Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (112) Ապրիլ 2021

Այլազան

«Պրիթիշ Արմինիըն»ի Բաց Նամակը՝ ԵԱՀԿի Պաշտօնատարներին

antsoutarts1a
ԵԱՀԿ գլխաւոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝
ԱՄՆ համանախագահ Էնդրիւ Շոֆերին,
ՌԴ համանախագահ Իգոր Պոպովին,
Ֆրանսիայի համանախագահ Ստեֆաի Վիսքոնտիին,
Վիեննա, Աւստրիա
Ապրիլի 9, 2021
Ձերդ գերազանցութիւն,
«Թո՜ղ Նա (Աստուած) պատերազմներում, յատկապէս՝ Արեւելեան Ուկրաինայում եւ Լեռնային Ղարաբաղում գերեվարուածներին պարգեւի անվտանգ վերադարձ ընտանիք», վկայակոչել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Յարութեան տօնի առիթով իր աւանդական ուղերձում(1):
Հինգ ամիս զինանդադարից յետոյ, աւելի քան 230 հայ ռազմագերիներ եւ գերեվարուած քաղաքացիներ դեռեւս գտնւում են Ադրբեջանի բանտերում: Ի տարբերութիւն Ադրբեջանի, Հայաստանի Հանրապետութիւնը, յարգելով հրադադարի յայտարարութեան 8րդ դրոյթը, վերադարձրել է բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին: Այդուհանդերձ, Ադրբեջանի իշխանութիւնները կոպտօրէն խախտում են միջազգային իրաւունքը՝ ՄԻԵԴից եւ միջազգային այլ կառոյցներից թաքցնելով հայ ռազմագերիների իրական թիւը: Նաեւ, Ադրբեջանը մինչ օրս հրաժարւում է հաստատել ամիսներ շարունակ անյայտ կորած համարուող հայ կանանց եւ քաղաքացիական անձանց գերեվարման փաստը: Ի յաւելումն, Ադրբեջանի իշխանութիւնները շարունակաբար խոչընդոտում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտէին (ԿԽՄԿ) այցելել հայ ռազմագերիներին եւ արգելում են վերջիններիս առողջութեան եւ կալանքի պայմանների մասին համապարփակ տեղեկութիւններ փոխանցել նրանց ընտանիքներին։
Հայցում ենք ձեր անյապաղ միջամտութիւնը ծաւալուող մարդասիրական ճգնաժամի յանգուցալուծմանը, որը ոչ միայն խորապէս մտահոգում է ռազմագերիների ընտանիքներին, այլեւ համայն հայութեանը: Ադրբեջանի կառավարութիւնն՝ ի դէմս Իլհամ Ալիեւի շարունակում է կեղծել իրականութիւնը՝ այսպիսով աղաւաղելով ողբերգական իրավիճակը եւ աշխարհով մէկ տարածելով ապատեղեկատուութիւն: Ալիեւեան ռեժիմը, կանխելով հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձը, կոպտօրէն խախտում է մարդու իրաւունքների մասին միջազգային օրէնքը, մասնաւորապէս՝ «Միջազգային զինուած կոնֆլիկտների զոհերի պաշտպանութեան վերաբերեալ» 1949 Օգոստոսի 12 թուականի ռազմագերիների ժնեւեան կոնվենցիան: Ի լրումն, նման լկտի կեցուածքը բացայայտ եւ նպատակային կերպով անտեսում է 2020թ. Նոյեմբերի 9ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ կնքուած հրադադարի մասին եռակողմ յայտարարութիւնը, որի 8րդ դրոյթը յստակ սահմանում է բոլոր ռազմագերիների անյապաղ փոխանակումը(2)։
Human Rights Watch-ը 2021թ. Մարտի 19ին հրապարակեց յօդուած, որտեղ փաստարկւում է, որ գերութեան մէջ գտնուող բնիկ հայերը ենթարկւում են անմարդկային խոշտանգումնրի, ֆիզիկական եւ հոգեբանական բռնութեան(3): Ոչ ադրբեջանցի զինուորները, ովքեր գլխատել, խոշտանգել եւ նուաստացրել են խաղաղ բնակիչներին եւ զինծառայողներին(4), ոչ էլ Ադրբեջանի իշխանութիւնները մինչ օրս պատասխանատուութեան չեն ենթարկուել, եւ իրենց հակամարդկային գործողութիւնները միջազգային հանրութեան կողմից չեն դատապարտուել:
Ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ ապօրինի վերաբերմունքի մասին ակնյայտ ապացոյցները հաստատուել են միջազգային յայտնի լրատուական միջոցների եւ միջազգային կազմակերպութիւնների կողմից(5)։ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանի 2021 թ.ի Յունուարին հրապարակուած հաշուետուութեան մէջ հանգամանօրէն արձանագրուած են բազմաթիւ յաւելեալ փաստեր հայ ռազմագերիների անմարդկային պայմանների մասին(6):
