Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (103) Յունիս 2020

Այլազան

Ըստ Վանեցեանի՝ Փաշինեան պէտք է հրաժարական տայ

antsoutarts1a
Ազգային անվտանգութեան ծառայութեան (ԱԱԾ) նախկին տնօրէն, «Հայրենիք» նորաստեղծ կուսակցութեան նախագահ Արթուր Վանեցեանի համոզումով՝ վարչապետ Նիկոլ Փաշինեան պէտք է հրաժարի իր պաշտօնէն։
"Փաշինեանը պէտք է հրաժարական տայ, որովհետեւ այն, ինչ կատարւում է երկրում, աղէտ է, որն օրէց-օր աւելի ծանր հետեւանքների է բերելու", յայտարարած է ան Վանաձորի մէջ «Հայրենիք» կուսակցութեան գրասենեակի բացման արարողութեան յաջորդած զրոյցի ընթացքին։
Ինչ կը վերաբերի քաղաքականութիւն մտնելու իր պատճառներուն՝ Վանեցեան ըսած է. "Շատ վերամբարձ չհնչի, բայց մեր հայրենիքը, պետութիւնը գտնւում են ծայրայեղ վիճակում։ Մենք պէտք է կարողանանք նախ նոր գաղափարներով առողջացնել քաղաքական դաշտը։ Այս իշխանութեան խնդիրն այն է, որ քննադատութիւն չեն ընդունում։ Հէնց մէկը մի բան է խօսում, անմիջապէս սկսում են ասել, թէ սա սրա պատուէրն է կատարում, նրա պատուէրն է կատարում։ Ինձ պաշտօնանկ չեն արել, ես հրաժարական եմ տուել, պէտք է ձեւակերպումների մէջ ուշադիր լինել։
Իշխանութիւնները մատնանշում են բիւջէ վերադարձած 43 միլիառդի մասին, որոնք բիւջէ են վերադարձել իմ օրօք, իմ հրաժարականից յետոյ պետական բիւջէ որեւէ բան չի վերադարձուել։
Այո, ես բացթողումներ ունեցել եմ, բայց բացթողումներ, որից ես կ՚ամաչեմ՝ իմ ծառայութեան ընթացքում ես չեմ ունեցել"։
Ան աւելցուցած է նաեւ, որ որոշած են բոլոր մարզերուն մէջ կուսակցութեան գրասենեակներ բանալ, որպէսզի քաղաքացիներուն հետ կարենան ըստ հնարաւորինս՝ շատ շփում ունենալ։