Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (84) Հոկտեմբեր 2018

Անցուդարձ

Հրաժարականիս նպատակը ոչ բռնի, թաւշեայ յեղափոխութիւնն աւարտին հասցնելն է. Նիկոլ Փաշինեան

Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետութեան հպարտ քաղաքացիներ,
Ինչպէս և ասել էի, ես այսօր հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնից: Այս հրաժարականի նպատակը սակայն վարչապետի պաշտօնից հեռանալը, այսինքն՝ ձեր առաջ ստանձնած պատասխանատւութիւնից փախչելը չէ, այլ ընդհակառակը՝ մեր միասին իրականացրած ոչ բռնի, թաւշեայ, ժողովրդական յեղափոխութիւնն աւարտին հասցնելը՝ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու եւ ողջ իշխանութիւնը ժողովրդին վերադարձնելու միջոցով:
Արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների հասնելու ճանապարհային քարտեզը հետեւեալն է. իմ հրաժարականից յետոյ հանրապետութեան նախագահն անյապաղ ընդունում է կառավարութեան հրաժարականը, առաջիկայ 14 օրերի ընթացքում երկու անգամ Ազգային ժողովում վարչապետ չի ընտրւում, ինչի բերումով Ազգային ժողովը արձակւում է և Հանրապետութեան նախագահի կողմից նշանակւում են արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ:
Այս ողջ ընթացքում կառավարութեան անդամները շարունակելու են իրենց պարտականութիւնների կատարումը, ես շարունակելու եմ կատարել Հայաստանի Հանրապետութեան վարչապետի սահմանադրական լիազօրութիւնները, ասել է թէ շարունակելու եմ լինել ժողովրդի յաղթանակի երաշխաւորը ու եթէ դեկտեմբերին կայանալիք ընտրութիւններում դուք վստահության քուէ տաք մեր քաղաքական ուժին, ես կը վերընտրուեմ ՀՀ վարչապետի պաշտօնում:
Իհարկէ, շատերը մտավախութիւն ունեն և հարց են հնչեցնում. իսկ եթէ խորհրդարանական ուժերը վարչապետի ուրիշ թեկնածու առաջադրեն, արդեօ՞ք մենք պատրաստ ենք նման սցենարի:
Ես նոյնիսկ չեմ ուզում ասել, թէ հոկտեմբերի երկուսի իրադարձութիւնները ցոյց տուեցին, որ մենք առաւել քան պատրաստ ենք ցանկացած սցենարի, որովհետեւ ժողովրդի կամքի ու ցանկութեան առաջ չի կարող կանգնել որեւէ ուժ:
Բայց հիմա չեմ ուզում որեւէ նման սցենար քննարկել նոյնիսկ, որովհետեւ ինչքան էլ հակասութիւններ, սուր բանավէճեր ունենանք խորհրդարանական մի շարք ուժերի հետ, չեմ կարող մտածել, թէ նրանք ժողովրդի և Հայաստանի ազգային անվտանգութեան դէմ գործելու նպատակ ու մտադրութիւն ունեն:
Խորհրդարանական ուժերը ցոյց են տուել, որ անկախ բոլոր հակասութիւններից ու տարընթերցումներից մեր պետութիւնը, նրա կայունութիւնն ու անվտանգութիւնը կարմիր գիծ են նաեւ իրենց համար, և հաւատում եմ, որ նրանք երբեք այդ գծերը չեն անցնի: Մանաւանդ որ թէ ՀՀԿ, թէ Ծառուկեան դաշինք, թէ ՀՅԴ խմբակցութիւնները հրապարակային յայտարարել են, թէ չեն պատրաստւում վարչապետի թեկնածու առաջադրել կամ վարչապետ ընտրել:
Նաեւ ուզում եմ Ազգային ժողովի նախկին մեծամասնութեան ներկայացուցիչներին ասել, որ մենք այո քննադատել ենք և քննադատում ենք ձեզ, բայց սա չի նշանակում, թէ Հայաստանում թշնամիներ ենք փնտռում, կամ պիտի փնտռենք:
Իմ ողջ քաղաքական գործունէութեան ընթացքում ասել եմ, հիմա էլ ուզում եմ կրկնել. Հայաստանում, հայութեան շրջանում թշնամիներ չեմ ունեցել, չունեմ և չեմ ունենայ:
Եւ ուզում եմ քաղաքական բոլոր ուժերին յաջողութիւն մաղթել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններում և հաստատել, որ մեր կառավարութիւնը երաշխաւորելու է ընտրութիւններում ժողովրդի ազատ կամարտայայտութիւնը:
Սիրելի հայրենակիցներ,
Չնայած այս հրաժարականը ֆորմալ բնոյթ է կրում, բայց պահը իրականում յուզիչ է, որովհետեւ սրանով մենք ամփոփում ենք մեր յեղափոխութեան հերթական փուլը և մտնում բոլորովին մի նոր ժամանակաշրջան:
Եւ հիմա, անդրադառնալով իմ վարչապետութեան անցած հինգ ամիսներին, ուզում եմ ձեզ շնորհակալութիւն յայտնել ձեր անսահման աջակցութեան և վստահութեան համար: Նաեւ ուզում եմ ներողութիւն խնդրել բոլոր նրանցից ում ինչ-որ բանով հիասթափեցրել եմ, ում արդարացի և օրինական յոյսերը չեմ արդարացրել, ում ոգեւորութիւնը որեւէ կերպ ստուերել եմ:
Բայց, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ իմանաք միանշանակ և աներկբայ. ձեր բոլոր ցաւերը իմ սրտում են, ձեր բոլոր կարիքները իմ մտքում են, ձեր բոլոր երազանքները իմ հոգում են և թեւեր են տալիս ինձ և ուժ են տալիս ինձ՝ ձեր դիմաց կանգնելու և վստահաբար ասելու՝ ամէն ինչ լաւ է լինելու, ամեն ինչ շատ-շատ լաւ է լինելու:
Պատրաստէք ձեզ նորանոր յաղթանակների և պատրաստուէք նոր ու հզօր, ազատ ու երջանիկ Հայաստանի կառուցմանը:
Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհւում եմ բոլորիդ առաջ, համբուրում եմ բոլորիդ:
Եւ ուրեմն,
Կեցցէ Ազատութիւնը
Կեցցէ Հայաստանի Հանրապետութիւնը,
Կեցցեն մեր երեխաները, որ ապրում են ու վստահաբար ապրելու են Ազատ և երջանիկ Հայաստանում: