Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (110) Փետրուար 2021

Տեսակէտ

«ՄԵՂՐԻՆ ՄԻ ՕՐ ՊԱՅԹԵԼՈՒ Է ՀԵՆՑ ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ» ԳԷՈՐԳ ԳԻՒԼՈՒՄԵԱՆ

antsoutarts1a«Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզօրներին իր դուռը բերող»:
Երկար ու ձիգ տարիներ են անցել այն օրից, երբ մեր նորագոյն պատմութեան լեգենդար հրամանատարներից մէկը` Վազգէն Սարգսեանը, արտայայտել է այս միտքը:
Այո, այսօր արդէն Մեղրին մեր դուռն է բերել աշխարհի հզօրներին, բայց, վախենամ յետոյ էլ դուռ չունենանք` ոչ դրսից, ոչ ներսից փակելու, մի քիչ առանձին, մի քիչ մենք մեզանով լինելու համար:
«...երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրայ: Չգիտեմՙ ներսից, չգիտեմՙ դրսից, ու բանալին կախում ես կրծքիդ»:
Այսպէս էր կարծում Վազգէնը եւ հակառակ` երկրորդ կարծիք լինել չի կարող, պարզապէս նկատենք, որ հիմա բանալի էլ չունենք, որովհետեւ ինչպէս նշեցի, դուռ չունենք: Մեր դուռը խորտակեցին, հիմա արդէն օսմանի թոռները հանգիստ կարող են Թուրքիայից Նախիջեւանով աւելի արագ ու աւելի շատ զէնք տեղափոխել Ադրբեջան, որ կարողանան աւելի պինդ սեղմել մեր ճիտը, որպէսզի կարողանան աւելի աւելի կոտորեն մեզ:
Բա Մեղրիում ապրողն ի՞նչ անի, բա մարդուն մրելու, անպատուելու էլ ուրիշ տարբերակ չկա՞ր, մարդը, որի տղան սահմանին կանգնած է, տեսնի` ինչպէս է թուրքի մեքենան անցնում` իր տղայի մահը տանում ու ձեռքերը ծալած նստի՞, չմբոստանայ՞, լսա՞ծ բան է:
Մեղրիի միջանցք կոչուած աղէտը հաւասարազօր է Շուշիի անկմանը, որովհետեւ Մեղրին օսմանի թոռների համար ոչ թէ տնտեսական միջանցք է, այլ` Մեծ Թուրանի երազանքի սկզբնական` կարեւորագոյն արարներից մէկը միայն, իսկ վերջին արարում, վայ մեզ, Հայաստան չկայ, հայ չկայ. սուլթանի անուն փոխուեց, հո օսմանցու պլան չփոխուե~ց:
Մեզ խաբել են` մաստակով խաբուող երեխայի պէս խաբել են: Եկել են ամբողջ քաշով կանգնել մեր ողնաշարի վրայ ու յոյս են տալիս, թէ իւղ կը տանք, մեղր կը տանք: Հենց նման յոյսերով կորցրեցինք Կարսն ու Շուշին, հիմա էլ` Մեղրին:
Մեղրիի միջանցքը թուրքերի ու ադրբեջանցիների համար նոր շնչառութիւն է, մեզ համար` շնչահեղձութիւն, նոր Դեր Զօր ու նոր ամօթանք:
Մեղրին բարոյապէս ու տնտեսապէս թուրք-ադրբեջանական յաղթանակի արգասիք է, իսկ մեզ համա՞ր, ի՞նչ է այն մեզ համար:
Բարոյականութիւն չկայ. ինչի՞ համար զոհուեցին մեր լաւագոյն տղաները, երբ պիտի թուրքն իր ապականութեամբ անցնի մեր հացի սեղանի մօտով:
Տնտեսութիւն: Ամօթ չլինի հարցնելը` էդ ի՞նչ ենք տանելու «ապաշրջափակուած» ճանապարհներով, հայկական արտադրութեան ԱԹՍ-նե՞րը, թէ՞ հաստոցները, ժամանակակից մեքենանե՞րը, թէ՞ վաճառուող սպառազինութիւնը:
Տղե՛րք, մեր ունեցածն ախր մի քանի արկղ ծիրան է, յանուն դրա արժէ՞ թոյլ տալ, որ թուրքը մեր տան կողքով գազատար անցկացնի, նաւթատար անցկացնի ու էլ աւելի զարգանայ:
Վազգէնն զգուշացրել է.
«Ես զգուշանում եմՙ պատմութիւնը նաեւ աւարտւում է ոտնահետքերով: Մեր ոտնահետքերով մեր պատմութիւնը չպիտի աւարտուի: Եթէ տաք Մեղրին, ձեր արեանը խառնում էք այն բենզինը, որը չի թունաւորելու, պայթեցնելու է ձեր գանգը: Ես զգուշացնում եմՙ Մեղրին մի օր պայթելու է հենց Երեւանի կենտրոնում»:
Ցաւօք` մենք արդէն մօտենում ենք այդ օրուան, մէկը շանտղութիւն է արել ու դրա պատճառով արեամբ կառուցած պետութիւնը շան փայ է դառնում... եթէ խելքի չգանք ու չհասկանանք, որ թուրքերի հետ բանակցելու, հաշտուելու եւ հարեւանութեամբ ապրելու լաւագոյն տարբերակը հզօրանալն է:
Հազար տարի փորձեցինք լաւը լինել, բարի լինել, կամեցող հարեւան լինել, ի՞նչ շահեցինք: Եկէք հիմա էլ, գոնէ մի երկու տասնամեակ, իրենց հետ իրենց լեզուով խօսենք, մի հարուածին տասը հարուածով պատասխանենք ու թքած ունենանք այն բանի վրայ, որ մի եւրոպացի հաստագլուխ մեզ վանդալ ու բռնարար, ագրեսոր ազգ կը կոչի:
Գուցէ այդ ժամանակ մի բան փոխուի եւ թուրքերն ու աշխարհի մեծերը հասկանան, որ մենք էլ իրաւունք ունենք այս մոլորակի վրայ ապրելու, զարգանալու, թէ չէ «ջութակ-մութակ լարելով» ո՞ւր ենք հասնելու:
Ի դէպ, ռմբակոծուած Ղազանչեցոցում, որի ռմբահարման պատասխանը թաւ ջութակի մեղեդիներ արձակելը եղաւ միայն, այսօր ադրբեջանական դրօշ է կախուած:
Եթէ թաւ ջութակի փոխարէն «Սմերչը» նուագէր», գուցէ հիմա ամէն բան մի փոքր այլ լինէր:
ԱԶԳ թերթ