Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (91) Մայիս 2019

Անցուդարձ

«Վերապրողների ժառանգներիս պարտքն է համախմբուել մեր ազգային իղձերի շուրջ» Արմէն Սարգսեան

Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեան հետեւեալ ուղերձը յղած է Հայոց ցեղասպանութեան 104-ամեակին առիթով:

«Այսօր համայն հայ ժողովուրդը, առաջադէմ մարդկութեան հետ, աշխարհի բոլոր մայրցամաքների վրայ ոգեկոչում է Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը:
Ապրիլի 24-ը օսմանեան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպուած եւ իրականացուած Հայոց ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակի օրն է, իրենց պատմական բնօրրանում բռնութիւնների ենթարկուած եւ հայրենի հողից տեղահանուած մեր բազմաթիւ հայրենակիցների ողբերգութիւնը վերստին յիշելու, մեր կորցրած հոգեւոր, նիւթական ու մշակութային արժէքների մասին յիշեցնելու, մարդկութեան դէմ ուղղուած ծանրագոյն յանցագործութեան` Ցեղասպանութեան մասին աշխարհին եւս մէկ անգամ բարձրաձայնելու, սթափութեան եւ ժխտողականութեան դէմ պայքարի կոչելու օրը:
Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաեւ յարութեան օր է:
Հայոց ցեղասպանութեան անպատժելիութիւնը դուռ բացեց մարդկութեան դէմ հետագայ ծանր յանցագործութիւնների եւ ցեղասպանութիւնների առջեւ: Յիշենք Ողջակիզումը, Քամպոտիան, Ռուանտան եւ միւս ողբերգութիւնները:
Այն զգօնութեան դաս պէտք է լինի բոլորի համար: Մարդկութեան դէմ գործուած այդ ահաւոր ոճրի միջազգային ճանաչումը եւ դատապարտումը կարեւոր քայլ պէտք է դառնայ դրա կրկնութիւնը աշխարհում որեւէ տեղ բացառելու նպատակով:
Մենք մեր երախտագիտութիւնն ենք յայտնում բոլոր այն պետութիւններին, միջազգային կառոյցներին եւ կազմակերպութիւններին, հոգեւոր պետերին եւ քաղաքական առաջնորդներին, մշակութային, ակադեմական եւ գիտական շրջանակների ներկայացուցիչներին, անհատներին, որոնք իրենց համերաշխութիւնն են յայտնում հայ ժողովրդին եւ ճանաչում ու դատապարտում Հայոց ցեղասպանութիւնը:
Այսօր գլուխ խոնարհելով սուրբ նահատակների յիշատակի առջեւ` միեւնոյն ժամանակ մենք վկայում ենք վերապրելու եւ մեր հայրենիքը վերակերտելու աննկուն կամքը:
Վերապրողների ժառանգներիս պարտքն է համախմբուել մեր ազգային իղձերի շուրջ, հաւատարիմ մնալ մեր ինքնութեանն ու արժէքներին, խթանել ժողովրդի ստեղծարար ուժերը, կերտել տինամիք զարգացող ժամանակակից Հայաստան, որը հպարտութեան առարկայ կը լինի աշխարհի բոլոր հայերի համար եւ ունակ` պաշտպանելու հայ ժողովրդի անանց իրաւունքները»: