Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (100) Մարտ 2020

Հարցազրոյց

«Օրէնքը սահմանում է հայ մարդու հայրենադարձուելու բացարձակ իրաւունքը եւ պետութեան պարտականութիւնը հայրենադարձուողների նկատմամբ»

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ, Հարցազրուցավար

antsoutarts1a
 
 
 
Մեր զրուցակիցն է Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը

-Պարոն Սինանեան, Հայրենադարձութեան մասին օրինագիծն է քննարկւում խորհրդարանում։ Որքանո՞վ կարելի է այդ խնդիրը լուծել օրէնքով։
-Մենք այդ քննարկմանը ներկայացրեցինք օրինագծի տարբերակներից մէկը և քննարկեցինք այն, ինչպէս նաեւ այլ օրինագծեր։ Բաւական կարճ ժամկէտներում նպատակ ունենք վերջնական համաձայնեցուած տարբերակը ներկայացնել ԱԺ քննարկմանը։ Աշխատանքային խմբում մի քանի մասնակիցներ կան, որոնցից մէկը մենք ենք, բայց մենք նաեւ ներգրաւել ենք Սփիւռքի եւ Սփիւռքի քաղաքականութեան հետ առնչուող անձանց եւ, բնականաբար, բոլորի առաջարկները կը լսուեն։ Օրէնքն ինքնին ոչ կը ստեղծի հայրենադարձութիւն, ոչ էլ կը կանխի այն։ Օրէնքը զուտ բաղկացուցիչ մի մասն է այն ամբողջ համակարգի, որը մենք մտադիր ենք ստեղծել, որպէսզի հայրենադարձութիւնը տեղի ունենայ։ Այս օրէնքն իրականում բարոյահոգեբանական առաջին եւ կարեւոր քայլն է լինելու հայրենադարձութեան հետ կապուած։ Այն սահմանում է հայ մարդու հայրենադարձուելու բացարձակ իրաւունքը եւ պետութեան պարտականութիւնը հայրենադարձուող մարդկանց նկատմամբ։
-Վերջին շրջանում դուք աւելի շատ ուղղութիւն էք վերցրել դէպի Ռուսաստան, երկու անգամ արդէն այցելել էք։ Ի՞նչն է նման ընտրութեան պատճառը։
-Ես Ռուսաստան այցելել եմ նախորդ տարուայ Սեպտեմբերին եւ դրանից յետոյ 6 ամիս այնտեղ չեմ եղել։ Այդ ընթացքում երեք անգամ այցելել եմ ԱՄՆ, 3 անգամ՝ Ուկրաինա, մէկ անգամ Վրաստան, մեկ անգամ Կիպրոս։ Այսինքն իրականում ես չեմ կենտրոնացել Ռուսաստանի վրայ։ Միւս կողմից, հաշուի առնելով Ռուսաստանում մեր Սփիւռքի թէ քանակը, թէ աշխարհագրական սփռուածութիւնը, անհնար է չկենտրոնանալ այդ Սփիւռքի վրայ։
-Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանում հայկական Սփիւռքը, պասիվութիւն (կրաւորականութիւն Ա.Խ.) նկատո՞ւմ Էք՝ հաշուի առնելով, որ խօսւում է այն մասին, որ յեղափոխութիւնից յետոյ հենց Ռուսաստանի սփիւռքն ինքն իրեն չի գտնում։
-Ոչ, ես չեմ նկատել պասիվութիւն (կրաւորականութիւն)։ Պարզապէս ուզում եմ ընդունել, որ մենք դեռեւս ուղղութիւնները ցոյց չենք տուել մեր ռուսաստանեան Սփիւռքին՝ առաւել արդիւնաւէտ եւ լիարժէք ներգրաւուածութեան համար։ Ցանկութիւնը կայ, բարի կամքը կայ, մնում է մենք այդ ձեւաչափը գտնենք, թէ ինչպէս կարող ենք այնպէս անել, որ ռուսաստանեան Սփիւռքն աւելի ակտիվ (գործօն Ա.Խ.) լինի։
-Հիմա մեխանիզմնե՞ր են մշակւում այդ ուղղութեամբ, թէ ինչպէս գրաւիչ դառնալ Ռուսաստանում ապրող հայերի համար։
-Այո, միանշանակ, բայց պէտք չի կարծել, որ դա դիւրին է լինելու։ Այն օգուտը, որ մենք որպէս պետութիւն և ազգ կարող ենք քաղել, շատ մեծ է։
-Դուք շատ էք շրջում աշխարհի տարբեր երկրներում, հանդիպում տեղի հայերի հետ։ Հայաստան վերադառնալ ցանկացողների բանակ ունե՞նք այսօր, թէ ոչ։
-Մենք Հայաստան վերադառնալ ցանկացողների մի զանգուած ունենք, որի հայրենադարձման իրագործումը շատ բանով կախուած է մեզնից։
Աղբիւր՝ lragir.am