Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (102) Մայիս 2020

Հարցազրոյց

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ. ԱՌԱՆՑ ՊԱՐՏՈՒԹԵԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԻ

antsoutarts1a
Այս հարցազրոյցը տուել եմ 10 տարի առաջ։ Ցաւօք, տակաւին կանգնած ենք նոյն արհեստական պառակտումների առջեւ, որովհետեւ և՛ հին, և՛ նոր իշխանութիւնները մերժում են հայ ժողովրդի օբյեկտիվօրէն(առարկայականօրէն ԽՄԲ.) ընթացող ազգային-ազատագրական պայքարի գաղափարախօսութիւնն ու գործնական պահանջները։ ԱՐՄԷՆ ԱՅՎԱԶԵԱՆ
Մենք՝ հայերս, գորովանքով ենք վերաբերւում յիշարժան տարեթուերին, յատկապէս եթէ դրանք առնչւում են փառապանծ ճակատամարտերին՝ Աւարայր, Սարդարապատ, Շուշի… Քաղաքագիտութեան դոկտոր, «Արարատ» ռազմավարական հետազօտութիւնների կենտրոնի տնօրէն Արմէն Այվազեանը, որը զբաղւում է հայոց ռազմական արուեստի պատմութեանն ու Հայաստանի աշխարհաքաղաքական իրողութիւններին առնչուող ռազմավարական ու հոգեբանական խնդիրների ուսումնասիրութեամբ, համոզուած է. Սարդարապատի շնորհիւ ի դերեւ ելան այն թիւր պատկերացումները, որ փորձում էին մեզ ներարկել մեր հակառակորդները, թէ իբր համաշխարհային պատմութեան եւ քաղաքականութեան մէջ մենք անզօր ու անօգնական ենք։ Սարդարապատը, վերջին շրջանում նաեւ Ղարաբաղեան ազատամարտը, ցոյց տուեցին, որ հենց մենք ենք մեր պատմութեան կերտողը։

__ Որքանո՞վ ենք հաշուի առնում այսօր մեր պատմութեան դասերը։
__Այդ դասերը դեռ լիովին չեն վերլուծուել ու իւրացուել ոչ մեր պատմական մտքի, ոչ, առաւել եւս, մեր քաղաքական էլիտայի (ընտրանի Ա.Խ.) կողմից, որն, ի դէպ, ծանոթ չէ անգամ գոյութիւն ունեցող պատմական գրականութեանը։ Մինչդեռ ռազմավարութիւնը կիրառական դիսցիպլին (կարգապահութիւն Ա.Խ.) է, որը կապում է անցեալը, ներկան ու ապագան։ Ժամանակային այս երեք տարածքների փոխադարձ կապի ընկալումը կարող է դառնալ այն տիրոյթը, որտեղ ռազմավարութիւնը սկսում է ներգործել իրականութեան վրայ։
__Ասուածի համատեքստում, մեր ռազմական պատմութեան մէջ ինչպէ՞ս են սովորաբար փոխներգործում ռազմավարութիւնն ու մարտավարութիւնը։
__Մեր ռազմավարական միտքը թոյլ է հենց այն պատճառով, որ յաճախ ռազմավարական միտքը նենգափոխւում է մարտավարականով։ Ընդ որում, վերջինս ռազմավարական միտքը փոխարինում է բաւական տեւական ժամանակով, այնուհետեւ այլ մարտավարական միտք է ծագում ու փոխարինում ռազմավարականին։ Իսկ ռազմավարութիւնն այդպէս էլ չի յաջողւում զարգացնել։ Այստեղ տեղին է խօսել նաեւ մեր ռազմավարական «դիմադրութեան կուլտուրայի (մշակոյթի Ա.Խ.)» մասին։ 20-րդ դարում այն բաւական հակասական էր։ Մենք հասանք մինչեւ Սարդարապատի ճակատամարտ՝ մի կողմից ձեռք բերելով 19-րդ դարի վերջին ֆիդայական ազգային-ազատագրական շարժմամբ ամրապնդուած ռազմական պատմութեան զօրեղ աւանդոյթներ, իսկ միւս կողմից չյաղթահարելով թոյլ զարգացած քաղաքական ու ռազմավարական միտքը։
__Հայաստանում միշտ կարեւորուել են զինուած ուժերը…
__Հին եւ միջնադարեան հայոց պետութեան ռազմական աւանդոյթներն ու բանակը այնքան ուժեղ էին ու խորը արմատներ էին ձգել, որ վերապրեցին պետականութեան կորուստը եւ նոյնիսկ առաւել մռայլ ժամանակներում պահպանուեցին Հայաստանի՝ միմեանցից կտրուած որոշ շրջաններում։ Այդ ուժերի գոյութիւնն ինքնին, երբ Հայաստանը գտնւում էր իսլամական երկու գերտէրութիւնների՝ Իրանի ու Թուրքիայի լծի տակ, արդէն պատմական հրաշք է։
__Իսկ որտե՞ղ էին դրանք պահպանուել։
__Արեւելեան Հայաստանում՝ հիմնականում Արցախում եւ Սիւնիքում, իսկ Արեւմտեան Հայաստանում՝ Սասունում, Վասպուրականում, Զէյթունում եւ որոշ այլ շրջաններում։ Թէեւ երբեմն փորձեր են արուել միաւորելու հայկական պետութեան այս մնացորդները, բայց դրանք յաջողութեամբ չեն պսակուել։ Պատճառները հիմնականում օբյեկտիվ (առարկայական Ա.Խ.) են. այդ ուժերը չունէին այն հզօրութիւնը, ինչպիսին ունէին Թուրքիան ու Իրանը։ Նրանց տրուած չէր ինքնակազմաւորուելու Հայաստանի ազատագրման առաւել հզօր բանակի։ Միայն մէկ անգամ՝ 1720-ականներին, Արեւելեան Հայաստանում յաջողուեց կազմաւորել զինուած ուժեր։ Այդ տարիներին շատ կարճ ժամանակաընթացքում Սիւնիքում, Արցախում, Երեւանում վերստեղծուեց հայկական բանակը։ Բայց դարձեալ ուժերի յարաբերակցութիւնը թոյլ չտուեց հայկական զօրքերին միաւորուելու եւ վերահսկողութիւն հաստատելու ողջ Արեւելեան Հայաստանի վրայ։
__Ազատագրական բոլոր ճակատամարտերը կենաց-մահու պայքար են, այլ կերպ չէր էլ կարող լինել…
__Երբ խօսում ենք Սարդարապատի մասին, պէտք է նկատի ունենալ նաեւ եւ Բաշ Ապարանի, եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերը։ Բայց, իհարկէ, Սարդարապատը կենտրոնական մարտն էր՝ Երեւանի համար մարտը։ Այս ճակատամարտում վճռւում էր Հայաստանի լինել-չլինելու հարցը։ Եւ ես կ'ուզենայի ընդգծել հենց սա։ Որովհետեւ ի՞նչ էր իրենից ներկայացնում Սարդարապատի ճակատամարտը։ Մի կողմից՝ ռազմական արիութիւն, հերոսութիւն, զօրավարական տաղանդ, մարտական ոգի, մարտավարական յաղթանակ, իսկ միւս կողմից՝ սա ճակատամարտ էր Հայաստանի ու հայ ժողովրդի գոյութեան համար։ Այսինքն՝ այս ճակատամարտում ռիսկը (վտանգը Ա.