Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (91) Մայիս 2019

Անցուդարձ

«Հետեւողական ենք լինելու Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործում» Նիկոլ Փաշինեան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան հետեւեալ ուղերձը յղած է Հայոց ցեղասպանութեան 104-ամեակին առիթով:

 

«Այսօր մենք յարգանքի տուրք ենք մատուցում հայոց Մեծ եղեռնի զոհերի յիշատակին:
Հայոց ցեղասպանութեան առանձնայատկութիւններից է այն, որ ցեղասպանութեան ենթարկուած ժողովուրդը ոչ միայն բնաջնջուել է ֆիզիքապէս, այլ նաեւ զրկուել է իր հայրենիքում ապրելու իրաւունքից: Մեզ հետեւողականօրէն զրկել են այն հողից, որտեղ հազարամեակների ընթացքում ձեւաւորուել եւ զարգանում էր հայկական մշակոյթը, հայկական ինքնութիւնը: Երկրի երեսից ջնջուել է հայկական ինքնութիւնը կազմող մշակութային ժառանգութիւնը` հազարաւոր դպրոցներ, եկեղեցիներ եւ վանքեր: Ոչնչացուել են հայկական մշակոյթի էութեան կրողները` նրա մտաւորականութիւնն ու հոգեւորականութիւնը: Դա հսկայական հարուած էր ոչ միայն հայ ժողովրդին, նրա մշակոյթին ու նրա մշակութաբանական տեսակին, այլ նաեւ` մարդկային ողջ քաղաքակրթութեանը: Անդառնալիօրէն կորել է համաշխարհային մշակոյթի մաս կազմող մի ուրոյն եւ ինքնատիպ շերտ: Հայերի, յոյների եւ ասորիների ցեղասպանութեամբ անդառնալիօրէն փոխուել է մի ողջ տարածաշրջանի մշակութային պատկերը: Միթէ՞ սա յանցագործութիւն չէր մարդկութեան դէմ:
Ոճրագործը ոչնչացրեց մեր պոէտներին` նրանց, ովքեր կազմում էին մեր խիղճը, մեր ինքնութեան առանցքը: Ուստի մեր շարունակական պայքարը մեր էութեան, մեր տեսակի պահպանութեան համար է: Մոռանալով նրանց յիշատակը, մոռանալով նրանց մշակութային ժառանգութիւնը` մենք կը դաւաճանենք մեր էութեանը: Նրանց յիշատակը վառ պահելով, պայքարելով արդարութեան վերականգնման համար` մենք ձեռք կը բերենք անմահութիւն: Ուստի մենք հետեւողական ենք լինելու Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործում»: