Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (96) Նոյեմբեր 2019

Տեսակէտ

Պէտք է պատշաճ նշել Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճռի 100-ամեակը

antsoutarts1aԱՄՆ-ի 28-րդ նախագահ (1913-1921 թթ.), քաղաքական ու պետական գործիչ, ակադեմիկոս Վուդրօ Վիլսոնի անունն այսօր շատ հայերի է յայտնի`Հայաստանի Հանրապետութիւնում, թէ նրա սահմաններից դուրս:
2020թ. նոյեմբերի 22-ին լրանում է Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերեալ Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճռի կամ Վիլսոնի իրաւարարական պայմանակարգի կայացման հարիւրամեակը (պաշտօնական լրիւ անուանումը՝ «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դէպի ծով ելքի և հայկական սահմանին յարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերեալ»)։
Վուդրօ Վիլսոնը ծնուել է Ստոնտոնում (ԱՄՆ, Վերջինիա), 1856թ. դեկտեմբերի 28-ին, վախճանուել Վաշինգտոնում, 1924թ. փետրուարի 3-ին: Նրա աճիւնն ամփոփուած է Վաշինգտոնի ազգային տաճարում: Աւարտել է Դեվեդսոն քոլեջը, Փրինսթոնի համալսարանը, Ջոն Հոփկինսի համալսարանը և Վիրջինիայի համալսարանը: 1890-1902 թուականներին եղել է Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր, իսկ 1902-1910 թուականներին՝ նոյն համալսարանի ռեկտոր։ 1919թ. արժանացել է Խաղաղութեան նոբելեան մրցանակի։ Յայտնի է նաեւ որպէս պատմաբան և քաղաքագէտ: Եղել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցութեան անդամ, 1911-1913 թուականներին՝ Նիւ Ջերսի նահանգի նահանգապետ:
Վուդրօ Վիլսոնը յայտնի է նաեւ Հայկական հարցի հայանպաստ լուծման իր դիրքորոշմամբ: 1920թ.-ի ապրիլին ԱՄՆ-ը փաստացի (դե ֆակտօ) ճանաչել է Հայաստանի առաջին հանրապետութիւնը: Լինելով հայկական պետութեան կայացման, ամրապնդման ջատագով, Վիլսոնը պաշտպանել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի մանդատը ստանձնելու գաղափարը, սակայն նոյն թուականի հունիսին ԱՄՆ-ի Սենատը մերժել է (52 դէմ, 23 կողմ) Հայաստանի մանդատը: Սեւրի պայմանագրի իրողութիւնները ամրագրելու նպատակով, Ազգերի լիգայի յանձնարարութեամբ Վիլսոնի կողմից գծուել է Թուրքիայի և Հայաստանի նոր սահմանագիծը, որը դրուած է Վիլսոնի իրաւարար վճռի հիմքում։ Սակայն միջազգային իրադրութեան արագ փոփոխութիւնը, Անտանտի երկրների միջեւ հակասութիւնների սրումը, Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի հետ կապուած իրադարձութիւնները, Հայաստանի առաջին հանրապետութեան անկումը ձախողել են ինչպէս Սեւրի պայմանագրի, այնպէս էլ Վիլսոնի իրաւարար վճռի իրագործումը։ Վիլսոնի մասին նկարահանուած «Վիլսոն» (1944 թ.) գեղարուեստական կինոնկարն արժանացել է 5 «Օսկարի»:
Կարծում ենք, Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճռի 100-ամեակի առթիւ անհրաժեշտ է ՀՀ իշխանութիւններից պահանջել պատշաճ մակարդակով նշել մեր ժողովրդի համար շատ կարեւոր նշանակութիւն ունեցող այդ փաստաթղթի 100-ամեայ տարեդարձը` Հայաստանում իրականացնելով մի շարք միջոցառումներ: Հնարաւոր միջոցառումներից կարող են լինել մասնաւորապէս`
Համազգային հռչակագրի ընդունումը:
 Իրաւարար վճռի 100-ամեակին նուիրուած հանդիսաւոր նիստի գումարումը Երեւանում:
 Միջազգային գիտաժողովի գումարումը:
 Վիլսոնեան Հայաստանի քարտէզի հրատարակումը:
 Հայոց ցեղասպանութեան թանգարանում Իրաւարար վճռի վերաբերեալ նիւթերի ցուցադրութիւնը:
 Դպրոցական ծրագրերում իրաւարար վճռի պատշաճ ներկայացումը:
 Շարադրութիւնների (ակնարկների), վերլուծական/գիտական աշխատանքների մրցոյթը դպրոցականների, ուսանողների, երիտասարդ գիտնականների շրջանում:
 Համապատասխան նամականիշի թողարկումը:
 Վուդրօ Վիլսոնի անունով փողոցի անուանակոչումը, մասնաւորապէս` Ամերիկեան փողոցի վերանուանումը Վուդրօ Վիլսոնի անունով:
 Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճռի 100-ամեակի օրը քայլերթի կազմակերպումը:
Արթուր Յովհաննիսեան