Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (112) Ապրիլ 2021

Այլազան

ԱՐՑԱԽԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՇՈՒՇԻԻ ԿԱՆԱՉ ԺԱՄ ԵԿԵՂԵՑՒՈՅ ԱՒԵՐՈՒՄԸ ԱԶՐՊԷՅՃԱՆԱԿԱՆ ՖԱՇԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԴՐՍԵՒՈՐՈՒՄ ԿԸ ՀԱՄԱՐԷ

antsoutarts1a
"Այն ինչ հայկական պատմամշակութային յուշարձանների նկատմամբ իրականացնում է Ադրբեջանն Արցախի բռնագրաւած տարածքներում՝ մշակութային ցեղասպանութիւն է",– յայտնած է արտգործնախարար Դաւիթ Բաբայեան՝ անդրադառնալով Ատրպէյճանցիներու կողմէ Շուշիի մէջ Կանաչ ժամ եկեղեցւոյ աւերումին: "Ադրբեջանցիները լաւ գիտեն մեր պատմութիւնը եւ այդ եկեղեցու աւերումը, ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի նախագահի եւ պետութեան ուղերձն առ այն, որ այդպէս են վարուելու եթէ կարողանան տիրանալ ամբողջ Արցախին։ Հայկական պատմամշակութային յուշարձանների նկատմամբ Ադրբեջանի այդ գործողութիւնները՝ ֆաշիստական քաղաքականութեան շարունակութիւնն ու մարմնաւորումն են՝ գարշելի ու վտանգաւոր ձեւերով։
Այդ գործողութիւնները ոչնչով չեն տարբերւում նրանից, ինչը Մերձաւոր Արեւելքում իրականացնում են ահաբեկիչները՝ ոչնչացնելով համաշխարհային կոթողները։ Տարբերութիւնը՝ աւելի վատ ու վտանգաւոր, այն է միայն, որ եթէ Մերձաւոր Արեւելքում պատմամշակութային համաշխարհային կոթողները ոչնչացնում են ինչ-որ ահաբեկչական խմբաւորումներ, ապա Ադրբեջանցիների դէպքում, այդ գործողութիւններն իրականացւում են պետութեան կողմից։ Ալիեւը բացէ ի բաց, առանց ամաչելու եւ անկաշկանդ պետական մարմիններին համապատասխան յանձնարարականներ է տալիս՝ օրինակ՝ հայկական եկեղեցու փորագրութիւնները ոչնչացնելու վերաբերեալ",– յայտնած է Բաբայեան աւելցնելով.- "Այս հանգամանքը արհամարհանք է միջազգային իրաւունքի նկատմամբ։ Բնական է, մենք ամէնուր բարձրաձայնելու ենք՝ Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային կոթողների աւերման մասին, որովհետեւ սա վտանգ է նաեւ քաղաքակիրթ մարդկութեան համար։ Այդուհանդերձ՝ քաղաքակիրթ հանրութիւնն ինքն էլ պէտք է քայլեր ձեռնարկի, որովհետեւ եթէ այսօր նրանք ոչնչացնում են Արցախի մշակութային ժառանգութիւնը, ապա անպատիժ մնալու եւ միջազգային հանրութեան անտարբերութեան դէպքում, վաղն իրենց դուռն են թակելու»: