատութենական) լինի, բայց տարբեր մարդիկ դա հասկանում են տարբեր իմաստով։ Ինստիտուցիոնալ ասածը նախ պէտք է բացատրել, կան տարբեր տարբերակներ։ Օրինակ՝ այդ ինստիտուցիոնալ կառոյցը ով՞ պէտք է ձեւաւորի։ Կա երկու կարծիք. մէկը այն է, որ Հայաստանի կառավարութիւնը ինքը նախաձեռնի սփիւռքի կառոյցի կազմակերպումը, նաեւ կայ այլ կարծիք, որ սփիւռքահայերն իրենք պէտք է կազմակերպեն իրենց։ Ես աւելի համամիտ եմ երկրորդ տարբերակին, որովհետեւ սփիւռքը բաւականին տարբեր է Հայաստանից, և Հայաստանի կառավարութիւնն արդէն իսկ աշխատանք ունի Հայաստանի ժողովրդին ղեկավարելու, կառավարելու, ինչը շատ աւելի դժուար գործ է, որ դեռ կարողանայ սփիւռքը ղեկավարել և հասկանալ սփիւռքի հարցերը։ Մենք կարծում ենք, որ իրար լաւ ենք հասկանում, սակայն իրականում լավ չենք ճանաչում իրար։ Անշուշտ կան մի քանի բացառութիւններ, բայց այդ բացառութիւնները շատ քիչ թիւ են կազմում։ Սփիւռքի մեծ մասը Հայաստանին լաւ չի ճանաչում, և Հայաստանն էլ սփիւռքին լաւ չի ճանաչում, և եթէ սփիւռքը փորձի Հայաստանը ղեկավարել, չի յաջողուի, կամ եթէ Հայաստանը փորձի սփիւռքը ղեկավարել, էլի չի յաջողուի։ Ուրեմն Հայաստանի ժողովուրդը պէտք է կառավարի Հայաստանը, և սփիւռքը պետք է ղեկավարի սփիւռքը։

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանի նորագոյն պատմութեան որեւէ իշխանութիւն առաջնահերթութիւն չի դիտարկել սփիւռքը և բաւարար քայլեր չի արել այդ ուղղութեամբ։
– Անշուշտ, չի կարելի ասել, որ որեւէ քայլ չի արել, որոշ քայլեր արուել են։ Վերջին տասը տարիներին ունէինք սփիւռքի նախարարութիւն, դա նշանակում էր, որ կառավարութիւնը կարեւորութիւն էր տուել սփիւռքին և նախարարութիւն էր ձեւաւորել։ Կարող ենք վիճել՝ որքանով էր այդ նախարարութիւնը օգտակար և արդիւնաւէտ էր իր աշխատանքներով, բայց որոշ փորձեր եղել են։ Եւ հիմա վերջին կառավարութիւնը սփիւռքի յանձնակատարի պաշտօնում փորձում է իր մօտեցումով սփիւռքի հարցերով զբաղուել։ Ես այն կարծիքին եմ, որ պէտք է նախարարութիւն լինէր և ոչ յանձնակատար։ Եւ եթէ նախարարութիւնը լաւ չէր աշխատել, պէտք էր նոր ուժերով, նոր ծրագրերով աւելի լաւ աշխատել։ Ես միշտ ասում եմ, որ եթէ պաշտպանութեան նախարարութիւնը լաւ չի աշխատել, դա չի նշանակում, որ պէտք է փակել պաշտպանութեան նախարարութիւնը, դա նշանակում է, որ պէտք է բարելաւել, նոյնը սփիւռքի նախարարութեան հետ կապուած. եթէ նախարարութիւնն իրեն չէր արդարացրել, պէտք էր բարելաւել այն։
– Նախագահը նաեւ նշել է՝ մեր առաքելութիւնը հասկանալի է՝ ուժեղ պետութեան միջոցով հասնել ազգի ցանցային մոդելի։ Ցանցային մոդել ունենալու գաղափարը որքանո՞վ է իրատեսական։
– Անշուշտ, եթէ պէտք է կազմակերպուի, պէտք է կազմակերպութիւնը հիմնուի ցանցերի վրայ, և ամէն ինչ պէտք է ծրագրաւորուի, որպէսզի սահուն ընթանայ։ Եւ պէտք է յստակ ծրագիր լինի. ես դէմ չեմ, որ մենք հանդիպենք և տարբեր գաղափարներ առաջարկենք, իրար հետ վիճենք, բայց վերջնարդիւնքում պէտք է եզրակացութեան գանք։ Եւ պէտք է քուէարկութեան դրուի, և դեմոկրատիկ (ժողովրդավարական» ձեւով եզրակացութեան հասնենք։
Վերջին երեսուն տարիներին, դժբախտաբար, ինչպէս բոլորն են ասում, Հայաստանի կառավարութիւնը սփիւռքին նայել է որպես կթան կով, և միայն մտածել են փողի և եկամուտի մասին, թէ ինչպէս փող ստանան սփիւռքից։ Փողը, իհարկէ, կարեւոր է, բայց շատ աւելի կարեւոր է սփիւռքի մասնագէտների ներուժը։ Հայաստանն ունի այդ մասնագէտների կարիքը, և Փաշինեանն էլ խօսում է դրա մասին, պէտք է որոշ օրէնքներ փոխուեն, բայց որեւէ առաջընթաց այդ ուղղութեամբ չի երեւում: Սփիւռքի երրորդ կարեւոր ներուժն այն է, որ սփիւռքահայերը ապրում են 100 երկրների մէջ և աշխատում են օտար երկրներում ու ունեն տեղացի հարեւաններ, ընկերներ, և նրանք էլ ունեն բաւականաչափ ներուժ և մասնագիտութիւն. սփիւռքահայերը կարող են օտարներին ներգրաւել և նրանց ծանօթացնել Հայաստանը, իրենց հետ Հայաստան բերել և օգնել, որ նրանք էլ մասնակցեն Հայաստանում ներդրումներ անելուն, և նաեւ նրանց մասնագիտութիւններով օգտակար լինել։ Այսինքն՝ միայն հայերը չէ, որ կարող են օգնել Հայաստանին, կարող են նաև օտարներին ներգրաւել մեր աշխատանքներում։
Հարցազրոյցը վարած է Սիրանոյշ Պապեանը