Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (95) Հոկտեմբեր 2019

Անցուդարձ

Հայաստանի վարչապետին ելոյթը` ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի 74-րդ նստաշրջանին

Փաշինեան կոչ կ՚ընէ Ալիեւին՝ «խաղաղ գործընթացին մէջ յառաջընթացի պայմաններ ստեղծելու»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան Նիւ Եորքի մէջ, ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի 74-րդ նստաշրջանին ունեցած է ելոյթ մը։ Փաշինեան, անդրադառնալէ ետք հայաստանեան ներքաղաքական վերջին զարգացումներուն՝ յեղափոխութեան, ժողովրդավարութեան հաստատման արշաւին, եղծանման դէմ պայքարին, զանազան բնագաւառներու բարեփոխման ուղղուած ջանքերուն, նախկին կարգերուն՝ նոր իշխանութիւններու աշխատանքը խոչընդոտելու փորձերուն եւ այլն, եզրակացուցած է՝ "բայց յեղափոխութիւնը մեր առաքելութեան սկիզբն էր միայն եւ թերեւս՝ դրա ամենադիւրին փուլը: Ներկայում մենք գտնւում ենք առաքելութեան մէկ այլ, առաւել կարեւոր եւ դժուարին փուլում: Մենք պէտք է ապացուցենք, որ ժողովրդավարական վերափոխումը Հայաստանում անշրջելի է"։ Ապա Փաշինեան խօսած է Հայաստանի՝ դրացիներուն եւ ռազմավարական գործընկերներուն հետ յարաբերութիւններուն մասին։ "Հայաստանի չորս սահմաններից երկուսը, այդ թւում` Թուրքիայի հետ սահմանը, փակ է արդէն շուրջ երեք տասնամեակ: Հրաժարուելով Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելուց, Ադրբեջանին աջակցելով ընդդէմ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի՝ Թուրքիան շարունակում է մնալ անվտանգութեան լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար, ով արդէն մէկ անգամ եղել է Ցեղասպանութեան զոհ եւ ականատեսն է պատմական ճշմարտութեան ժխտման եւ կատաղի դիմադրութեան", ըսելէ ետք՝ ՀՀ վարչապետը շարունակած է. "Ռուսաստանը մեր հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, Վրաստանը եւ Իրանը մեր ռազմավարական հարեւաններն են: ԱՄՆ-ի, Եւրամիութեան եւ վերջինիս անդամ պետութիւնների հետ մենք ունենք ռազմավարական օրակարգ եւ գործընկերային յարաբերութիւններ: Մեզ համար լուրջ մարտահրաւէր է մեր գործընկերների միջեւ տարաձայնութիւնների թնջուկում յայտնուելը, քանի որ մենք անընդհատ ենթարկւում ենք նրանց մի մասի, կամ որ աւելի վատ է՝ բոլորի կողմից ճիշտ չընկալուելու ռիսկին: Մենք ամէն ինչ անում ենք, որպէսզի յուսալի գործընկեր եւ լաւ բարեկամ լինենք բոլորի համար՝ առանց ոեւէ մէկի հետ մեր յարաբերութիւնները վնասելու: Եւ մենք կը շարունակենք ջանքեր գործադրել մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական միջավայրն առաւել անվտանգ դարձնելու համար"։ Խօսելով Արցախեան հակամարտութեան մասին՝ Փաշինեան ըսած է. "Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորումն առանցքային նշանակութիւն ունի մեր տարածաշրջանի կայունութեան եւ անվտանգութեան համար։ Իմ պաշտօնավարման առաջին իսկ օրուանից ես քայլեր եմ ձեռնարկել հէնց այս համատեքստում: Այս նպատակով, ես հանդէս եկայ յայտարարութեամբ, որում ասւում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան ցանկացած լուծում պէտք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար։ Յատկանշական է, որ ես առաջին հայ ղեկավարն էի, ով նման դիրքորոշում յայտնեց հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ։ Ինձ խստօրէն քննադատեցին իմ երկրում լուծման այնպիսի բանաձեւի համար, որը հաւասարութեան նշան է դնում հակամարտութեան 3 կողմերի միջեւ։ Այդուամենայնիւ, ես հաւատում եմ, որ դա հակամարտութեան խաղաղ լուծման բանալին է, քանի որ այն ենթադրում է փոխզիջման, փոխադարձ յարգանքի եւ հաւասարակշռութեան հնարաւորութիւն:
Ես այդ բանաձեւը ներկայացրեցի ոչ միայն հանրութեանը, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ներքոյ անցկացուող բանակցութիւնների շրջանակում: Առաջ ընթանալու համար ես ակնկալում էի նման յայտարարութիւն նաեւ Ադրբեջանից։ Այնուամենայնիւ, Ադրբեջանի բարձրագոյն իշխանութիւնները մնացին իրենց դիրքորոշման վրայ՝ ձգտելով ղարաբաղեան հիմնախնդրի այնպիսի լուծման, որն ընդունելի կը լինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար։ Ի՞նչ է դա նշանակում իրականում: Դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանութիւնները մտադրութիւն չունեն լուծել այս հակամարտութիւնը: Փոխարէնը, նրանք ցանկանում են յաղթել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Նրանք չեն ցանկանում գնալ որեւէ փոխզիջման: Նրանց նպատակը վրէժխնդրութիւնն է 1990-ականներին եւ 2016 թուականին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դէմ ագրեսիայի անյաջող փորձի համար։ Այդ իսկ պատճառով նրանք բորբոքում են հակահայկական տրամադրութիւններ իրենց ժողովրդի մէջ, այդ պատճառով նրանք հսկայական ռեսուրսներ են ծախսում սպառազինութեան վրայ, այդ իսկ պատճառով հայատեացութիւնն արդէն դարձել է Ադրբեջանի պաշտօնական քաղաքականութիւնը։
Փաստօրէն, մեր հակառակորդները ցանկանում են յետ բերել Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակների կարգավիճակը: Բայց դա ապարդիւն ջանք է, քանի որ խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովուրդը հռչակել է իր անկախութիւնը եւ ինքնորոշում իրականացրել այնպէս, ինչպէս դա արեց Ադրբեջանը՝ դուրս գալով Խորհրդային Միութեան կազմից: Ադրբեջանի այս դիրքորոշումը հաւասարազօր է Խորհրդային Միութեան վերականգնման գաղափարին։ Ադրբեջանի կառավարութիւնը Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը ներկայացնում է որպէս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վէճ: Մենք բնաւ համաձայն չենք հակամարտութեան այդպիսի մեկնաբանութեան հետ։ Դա վէճ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այս վէճը տարածքային պահանջների մասին չէ։ Խօսքը մարդկանց մասին է, տղամարդկանց, կանանց եւ իրենց հայրենիքում ապրելու նրանց իրաւունքի մասին, այնպէս, ինչպէս ապրել են իրենց նախնիները դարերի ընթացքում։ Ցաւօք, Ադրբեջանի իշխանութիւնները չեն ցանկանում խօսել այդ մարդկանց հետ եւ բանակցել նրանց հետ, քանի որ նրանք ցանկանում են ունենալ տարածքներ, բայց ոչ ժողովուրդ։ Աւելի ճիշտ` տարածքներ, առանց ժողովրդի։
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
կարեւոր եմ համարում բացատրել, թէ ինչու եմ ես անդրադառնում այս թեմային: Կարող է թուալ, թէ ես կամենում եմ նպաստել տարածաշրջանում լարուածութեան աճին: Իհարկէ՝ ոչ, ընդհակառակը, ես ուզում եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը շատ բարդ եւ ցաւոտ հարց է տարածաշրջանի ժողովուրդների համար, որն անհնար է լուծել առանց ծանր եւ հետեւողական աշխատանքի, առանց փոխզիջման, փոխադարձ յարգանքի եւ հաւասարակշիռ մօտեցման:
Ուստի ես կոչ եմ անում իմ գործընկերոջը՝ նախագահ Իլհամ Ալիեւին, ընդունել բանաձեւը՝ պայմաններ ստեղծել խաղաղ գործընթացում առաջընթացի համար։ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան ցանկացած լուծում պէտք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Մենք պէտք է միասին աշխատենք՝ այս բանաձեւը իրականութիւն դարձնելու համար"։ Այնուհետեւ, Փաշինեան անդրադարձած է Հայաստանի փարումին՝ միջազգային ապահովութեան, զարգացման, մարդկային իրաւանց պաշտպանութեան եւ անոնց ունեցած ներդրումին, ինչպէս նաեւ կրթութեան, նորարարութեան եւ արհեստագիտական զարգացման ընծայած կարեւորութեան, տնտեսական եւ բնապահական քաղաքականութեան համարկումին: "Մենք յանձնառու ենք շարունակել կառուցողական երկխօսութիւնը միջազգային բոլոր գործընկերների հետ` դիմագրաւելու համընդհանուր մարտահրաւէրները եւ առաջընթաց ու բարգաւաճում ապահովելու մեր ժողովուրդների համար", հաւաստած է ՀՀ վարչապետը։