Խ.) մեզ համար անթոյլատրելիօրէն բարձր էր։ Բայց չէ՞ որ նոյն ուժերով կարելի էր կազմակերպել եւ Հայաստանի սրտից՝ Երեւանից հեռու գտնուող բնակավայրերի պաշտպանութիւնը, ընդ որում՝ առաւել բարենպաստ բնական ու աշխարհագրական դիրք ունեցող վայրերում։ Ուզում եմ ասել, որ եթէ Հայաստանը տանուլ տար Սարդարապատի ճակատամարտը, այսօր չէր լինի Երեւանը, չէր լինի եւ ընդհանրապես Հայաստանը։ Սակայն միշտ պէտք է ձգտել կանխել «կենաց-մահու» նման ճակատամարտերը։ Նման ճակատամարտերը պէտք է կազմակերպել ոչ թէ մայրաքաղաքի մատոյցներում, այլ կռուի սկզբնական փուլերում։ Ղարաբաղում էլ նոյնը կատարուեց։ Եթէ Հայաստանը Ղարաբաղը կորցնէր, ապա այսօր ինքն էլ գոյութիւն չէր ունենայ։ Այս ամէնը ժառանգել ենք 1915-1920-ական թուականներից։ Այսուհետ Հայաստանը անգամ մէկ խոշոր պարտութիւն կրելու իրաւունք չունի։ Մենք կարող ենք շահել բազում ճակատամարտեր, բայց մեն-միակ պարտութիւնը կարող է դառնալ մեր պատմութեան աւարտը։ 1918թ. հայ զինուորներից շատերն Արեւմտեան Հայաստանը՝ Կարինը (Էրզրումը), Մուշը, Սասունը որպէս հայրենիք չէին ընկալում։ Տեղայնացուած աշխարհայեացքը իր արդիւնքը տուեց 1918թ. , երբ գրեթէ առանց կռուի յանձնուեցին եւ Էրզրումը, եւ Արեւմտեան Հայաստանի այլ բնակավայրերը։ Եւ ստիպուած եղանք թշնամուն դիմագրաւել արդէն Երեւանի մատոյցներում։
… Պատերազմը չափազանց բարդ, բազմաշերտ երեւոյթ է, ամէն մի պարտութեան մէջ կայ յաղթանակ եւ հակառակը։ Ամէն դէպքում, պէտք է վերլուծել սեփական սխալները, սովորել սառնասրտօրէն, հանգիստ վերաբերուել դրանց։ Այսօրուայ հետ համեմատութիւն անելով՝ նման արհեստական բաժանումը «հայաստանցիների» եւ «ղարաբաղցիների»,- եթէ կանխապես համապատասխան միջոցներ չձեռնարկուեն,- կարող է յանգեցնել նոյնպիսի ողբալի արդիւնքի։ Եւ այդ միջոցները պէտք է լինեն ինչպէս տեղեկատուական բնոյթի, այնպէս էլ հոգեբանական, նաեւ ուժային միջամտութիւն ներառող ամենակտրուկ իրաւական բնոյթի։ Այսօր մեր ողջ ներուժը պէտք է գործադրել՝ ուժեղացնելու համար մեր պետութիւնն ու բարձրացնելու ազգային ինքնագիտակցութիւնը։
__Հոգեբանական մակարդակով, ի՞նչ տուեցին հայերիս Սարդարապատի, Աւարայրի ճակատամարտերը, ինչպէս նաեւ Ղարաբաղեան ազատագրական շարժումը։
__Հոգեբանական ասպեկտը (հանգամանքը Ա.Խ.) պակաս կարեւոր նշանակութիւն չունի, քան զուտ ռազմականը։ Բոլոր ազատագրական պայքարները, ճակատամարտերը, շարժումները հայոց ապագայ պետութեան ստեղծման հիմքը գցեցին։ Դրանք ստեղծեցին անկախութեան գաղափարախօսութեան, ազատագրութեան գաղափարախօսութեան հիմքը, ինչ-որ չափով՝ ժողովրդավարութեան գաղափարախօսութիւնը, քանի որ ժողովրդավարութիւնը ենթադրում է ազգի համախմբում, հիմնական հարցերում ազգի համերաշխութիւն։ Ազգի բոլոր մասերի ու մասնիկների միջեւ այս փոխհամագործակցութիւնը հիմք է ծառայում ժողովրդավարութեան զարգացման համար։
__Եւ այնուամենայնիւ, արտառոց, ծայրայեղ լարուած, տենդային իրավիճակներում մենք առաւելագոյնս ենք դրսեւորւում։ Գուցէ հենց դա է մեզ փրկում…
__Այդ տենդը աւելի շատ թերութիւն է, քան առաւելութիւն։ Մենք պէտք է սովորենք գործել մեր ռազմավարական իրականութեան բոլոր հիմնական կատեգորիաների համաձայն։ Յատկապէս վտանգաւոր է, երբ քաղաքական ընտրախաւը ազգային անվտանգութեան հարցերում համապատասխան պատրաստուածութիւն չունի, ռազմավարական միտքը թոյլ է զարգացած։
Պէտք է նկատի առնել եւս մի փաստ. Հայաստանի համար կարող են ծագել այնպիսի իրավիճակներ, երբ կը պարզուի, որ դաշնակիցներ չունենք։ Նման բան մեզ հետ արդէն եղել է, եւ մենք պէտք է հասկանանք, որ կարող են լինել խիստ անբարենպաստ իրավիճակներ, երբ մեր յայտնի հակառակորդների հետ կը յայտնուենք դէմ դիմաց։ Սարդարապատից աւելի վատ իրավիճակ դժուար է պատկերացնել, բարդագոյն իրավիճակ էր նաեւ Ղարաբաղեան պատերազմում, յատկապէս դրա սկզբում, երբ Ղարաբաղը լիովին շրջափակուած էր, Հայաստանի հետ ցամաքային կապ չունէր եւ հենց Ղարաբաղի ներսում հակառակորդը ուժեղ դիմադրութիւն էր ցոյց տալիս։
Եւ չնայած հակառակորդի ունեցած ակնյայտ առաւելութեանը, այնուամենայնիւ, մենք յաղթեցինք։ Նոյնն էր եւ Սարդարապատում։ Մեր ուժերը, Էրզրումից սկսած, նահանջում էին, եւ յանկարծ գրեթէ Երեւանի մօտ մեր բանակը գլխաւոր ճակատամարտը տուեց եւ շահեց այն։ Իհարկէ, մենք պետք է հպարտանանք եւ Սարդարապատով, եւ Ղարաբաղեան ազատամարտով եւ այն հարիւրաւոր մարտերով, որոնք տուել է հայոց բանակը։
Դրանց մի մասը տանուլ է տուել, մի մասը՝ շահել եւ յաղթել, բայց իւրաքանչիւր մարտ մեր հպարտութիւնն է, մեր կոլեկտիվ (հաւաքական Ա.Խ.) հոգեբանութեան մասը եւ ազգի մտաւոր, գաղափարախօսական ու հոգեբանական ռեսուրսների (ոյժերու Ա.Խ.) մոբիլիզացիայի (զօրակոչի Ա.Խ.) աղբիւրը։
__Բնոյթով մենք զինուորակա՞ն ազգ ենք։
__Այո, իհարկէ։ Հազարաւոր ճակատամարտեր ենք մղել վերջին հինգ հազար տարում։ Անհնար է, որ այդ մարտերը, թափած արիւնը հայի մէջ ռազմիկի ոգի չդաստիարակէին։

Հարցազրոյցը՝ ԿԱՐԻ ԱՄԻՐԽԱՆԵԱՆԻ
«Եթեր»