Աւելին, քամահրելով ՀՀ իշխանութիւնների՝ ռազմագերիների վերադարձը պահանջելու իրաւունքը, նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարեց, որ հրադադարի հաստատումից յետոյ գերեվարուած անձինք «ռազմագերիներ» չեն համարւում: Ըստ նրա ելոյթի՝ մնացեալ հայ գերիները, մասնաւորապէս՝ Շիրակի մարզի 62 զինծառայողներն, «ահաբեկիչներ» եւ «դիւերսանտներ» են, ովքեր գերեվարուել են 2020 թ.ի Դեկտեմբերին ադրբեջանական զինուժի կողմից իրականացրած «հակաահաբեկչական գործողութեան» ընթացքում:
Ըստ հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանի, վերոյիշեալ գերեվարուած անձինք առանց այլընտրանքի «ռազմագերիներ» են, քանի որ նրանք Արցախի Պաշտպանութեան բանակի զինծառայողներ էին, ովքեր կատարում էին իրենց սահմանադրական պարտքը եւ գտնւում էին Արցախում օրէնքով սահմանուած զինուորական ծառայութեան մէջ։ Նրանք գերեվարուել են հրադադարի մասին անսպասելի յայտարարութիւնից(7) յետոյ փախուստի հնարաւորութիւն չունենալու հետեւանքով:
Հայ ռազմագերիների վերադարձը արհեստականօրէն յետաձգելով՝ Ադրբեջանը հետապնդում է որոշակի քաղաքական մկրտումներ, այդ թւում՝ բանակցային գործընթացի շահարկման այդ թւում նաեւ լրացուցիչ հողային զիջումների ակնկալիքով: Սոյն յանցաւոր գործողութիւններին միջազգային կազմակերպութիւնների կողմից համարժէք արձագանքի բացակայութիւնը յանգեցնում է Ադրբեջանի կողմից իրաւաբանական ընթացակարգերի չարաշահման, միջազգային իրաւունքի պարտաւորութիւնների նորանոր խախտումների:
Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեանը, որն ունի Արցախեան հակամարտութեան բանակցային գործընթացի միջազգայնօրէն ճանաչուած եզակի մանդատ, համախմբելու հնարաւոր ողջ դիւանագիտական եւ քաղաքական ներուժը՝
– Հաստատելու Ադրբեջանում կալանաւորուած բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անունները եւ թիւը, ինչպէս նաեւ՝ բոլոր գերեվարուած կանանց ցուցակը․
– Ապահովելու միջազգային կառոյցների, միջազգային փաստաբաների, ինչպէս նաեւ` Կարմիր Խաչի յաճախակի այցը բոլոր հայ ռազմագերիներին եւ մանրամասն տեղեկութիւններ փոխանցելու նրանց ընտանիքներին վերջիններիս առողջական վիճակի եւ կալանքի պայմանների վերաբերեալ.
– Գործադրելու բոլոր հնարաւոր մեխանիզմները ըմդդէմ նախագահ Ալիեւի ռեժիմի՝ հայ ռազմագերիների եւ գերեվարուած անձանց անյապաղ եւ անվերապահ վերադարձը իրականացնելու համար։
Սոյն նամակին կցուած է նաեւ մեր կողմից ոգեկոչուած միջազգային ստորագրահաւաքի յղումը, որն արդէն համալրել է շուրջ 20000 համախոհներ։ Ստորագրահաւաքի հիմնական պահանջն է բոլոր հայ ռազմագերիների եւ գերեվարուած անձանց անյապաղ ազատագրումը։ Այն ուղղուած է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ՄԱԿի եւ Եւրոպայի խորհրդի ղեկավար մարմիններին, մարդու իրաւունքների պաշտպան միզաջգային մարմիներին https://www.change.org/armenianpwo
Հաշուի առնելով հայ ռազմագերիների երկարատեւ ու անմարդկային ճգնաժամն՝ ակնկալում ենք ձեր անյապաղ արձագանգը մեր սոյն հայցին, որի համար ընդունէք մեր խորին երախտագիտութիւնը։
British Armenian Հայկական Մարդասիրական Խմբի Անդամներ
info@britisharmenian.org
https://www.facebook.com/BritishArmenian
https://www.change.org/armenianpwo
________________________________________
(1)https://www.vaticannews.va/en/pope/news/2021-04/pope-at-easter-jesus-who-was-crucified-has-risen-alleluia.html
(2) http://en.kremlin.ru/events/president/news/64384
(3)https://www.hrw.org/news/2021/03/19/azerbaijan-armenian-pows-abused-custody
(4)https://www.bbc.co.uk/news/world-europe-54645254
(5) https://emerging-europe.com/news/fears-grow-for-fate-of-armenian-pows-held-by-azerbaijan/
(6) https://www.ombuds.am/images/files/
1138b156720bec6ae0fd88dc709eb62c.pdf
(7)https://en.armradio.am/2021/02/27/calling-armenian-pows-terrorists-or-saboteurs-is-gross-violation-of-international-humanitarian-law-ombudsman/