Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (83) Սեպտեմբեր 2018

Անցուդարձ

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի ելոյթը պաշտօնավարման 100 օրուան նուիրուած հանրահաւաքին

17 օգոստոսի, 2018
«Սիրելի ժողովուրդ,
այսօր բացառիկ օր է և բացառիկ իրադարձութիւն: Այսպիսի բան Հայաստանի Հանրապետութեան կեանքում առաջին անգամ է տեղի ունենում: Այսօր այս հրապարակում են գտնւում ՀՀ հարիւր հազարաւոր քաղաքացիներ, այսօր այս հրապարակում են գտնւում Ոստիկանութեան, Ազգային անվտանգութեան ծառայութեան 100-աւոր աշխատակիցներ, այսօր այս հրապարակում են գտնւում Արցախի Հանրապետութիւնից ժամանած հազարաւոր մեր հայրենակիցներ, այսօր այստեղ են գտնւում Ռուսաստանի հայութեան ներկայացուցիչներ, Ամերիկայի հայութեան ներկայացուցիչներ, Եւրոպայի հայութեան ներկայացուցիչներ, Իրանի հայութեան ներկայացուցիչներ, Սփիւռքի բազմաթիւ համայնքներից, Լիբանանի հայութեան ներկայացուցիչներ: Եւ այսօր սահմանին մեր խաղաղութիւնը պահպանում և պաշտպանում են Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերի փառապանծ գեներալներ, սպաներ և զինուորներ, և նրանք հոգով և մտքով այստեղ են: Եւ այսօր այս ամէնը, շեշտում եմ, այստեղ են հայրենակիցներ Սիւնիքի մարզից, Վայոց ձորի մարզից, Արարատի մարզից, Արմաւիրի մարզից, Արագածոտնի մարզից, Շիրակի մարզից, Լոռու մարզից, Տաւուշի մարզից, Գեղարքունիքի մարզից, Կոտայքի մարզից, մայրաքաղաք Երեւանի բոլոր վարչական շրջաններից, բոլոր թաղերից, բոլոր փողոցներից: Եւ այսօր հայ ժողովուրդը միասնական է, քան երբեւէ, և այսօր հայ ժողովրդի միասնութեան և միասնական յաղթանակի օրն է: Եւ քանի որ այսօր միասնութեան օր է, ես խնդրում եմ իջեցրէք բոլոր այն պաստառները, որ ուղղուած են ընդդէմ որեւէ մէկի, որովհետեւ այս հանրահաւաքը չի կարող լինել ընդդէմ որեւէ մէկի: Սա հայ ժողովրդի յաղթանակի հանրահաւաքն է, սա հայ ժողովրդի միասնութեան հանրահաւաքն է:
Սիրելի′ ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետութեան հպարտ քաղաքացիներ,
ուղիղ 100 օր առաջ ձեր հզօր և միասնական կամքը յաղթանակեց: 100 օր առաջ և ձեր կամքով, ձեր որոշմամբ ես ընտրուեցի Հայաստանի Հանրապետութեան վարչապետ: Ես եկայ և ասացի ձեզ, որ դուք յաղթեցիք, և ձեր յաղթանակը այն չէ, որ ես ընտրուել եմ ՀՀ վարչապետ: Յաղթանակն այն է, որ դուք էք որոշել, թէ ով լինի ՀՀ վարչապետ, և սրանից յետոյ ընդմիշտ դուք և միայն դուք էք որոշելու, թէ ով լինի ՀՀ վարչապետ: 100 օր առաջ ձեր կամքը յաղթեց, և միջազգային հանրութիւնը մինչեւ օրս էլ չի հասկանում, թէ ինչ է տեղի ունեցել Հայաստանում, ինչպէս և ինչու: Աշխարհի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել, որ Հայաստանի Հանրապետութիւնում կարող է տեղի ունենալ այսպիսի ժողովրդական զարթօնք: Բոլորը ելնում էին այն կանխավարկածից, թէ Հայաստանը վերջնականապէս յանձնուել է յուսահատութեան առաջ: Նաև այս պատճառով է տեղի ունեցածը բացառիկ: Համաշխարհային պատմութեան մէջ դեռ չի եղել նախադէպ, երբ խորհրդարանական ընտրութիւններից մէկ տարի անց երկրի վարչապետ ընտրուի մէկը, ով խորհրդարանում ունի ընդամէնը մի քանի վստահելի ձայն, և այս ամէնն իրականութիւն դառնայ առանց մի կրակոցի, առանց մի բռնութեան, առանց մի զոհի: Եւ հիմա աշխարհի վերլուծաբանները ջանք չեն խնայում՝ գտնելու համար, թէ որն է այն գործօնը, այն հզօր ուժը, որ հնարաւոր դարձրեց իրադարձութիւնների նման զարգացումը: Ոմանք այդ գործօնները փնտռում են արեւմուտքում, ոմանք այդ գործօնները փնտռում են հիւսիսում, բայց հիմա այս ամբիոնից ուզում եմ ի լուր աշխարհի ասել, որ բացառիկ և հզօր այն ուժը, որը հնարաւոր դարձրեց այդ աննախադէպ իրադարձութիւնը, հայ ժողովուրդն է, ՀՀ հպարտ և արժանապատիւ քաղաքացին, Սփիւռքի հայութիւնը, աշխարհում ապրող իւրաքանչիւր հայ, ով հնարաւոր դարձրեց աննախադէպ այդ իրադարձութիւնը: Այս ֆոնին, սակայն, ուզում եմ նշել, որ մեր ոչ բռնի, թաւշեայ ժողովրդական յեղափոխութիւնը բացառիկ է ոչ միայն իր ձեւով, այլ նաև իր բովանդակութեամբ, որովհետև ոմանք գուցէ չեն նկատել, որ Հայաստանի Հանրապետութեան վարչապետը ոչ թէ խորհրդարանական ուժերի բաշխուածութեան կամ որեւէ խորհրդարանական ուժի ներկայացուցիչ է կամ որեւէ խորհրդարանական կոմբինացիայի ներկայացուցիչ, այլ ՀՀ վարչապետը Հայաստանի ժողովրդի, հայ ժողովրդի ուղիղ և անմիջական կամքի ներկայացուցիչն է: Եւ սա է պատճառը, որ մենք տեղի ունեցածն անուանում ենք յեղափոխութիւն, որովհետեւ Հայաստանի Հանարապետութիւնում տեղի է ունեցել կառավարման ձեւի տէ ֆակտօ փոփոխութիւն, և ՀՀ-ում հիմա հաստատուել է մի իրավակարգ, մի կառավարման համակարգ, որը պատմագիտութեան մէջ ընդունուած է անուանել ուղիղ ժողովրդական կառավարում, ուղիղ ժողովրդաիշխանութիւն: Եւ այս քաղաքական իրավիճակի չհասկացուածութեան պատճառն է, որ Հայաստանի ներքաղաքական կեանքում դեռեւս ոմանք խօսելիս օգտագործում են կոալիցիա, կոալիցիոն իշխանութիւն, խորհրդարանական մեծամասնութիւն հասկացութիւնները: Հայաստանի Հանրապետութիւնում չկայ կոալիցիա, ՀՀ-ում չկայ կոալիցիոն իշխանութիւն, ՀՀ-ում չկայ խորհրդարանական մեծամասնութիւն: ՀՀ-ում կայ ժողովուրդ, ՀՀ-ում բարձրագոյն իշխանութիւնը պատկանում է ուղիղ ժողովրդին, և ժողովուրդն իրականացնում է ուղիղ կառավարում: Հենց սրանում է Հայաստանում տեղի ունեցած յեղափոխութեան առանցքային իմաստը:
Եւ հիմա ուզում եմ ասել, թէ դա ինչ է նշանակում. գործնականում դա նշանակում է, որ յեղափոխական այս հրապարակը, յեղափոխական Հանրապետութեան հրապարակը հռչակւում է որպէս ժողովրդական իշխանութեան բարձրագոյն մարմին: Սա նշանակում է, որ կառավարութիւնն ինչպէս ձեւաւորուել է այս հրապարակում, կառավարութիւնը սրանից յետոյ հաշուետու է այս հրապարակին, և սրանից յետոյ կառավարութիւնը ենթարկւում է այս հրապարակին: Սա նշանակում է, որ մենք Հայաստանի քաղաքական կեանքի, տնտեսական կեանքի կարեւորագոյն որոշումները կայացնելիս պիտի ժողովրդով հավաքուենք այս հրապարակում և կառավարութեանը լիազօրենք իրականացնել այս կամ այն գործողութիւնը կամ կառավարութեանն արգելենք իրականացնել այս կամ այն գործողութիւնը: Եւ ուրեմն դուք էք Հայաստանի Հանրապետութիւնում բարձրագոյն և միակ իշխանութիւնը: Հայաստանի Հանրապետութիւնում իշխանութիւնը պատկանում է ձեզ: Բայց սա մեր քաղաքական կեանքի միակ նորութիւնը չէ: Մեր կեանքում առաջիկայում համատեղ ջանքերով մենք պիտի ուժեղացնենք հանրաքուէի ինստիտուտը, և բազմաթիւ որոշումներ ժողովուրդը պէտք է կայացնի հանրաքուէներով: Խօսքը վերաբերում է ինչպէս տեղական, այնպէս էլ համապետական հանրաքուէներին, և ուրեմն առաջիկայում պէտք է կատարուեն այնպիսի փոփոխութիւններ, որ քաղաքային, մարզային, պետական, անգամ միջազգային կարեւորագոյն իրադարձութիւնների վերաբերեալ կառավարութիւնը և ժողովուրդը միասին որոշում կայացնեն հանրաքուէներով: Սա է հիմնական փոփոխութիւնը, որ պիտի դառնայ մեր յեղափոխութեան երկրորդ ալիքը:
Ժողովո՛ւրդ, այս առումով թոյլ տուէք համարձակուել պնդել, որ այն իրադարձութիւնը, որ տեղի է ունեցել այս հրապարակում, պատմագիտական առումով կարող է յիշատակուել հետագայում նոյն մակարդակի վրայ, ինչպյս հին Աթէնքում՝ ժողովրդավարութեան, դեմոկրատիայի հաստատումը, և, ուրեմն, Հայաստանի Հանրապետութիւնը պատմական հեռանկարում կարող է յիշատակուել այնպէս, ինչպէս հիմա յիշատակւում է հին Յունաստանը: Երեւանը կարող է յիշատակուել այնպէս, ինչպէս հին Աթէնքը, և Հանրապետութեան հրապարակը կարող է դառնալ 21-րդ դարի մարդկութեան նորագոյն ժամանակների ագորան, որտեղ ստեղծուել է ժամանակակից քաղաքակրթութիւնը: Ահա այսպիսինն է մեր իրադարձութեան պատմական և պատմագիտական նշանակութիւնը, և այդ իրադարձութիւնը դուք էք ստեղծել:
Ժողովո՛ւրդ, սովորաբար յեղափոխութիւններից յետոյ յեղափոխութիւններ վերապրած երկրներում տեղի են ունենում տնտեսական ցնցումներ: Սա գրեթէ աքսիոմա է, և մեր յեղափոխութիւնից առաջ էլ, յետոյ էլ վերլուծական բոլոր կենտրոնները կանխատեսում էին, թէ Հայաստանն անխուսափելիօրէն մտնելու է տնտեսական անկման մի փուլ, որովհետև այդպէս է ցոյց տալիս յեղափոխութիւնների պատմութիւնը: Թէեւ կանխատեսում էին, որ սկզբից կը լինի անկում, բայց եթէ յեղափոխական կառավարութիւնը յաջողի, դրանից յետոյ հնարաւոր է լինի տնտեսական աճ և ակտիվութիւն: Մեր յեղափոխութիւնը բացառիկ է նաև այն պատճառով, որ մեր յեղափոխութեանը չհետեւեց տնտեսական անկում: Ընդհակառակը, յեղափոխութիւնից յետոյ արձանագրւում են տնտեսական ակտիվուեան բաւական բարձր ցուցանիշներ: Յունիս ամիսը յետյեղափոխական առաջին ամիսն է. գրանցուել է 9.6 տոկոս տնտեսական ակտիվութեան ցուցանիշ, իսկ տարուայ տնտեսական ակտիվութեան ցուցանիշը 8.9 տոկոս է, և կան բոլոր հիմքերը պնդելու, որ Հայաստանի
Հանրապետութիւնում տնտեսական ակտիվութեան ցուցանիշը շարունակելու է աճ ապրել:
Իմ վարչապետ ընտրուելուց յետոյ, սիրելի՛ ժողովուրդ, ամենակարեւոր արդիւնքը՝ Հայաստանի Հանրապետութիւն աւելի շատ գալիս են, քան ՀՀ-ից հեռանում են, ինչը կարելի է համարել արտագաղթի կանխման առաջին և շատ կարեւոր փուլ: Հրապարակում եմ պաշտօնական տուեալներ. այս տարուայ մայիսի 10-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատուածում Հայաստանի Հանրապետութիւն է ժամանել 29 հազար 986-ով աւելի շատ մարդ, քան մեկնածները. նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածում մեկնածների թիւը եկածներից աւելի էր շուրջ 6 հազարով: Այս տարի եկածների թիւը աւելի է 29 հազար 986-ով: Վերջին 3 ամսում Հայաստան է եկել նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի հետ համեմատ 34 հազարով աւելի օտարերկրացի: Սա, ըստ էութեան, նշանակում է ներդրումային և զբօսաշրջութեան հետաքրքրութեան աճ: Իհարկէ, ֆորմալ, օտարերկրացիների մէջ բազմաթիւ են նաև մեր հայրենակիցները և այն, որ Երեւանում ու հանրապետութեան բազմաթիւ քաղաքներում վերջին 3 ամսուայ ընթացքում անշարժ գոյքի գներն աճել են շուրջ 20 տոկոսով, այսինքն՝ մեր հայրենակիցները ոչ միայն գալիս են որպէս տուրիստ, այլ նաև բնակարաններ են գնում Երեւանում և հանրապետութեան այլ քաղաքներում:
Դուք գիտէք, որ յեղափոխութեան օրերին շատ էր խօսւում, որ հարիւրաւոր, միլիոնաւոր դոլարներ Հայաստանից արտահոսում են, և դա համապատասխանում էր իրականութեանը, իրօք, կար այդպիսի բան: Բայց այսօր միանշանակ և պաշտօնապէս ասում եմ, որ դուրս գնացած գումարների համեմատ երկիր է եկել մօտաւորապէս 116 միլիարդով աւելի շատ գումար, 116 միլիարդ, այսինքն՝ դուրս եկած գումարների չափով գումար է եկել, իսկ Հայաստանի բանկերում աւանդներն աւելացել են 116 միլիարդ դրամով, այսինքն՝ մօտ 250 միլիոն դոլարով: Ընդ որում, սա ֆիզիկական և իրաւաբանական անձանց կողմից բանկերում թողած աւանդներն են, ինչը նշանակում է, որ Հայաստանի քաղաքացինեըը և սփիւռքի մեր հայրենակիցներն ապագայի նկատմամբ ունեն բացառիկ վստահութիւն, և սա տնտեսական հետագայ առաջընթացի ու աճի ամենակարեւոր երաշխիքն է: Վերջին 3 ամսում հայաստանեան բանկերի վարկային պորտֆելն աճել է շուրջ 99 մլրդ դրամով, այսինքն՝ այսքան աւելի վարկ են վերցրել Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիները և ներդրել են բիզնեսի մէջ:
2018 թ. օգոստոսի 1-ի դրութեամբ Հայաստանից արտահանուել է այնքան միրգ և բանջարեղէն, որքան նախորդ տարին ամբողջը միասին վերցրած: Եւ ուզում եմ ձեզ զեկուցել, որ 3 ամսուայ ընթացքում Հայաստանի կառավարութիւնը, հարկային մարմինները, նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ, աւելի են հաւաքագրել 28.8 մլրդ դրամ: Ընդ որում, գերավճարների թիւը պակասեցուել է 26 մլրդ դրամով: Սրանք թուեր են, ես երեւի թէ թուերով ձեզ աւելի շատ չծանրաբեռնեմ, բայց ընդհանուր առմամբ հարկ եմ համարում ընդգծել, որ այս թուերը միասին մի բան են նշանակում, որ Հայաստանի Հանրապետութիւնում յեղափոխութեան քաղաքական յաղթանակից յետոյ մօտենում է, այսինքն՝ մենք թեւակոխել ենք տնտեսական յաղթանակների մի ժամանակաշրջան: Եւ ուզում եմ ձեզ հաւաստիացնել, որ տնտեսութիւնում մենք իսկապէս լրջագոյն յաջողութիւններ ենք ունենալու: Տնտեսական աճի այն մոդելը, որ մենք այսօր ունենք, իհարկէ, մեզ ձեռնտու չէ: Մենք ուզում ենք, որ տնտեսական աճի մոդելը փոխուի, որովհետև հասկանում ենք, որ դեռ շարունակում ենք մնալ այն հին մոդելի մէջ, երբ տնտեսական աճը քաղաքացիներն առանձնապէս չեն զգում: Բայց ուզում եմ ասել, որ մենք հենց դա ենք փոխելու Հայաստանում: Մենք հին տնտեսական համակարգը, որը բացառող, դուրս մղող տնտեսական համակարգ էր, փոխարինելու ենք ներառող տնտեսական համակարգով: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետութեան բոլոր քաղաքացիներն ունենալու են տնտեսական գործունէութեամբ զբաղուելու միեւնոյն հնարաւորութիւնները, միեւնոյն հասանելիութիւնը, միեւնոյն ազատութիւնները, և բոլորը հաւասար են լինելու օրէնքի և հարկային մարմինների առաջ: Եւ ուզում եմ ասել. յիշում էք՝ 2017 թ. աշնանը, ընդդիմադիր լինելով, ես յայտարարեցի, որ Հայաստանում շաքարաւազի և բանանի մենաշնորհը վերացնելու համար հարկաւոր է 15-45 րոպէ: Եւ այո′, վարչապետ դառնալուց յետոյ 40 րոպէի ընթացքում ես վերացրել եմ բանանի և շաքարաւազի մենաշնորհը: Եւ ասում եմ՝ այսօր Հայաստանում չկայ′ բանանի մենաշնորհ, չկայ′ բենզինի մենաշնորհ, չկայ′ ոչ մի բանի մենաշնորհ, կայ′ միայն իշխանութեան մենաշնորհ, և այդ իշխանութեան մենաշնորհի տէրը դո′ւք էք՝ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի Հանրապետութեան ժողովուրդը:
Սիրելի′ ժողովուրդ,
ես ուզում եմ ասել նաև, թէ ինչպէս ենք պատրաստւում ճեղքումով, մեծ քայլերով զարգացնել Հայաստանի Հանրապետութեան տնտեսութիւնը: Մենք դա անելու ենք այն նոյն մոդելով, ինչ մոդելով արեցինք թաւշեայ, ոչ բռնի ժողովրդական յեղափոխութիւնը: Այդ մոդելի էութիւնը հետեւեալն է. ինչո՞ւ երկար տարիներ Հայաստանում յեղափոխութիւն տեղի չէր ունենում, որովհետև մենք բոլորս՝ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիները, մտածում էին, որ ահա, ընդդիմութիւնը, ընդդիմադիր առաջնորդները և ընդդիմադիր թիմերը պէտք է անեն այդ յեղափոխութիւնը: Բայց մեր յեղափոխութիւնը տեղի ունեցաւ այն ժամանակ, երբ դուք բոլորդ հասկացաք, որ ոչ միայն ընդդիմութիւնը, ոչ միայն քաղաքական լիդերները, այլև դուք, ձեզնից իւրաքանչիւրը պիտի անի յեղափոխութիւնը, և այդ ժամանակ յեղափոխութիւնը տեղի ունեցաւ: Եւ ինչո՞ւ եմ սա ասում հիմա, որովհետև մենք վերացրել ենք Հայաստանի Հանրապետութիւնում տնտեսական մենաշնորհները, և հիմա ձեզնից իւրաքանչիւրն ազատ է աշխատել, ներդրումներ անել, ստեղծագործել, հայրենիքը ծաղկեցնել, իր ստեղծագործական միտքը ներդնել և Հայաստանի Հանրապետութիւնում քաղաքական յեղափոխութեան նման իրականացնել տնտեսական յեղափոխութիւն: Կառավարութիւնն իրենից կախուած ամէն ինչ անելու է, որ դուք այս հնարաւորութիւնը ոչ միայն ունենաք, այլև կարողանաք կիրառել կեանքում: Սա է մեր յեղափոխութեան կարեւոր իմաստը, և քաղաքական յեղափոխութեանը գալիս է յաջորդելու տնտեսական յեղափոխութիւնը: Եւ այդ տնտեսական յեղափոխութեան մէջ դուք անպայմանօրէն պիտի յաղթէք, պիտի նորից յաղթէք, պիտի անընդհատ յաղթէք:
Սիրելի′ ժողովուրդ,
մեր կառավարութեան 100 օրուայ ամենայիշարժան ձեռքբերումներից մէկը պայքարն է կոռուպցիայի դէմ: Մենք ձեզ խոստացել էինք, որ հերթով բացայայտելու ենք Հայաստանի Հանրապետութեան բոլոր թալանչիներին, և մենք հերթով բացայայտում ենք Հայաստանի Հանրապետութեան բոլոր թալանչիներին: Բայց ես ուզում եմ ասել, որ կոռուպցիայի դէմ պայքարում մեր կարեւորագոյն խնդիրը ոչ թէ բանտերը լցնելն է, այլ ձեզնից գողացուած գումարները լումա առ լումա ժողովրդին և պետութեանը վերադարձնելը: Իհարկէ, այսօր արդէն տասնեակ միլիոն գողացուած դոլարներ վերադարձուել են պետութեանը և վերադարձւում են պետութեանը: Բայց այսօր մենք ունենք իրավիճակ, երբ իրաւապահ մարմիններն աշխատում են խստագոյն ծանրաբեռնուածութեամբ, և, բացի այդ, տեղի են ունեցել իրադարձութիւններ, որոնք հարց են առաջացնում, թէ արդեօք մեր գործող դատական համակարգը ոչ միայն ֆիզիկապէս, այլև բարոյապէս ի վիճակի է իրականացնել կոռուպցիայի դէմ պայքար: Այսօր աւելի ու աւելի բարձր են հնչում տեսակէտներ, որ մեր հանրապետութեան դատաւորների մի զգալի մասը երկար տարիներ սպասարկել է կոռուպցիոն համակարգին:
Այսօր աւելի ու աւելի շատ քաղաքացիներ են օսում այն մասին, որ Հայաստանում բազմաթիւ դատաւորներ եղել են կոռուպցիոն համակարգի մաս, և այս իմաստով անվստահութիւնը դատական մարմինների նկատմամբ շարունակում է խորը մնալ: Սա, իհարկէ, չափազանց նուրբ թեմա է, և մենք ամէն դէպքում չպէտք է տրուենք դատական իշխանութեան գործերին խառնուելու և միջամտելու գայթակղութեանը: Բայց, այնուամենայնիւ, ուզում եմ ասել հետեւեալը. առաջին օրից Բաղրամեան 26-ում յայտնուելով՝ ես ասել եմ, որ հրաժարուելու եմ դատական իշխանութեանը հրահանգներ տալու արատաւոր պրակտիկայից, և ես հրաժարուել եմ դատական իշխանութեանը հրահանգներ տալու արատաւոր պրակտիկայից: Բայց, միւս կողմից, ուզում եմ շատ յստակ ընդգծել, որ սա չի նշանակում, որ որոշ դատաւորներ պէտք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ՝ կոռումպացուած իշխանութեան ներկայացուցիչներից: Եւ ուզում եմ նախորդ իշխանութեան և նրանցից հրահանգներ ստացող դատական իշխանութեան ներկայացուցիչներին ասել շատ ուղիղ և կոնկրետ. խելքներդ գլուխներդ հաւաքէք և կատակ չանէք ժողովրդի հետ: Իսկ ընդհանուր առմամբ ես չափազանց կարեւոր եմ համարում, որ մենք, մեր դատական համակարգի այսօրուայ վիճակն արձանագրելով, առաջիկայում լուրջ քննարկում ունենանք և որոշում կայացնենք անցումային արդարադատութեան մարմիններ ստեղծելու վերաբերեալ, որովհետև անցումային արդարադատութեան մարմինները մեզ կարող են անհրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ մեր դատական համակարգի բազմաթիւ կոռումպացուած դէմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդական յեղափոխութեանը, այլև այն պատճառով, որ մեր օրէնսդրութեան մէջ կան բազմաթիւ խնդիրներ. օրինակ՝ ապօրինի հարստացման մասին օրէնքն ուժի մէջ է մտել 2017 թ. հունիսի 1-ից, երբ ֆորմալ առումով 2017-ի հունիսի 1-ից առաջ թալանուածը վերադարձնելու առումով կարող են բարդութիւններ ծագել: Կայ նաև մի ուրիշ խնդիր, ուզում եմ ձեզ կոնկրետ մի օրինակ բերել. ՀՀ բարձրաստիճան պաշտոնեաներից մէկի հարազատ եղբօր անունը չեմ ուզում ասել, սակայն այստեղ ոչ հեռու գտնուող մի բանկում՝ միայն մէկ հաշուեհամարում, յայտնաբերուել է 30 մլն դոլար: Երէկ մէկը կար, չէ՞, որ ասում էր՝ բա չե՞ն հարցնելու՝ այդ ուր է չգիտեմ ում 10 տոկոսները: Հարցնելու ենք, մենք ենք հարցնելու և մենք էլ պատասխանելու ենք, իսկ դուք լինելու էք պատասխան տուողը, չկասկածէք: Ժողովրդից գողացուածը կոպեկ առ կոպեկ վերադարձուելու է մինչև վերջ, բայց ես ուրիշ բան էի ասում: Այդ հաշուեհամարում, որտեղ կայ 30 մլն դոլարը, Հայաստանի այսօրուայ ֆորմալ օրէնքների տեսակէտից չափազանց դժուար է դրա հետ կապուած քննութիւն կազմակերպել, որովհետև այդ մարդը ֆորմալ առումով երկար տարիներ պետական պաշտոնեայ չի եղել, հետեւաբար, յայտարարագիր չի ներկայացրել և ֆորմալ առումով այստեղ կան դժուարութիւններ՝ այդ գումարը հետաքննելու և օրէնքով սահմանուած կարգով առգրաւուելու համար: Այս է պատճառը, որ կարծում եմ՝ մենք իսկապէս պէտք է լրջօրէն մտածենք անցումային արդարադատութեան նոր մարմիններ ձեւաւորելու մասին: Բայց ուզում եմ ասել, որ յանկարծ դա չշփոթէք արտակարգ դատարանների հետ: Անցումային արդարադատութեան մարմինները միջազգային քաղաքակիրթ հանրութեանը յայտնի մարմիններ են, և այդպիսով շատ երկրներ անցել են այդ ճանապարհը, և միջազգային հանրութիւնը ողջունում է այդ պրակտիկան: Աւելին ասեմ, սիրելի′ ժողովուրդ, այսօր բազմաթիւ միջազգային կազմակերպութիւններ և գործընկեր պետութիւններ պատրաստակամութիւն են յայտնում, որպէսզի մեզ աջակցեն օտարերկրեայ պետութիւններում և օֆշորային գօտիներում ՀՀ բարձրաստիճան պաշտօնեաների ունեցած ակտիվները բացայայտելու, սառեցնելու և Հայաստան վերադարձնելու հարցով: Եւ մենք պէտք է ամէն ինչ անենք այդ գործիքից արդիւնաւէտ օգտուելու համար, բայց ինքներդ էք հասկանում, որ հիմա շատերը, որոնք հասկանում են, որ իրենց ժամերը հաշուած են, որ իրենց տեղը բանտում է, որ իրենք պատասխան են տալու ժողովրդի առաջ, սկսել են իրենք իրենց ներկայացնել որպէս քաղաքական հալածեալներ, որպէս քաղաքական հետապնդումների զոհ: Որեւէ մէկը չի հարցնում, որ քաղաքական հետապնդումների զոհ էք՝ բա հիմա ի՞նչ գործ ունէք ազատութեան մէջ, թէ՞ ձեզ թւում է՝ մենք դատաւորներին զանգելու և հաթաթա տալու ձեւերը չգիտենք, թէ՞ ձեզ թւում է՝ մենք ձեւերը չգիտենք, թէ ինչպէս են դատաւորներին պարտադրում այս կամ այն որոշումը կայացնել: Բայց մենք հրաժարուել ենք այդ պրակտիկայից, և ուզում եմ ասել, որ հպարտ եմ մեր կառավարութեան համար, որ մենք հրաժարուել ենք այդ պրակտիկայից, բայց դա չի նշանակում, թէ որևէ մէկին թոյլ ենք տալու խուսափել պատասխանատւութիւնից: Առաւել եւս ուզում եմ յստակ ընդգծել, որ բացառում եմ, որ որեւէ մէկը կը խուսափի մարտի 1-ի 10 քաղաքացիներին սպանելու և ՀՀ-ում պետական յեղաշրջում իրականացնելու պատասխանատւութիւնից: Չի կարող լինել այդպիսի բան, և խնդրում եմ հաստատէք, որ թոյլ չէք տայ, որ որեւէ ոճրագործ, Հայաստանի քաղաքացու արիւնը հեղած որեւէ մարդասպան խուսափի պատասխանատւութիւնից: Նստելու էք, բոլոր մարդասպաններով նստելու էք, և սա լիազօրուած եմ յայտարարել Հայաստանի Հանրապետութեան ժողովրդի, Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների անունից:
Ժողովուրդ, կը ներէք, ես ստիպուած ելոյթս կրճատում եմ: Ասում եմ՝ պէտք է շուտ-շուտ երթ-հանրահաւաքներ անել, մանաւանդ, որ տեսնում էք՝ մարդիկ կան, որոնք ակնյայտօրէն ուզում են դա և կը ստանան: Պատկերացնո՞ւմ էք՝ փողեր են ծախսում, լրատուամիջոցներ են ձեռք բերում, ֆեյքեր են վարձում, վարձու պրոֆիլներ են վարձում, որ յայտարարեն, թէ Փաշինեանը եկել է հողեր յանձնելու: Դուք պատկերացնում է՞ք. ես Ղարաբաղի հարցով դեռեւս մի բառ չեմ բանակցել, նրանք ասում են, թէ եկել է հող յանձնելու: Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող յանձնելուց, ուրիշ բանի մասին չեն բանակցել, և ես դա հիմա գիտեմ փատաթղթաւորուած, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին, թէ ով ինչ է խօսել՝ այ երկիր թալանածներ, այ բանակ թալանածներ, այ զինուորին թալանածներ, այ սերմացու գողացող մկներ...:
Ուզում եմ ասել հետեւեալը. ես ասել եմ, որ պատրաստ եմ լիարժէք Ղարաբաղի հարցով բանակցել Հայաստանի Հանրապետութեան անունից, բայց Արցախի Հանրապետութեան անունից պէտք է բանակցի Արցախի Հանրապետութեան իշխանութիւնը: Բայց ուզում եմ ասել, հաստատէք իմ ասածը, որ մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարուած տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի: Բայց մենք նաև պատերազմ չենք ուզում: Մենք պատրաստ ենք իսկապէս խաղաղ բանակցութիւնների, մենք պատրաստ ենք հասնել խաղաղ կարգաւորման, բայց նա, ով փորձում է ինձ վրայ որեւէ կասկած գցել, էլի եմ ասում, նրանք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարութիւնը չէ: Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, և ես ուզում եմ ասել հետեւեալը. եթէ բանակցային գործընթացի արդիւնքում կը լինի կարգաւորման մի տարբերակ, որին ինքս կը հաւատամ և կը համարեմ, որ դա լաւ տարբերակ է, որեւէ մէկը չմտածի, թէ ես ձեզնից թաքուն որեւէ թուղթ կը ստորագրեմ կամ որեւէ գործողութիւն կանեմ: Երբ տեսնեմ, որ կայ տարբերակ, որի շուրջ իսկապէս կարելի է խօսել, ես կը գամ և կը կանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնութիւններով կը ներկայացնեմ ձեզ, և դուք կորոշէք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգաւորման, թէ չենք գնում: Կորոշէք, որ գնում ենք՝ ուրեմն կը գնանք, կորոշէք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնայ: Դուք էք բարձրագոյն իշխանութիւնը և որոշողը, և սրանում որեւէ կասկած չի կարող լինել: Հիմա էլ մարդիկ դուրս են եկել ու սկսել խօսել, ասում են՝ Հայաստանում քաղաքացիական պատերազմ կարող է լինել: Քաղաքացիական պատերազմ կարող է միայն ձեր օֆիսների ներսում լինել, ձեր օֆիսներից դուրս դուք քանի՞ քաղաքացու աջակցութիւն ունէք, որ քաղաքացիական պատերազմ լինի. 17 նախկին կոռուպցիոներ և 22 ֆեյք, սա է ձեր քաղաքացիական աջակցութիւնը: Ուրեմն եթէ որեւէ մէկը սրանից յետոյ քաղաքացիական պատերազմով սպառնայ, իրենով Ազգային անվտանգութեան ծառայութիւնն է զբաղուելու, լա′ւ իմացէք: Ուրեմն ես խորհուրդ եմ տալիս բոլորին, խօսելուց առաջ մտածել, յետոյ էլ ասում են մեր խօսքի ազատութիւնը սահմանափակում էք: Դուք դեռ պէտք է խօսելուց առաջ մտածել սովորէք, որ յետոյ ձեր խօսքի ազատութեան իրաւունքի մասին մտածէք:
Ժողովուրդ, ես ուզում եմ հիմա խոսել հայ-ռուսական յարաբերութիւնների մասին, որովհետև վերջին շրջանում ինչ ասես հայ-ռուսական յարաբերութիւնների մասին չի ասւում: Այսօր Հանրապետական կուսակցութեան ներկայացուցիչներից մէկը համարեա արցունք էր թափում, թէ այս ինչքան վատ են հայ-ռուսական յարաբերութիւնները: Ուզում եմ ասել հետեւեալը. ես իմ խօսքի սկզբում ասացի, որ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, աշխարհի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել, նաև Ռուսաստանի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել: Եւ ամբողջ խնդիրն այն է, որ ինչպէս Արեւմուտքի, այնպէս էլ Ռուսաստանի մեր գործընկերները դեռ նոր իրավիճակն ամբողջութեամբ չեն գնահատել: Եւ այսօր խօսել հայ-ռուսական յարաբերութիւնների վատ լինելու մասին ուղղակի ծիծաղելի է: Ես այս ընթացքում երկու անգամ հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և երեք անգամ ունեցել եմ հեռախոսազրոյց: Եւ կարող եմ միանշանակ ասել, որ հայ-ռուսական յարաբերութիւնները ոչ միայն վատ չեն, այլև, ի հեճուկս հանրապետականների և նրանց սատելիտների, հայ-ռուսական յարաբերութիւնները լաւ են և գնալով աւելի ու աւելի լաւանալու են: Մենք ասել ենք, որ արտաքին քաղաքական ռեւերանսներ չեն լինելու, և մեր քաղաքականութիւնը, մեր նպատակներից մէկը հայ-ռուսական բարեկամութիւնը խորացնելն է և հայ-ռուսական յարաբերութիւնները նոր մակարդակի բարձրացնելը: 3 ամիս առաջ ես խոստանում էի, որ հայ-ռուսական յարաբերութիւնները կը բարձրանան նոր մակարդակի, և այսօր ուզում եմ ասել, որ համապատասխան ընթացակարգերն անցնելուց յետոյ դուք՝ բոլորդ, կիմանաք հայ-ռուսական մի համատեղ հումանիտար նախագծի մասին, որն աննախադէպ է երրորդ հանրապետութեան և Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ մեր նորանկախ պատմութեան մէջ: Դա լինելու է մի համագործակցութիւն, որը նախադէպ չի ունեցել, և դա լինելու է կոնկրետ ապացոյցը, որ մենք հետեւողականօրէն, այո′, գնում ենք մեր հարաբերութիւնները նոր մակարդակի բարձրացնելու ուղղութեամբ: Բայց ես ուզում եմ մի բան ասել, որ կուզենայի լսեն նաև Ռուսաստանում գործող այն փորձագէտներին, ովքեր անընդհատ ահազանգում են, որ Հայաստանը գնում է Արեւմուտք, Հայաստանը գնում է Արեւելք, Հայաստանը չգիտեմ ուր է գնում: Հայաստանի Հանրապետութիւնը ոչ մի տեղ չի գնում: Հայաստանի Հանրապետութիւնն ամուր կանգնած է իր ոտքերի վրայ, ուղիղ ողնաշարով, հպարտ քաղաքացիներով և արժանապատիւ կեցուածքով: Եւ հայ-ռուսական ռազմավարական բարեկամութիւնը խորանալու է և զարգանալու է:
Մենք զարգացնելու ենք նաև մեր յարաբերութիւնները Եւրամիութեան հետ: Բա ինչո՞ւ չեն ասում, որ Եւրամիութիւն-Հայաստան յարաբերութիւնները վատ են: Բրիւսել կատարած իմ այցի ընթացքում այնտեղ նոյնպէս մենք որոշակի հարցեր ենք բարձրացրել: Մենք Միացեալ Նահանգների հետ մեր յարաբերութիւններում ենք մեր երկրի շահերը պաշտպանում, Իրանի հետ էլ: Մեր արտաքին քաղաքականութեան կարեւորագոյն էութիւնը մեր ազգային շահերի պաշտպանութիւնն է, և մենք հետեւողականօրէն գնում ենք այդ ճանապարհով, որովհետև դուք էք լիազօրել մեզ այդպէս վարուել: Խնդրում եմ հաստատէք, հաստատէք, որ դուք մեզ լիազօրում էք շարունակել այսպիսի քաղաքականութիւնը:
Բայց ես ուզում եմ մի բան ասել. նախորդ տարիներին Հայաստանում տեղի է ունեցել մի այսպիսի բան: Օրինակ, իշխանութիւններն իրենց կեցուածքով այնպէս են արել, որ Հայաստանում տեղի ունեցած բազմաթիւ նեգատիվ երեւոյթներ այդ իշխանութիւնների նաև պասերով կապուել են Ռուսաստանի հետ: Ինչո՞ւ է այդպէս եղել, որովհետև ուզեցել են կոռումպացուած իշխանութիւններն իրենց գործողութիւնների պատասխանատւութիւնը դուրս քցել, իբր այդ իրենք չեն մեղաւոր, դրսում ինչ-որ ուժեր կան, որ իրենց թոյլ չեն տալիս կոռումպացուած չլինել: Այստեղ է էութիւնը, և հիմա, երբ նրանք բանտի ճանապարհին են, զանգում են Ռուսաստան, ասում են՝ այ էս ձեր դէմ են անում, ձեր դէմ են կոռուպցիայի դէմ պայքարում: Իզուր մի զանգէք, այդ զանգերը ձեզ չեն փրկելու, որովհետև Մոսկուայում միամիտ մարդիկ չկան, Երեւանում նոյնպէս միամիտ մարդիկ չկան, որ դուք պուլտով այստեղ-այնտեղ խօսէք ձեր օգնականների մօտ, հպարտ-հպարտ խօսէք ու մեզ վրայ տպաւորութիւն գործէք:
Ժողովուրդ ջան, ես, անկեղծ ասած, այսօր պլանավորել էի շատ մանրամասն խօսել տնտեսական զարգացման մոդելների մասին, թէ մենք ինչ քայլեր ենք պատրաստւում անել, Հարկային օրէնսգրքում ինչ փոփոխութիւններ ենք պատրաստւում անել, պետական կառավարման համակարգում ինչ փոփոխութիւններ ենք պատրաստւում անել, բայց ես ուղղակի հասկանում եմ, որ այդ ճանապարհով չի ստացուի ձայնիս պատճառով:
Բայց ես ուզում եմ ձեզ ասել մի բան. ընդհանրապէս պետական կառավարման համակարգի կառավարումը ստանձնելով՝ մենք համոզուեցինք, որ դա նման է այն սուտլիկ որսկանի 3 պղինձներին, 3 կաթսաներին, որ ասում է՝ 2-ը ծակ են, 1-ն էլ ընդհանրապէս տակ չունի, որովհետև մեր պետութիւնն այնքան կոռումպացուած է եղել, որ ինչքան վերեւից մենք արդիւնքը լցրել ենք այդ կաթսաների մէջ, տակերից փախել է դէպի մի քանի կամ մի քանի տասնեակ կոռումպացուածների գրպաններ: Բայց ես ուզում եմ ձեզ ասել պաշտօնապէս, որ այսօր Հայաստանի Հանրապետութիւնում կոռուպցիա չկայ: Սա չի նշանակում, թէ Հայաստանի Հանրապետութիւնում չկայ ոչ մի պաշտոնեայ, որ կաշառք չի վերցնում: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան բարձրաստիճան պաշտօնեաների մէջ չկան կոռումպացուած մարդիկ և չեն լինելու: Ես դա ձեզ երաշխաւորում եմ անձամբ: Դուք կարող էք վստահ լինել, որ պետական բիւջէին վճարուած ամէն մի դրամ, ամէն մի լումա պահպանւում է շատ աչալուրջ և ծախսուելու է ըստ նպատակի: Եւ ես ուզում եմ ասել, որ առաջիկայում շատ կարեւոր խնդիրներ ենք մենք պատրաստւում լուծել: Այդ խնդիրներից մէկը, օրինակ, պետական կառավարման համակարգի արդիւնաւէտութեան բարձրացումն է, որովհետև պետական կառավարման համակարգն այսօր, ըստ էութեան, անարդիւնաւէտ կերպով ծախսում է պետական բիւջէի մի հսկայական մասը: Մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետութիւնում պէտք է չլինի 17 նախարարութիւն, և նախարարութիւնների թիւը շօշափելիօրէն պէտք է կրճատուի: Նաև պետական կառավարման մարմինների թիւն էականօրէն պէտք է կրճատուի, որպէսզի մենք կարողանանք դա արդիւնաւէտ անել: Իսկ այս փուլում, այնուամենայնիւ, մեր ամենակարեւոր անելիքը նոր ներդրումների ներգրաւումն է: Ես յոյս ունեմ և կոչ եմ անում աշխարհի հայութեան ներկայացուցիչներին, բոլոր ներդրողներին՝ գալ Հայաստան և կատարել լրջագոյն ներդրումներ, որովհետև Հայաստանի Հանրապետութիւնում հաստատուած է օրէնքի գերակայութիւն, Հայաստանի Հանրապետութիւնում հաստատուած է օրէնքի իշխանութիւն: Մենք այսքան կոռուպցիայի դէմ այսպիսի պայքար ենք մղել, բայց Հայաստանում սեփականութեան վերաբաշխում տեղի չի ունեցել, այսինքն՝ չի եղել նման բան, որ մի գործարան, մի բիզնես մէկի ձեռքից խլեն, տան մէկ ուրիշին: Սա չափազանց կարեւոր բան է: Սա նշանակում է, որ մենք երաշխաւորում ենք սեփականութեան անձեռնմխելիութիւնը: Մենք երաշխաւորում ենք ներդրումների անձեռնմխելիութիւնը: Ես ուզում եմ ասել, որ ՀՀ-ում բիզնեսով զբաղուող որեւէ մէկն անհանգստանալու որեւէ բան չունի, Հայաստանում անհանգստանալու բան ունեն միայն կոռումպացուած չինովնիկները՝ լինեն նախկին չինովնիկ, թէ ներկայ:
Ինչ վերաբերում է գործարարներին. մենք նրանց ասում ենք, որ նրանք ազատուած են ցանկացած կոռուպցիոն պարտաւորութիւնից: Եւ եթէ նոյնիսկ նրանք նախկինում հարկեր չեն վճարել, մենք անպայման արձանագրելու ենք և նրանց պարտաւորեցնելու ենք վճարել այդ հարկերը: Բայց ուզում եմ ասել, որ եթէ նոյնիսկ հարկեր չվճարելու առիթով քրէական գործեր են յարուցւում, այդ քրէական գործերը հենց այսօր գործող օրէնքի ուժով կարճւում են այն ժամանակ, երբ այդ հարկերը վճարւում են: Եթէ կը լինեն դէպքեր, երբ նախկինում չվճարուած հարկեր պահանջելը շատ ծանր կը լինի որեւէ բիզնեսի համար, այսինքն՝ կը սպառնայ նրա գոյութեանը, մենք այդ պարագայում կը գտնենք տարաժամկէտման հնարաւորութիւններ: Եւ ես ուզում եմ ասել, որ ՀՀ-ում մեր կառավարման շրջանում ոչ մի բիզնես չի փակուելու, ոչ մէկի ձեռքից ոչ մի բիզնես չի խլուելու, ոչ մի գործարան և ունեցուածք չի խլուելու: Այսպիսի հեռանկար կարող է սպառնալ միայն կոռումպացուած չինովնիկներին՝ ժողովրդից թալանուած հարստութիւնների մասով անցումային արդարադատութեան մարմինների և դատարանների որոշմամբ: Այն բիզնեսմենները, ովքեր մարդ չեն սպանել, այն բիզնեսմենները, ովքեր պարզապէս նախկինում գործել են հին կանոնների սահմաններում, նրանք հնարաւորութիւն կունենան բարեյաջող գործել, զարգանալ և զարգացնել Հայաստանի Հանրապետութիւնը: Նրանք հնարաւորութիւն կունենան նոր ներդրումներ անել, նոր ներդրողներն էլ հնարաւորութիւն կունենան հաւասար պայմաններում գործել նրանց հետ: Ընդ որում, ես հասկանում եմ, որ երբ ասում ենք մենաշնորհները վերացուած են, քաղաքական խոչընդոտ չկայ, հնարաւոր է հին մենաշնորհների տէրերը իրենց նախկին գերշահոյթերն օգտագործեն՝ ուրիշներին շուկայից դուրս հանելու համար: Մենք այս իրավիճակին նոյնպէս հետեւելու ենք և ստեղծելու ենք իրօք ոչ մենաշնորհային պայմաններ: Հիմա էլ ձեզ յայտնի ուժերը՝ հանրապետականները, հակայեղափոխականները լուրեր են տարածում, թէ պոտենցիալ ներդրողները չեն գալիս, որ սպասում են, տեսնեն՝ ինչ է լինելու:
Սիրելի′ ժողովուրդ, եկէք միասնաբար նրանց ասենք, որ ոչ մի բան էլ չի լինելու, այն, ինչ լինելու էր, արդէն եղել է, և ժողովրդական, ոչ բռնի, թաւշեայ յեղափոխութիւնը և նրա յաղթանակն այլեւս անշրջելի են: Հայաստանի Հանրապետութեան հպարտ, արժանապատիւ քաղաքացին յաղթել է, և այդ յաղթանակը որեւէ մէկը չի կարող նրա ձեռքից յետ վերցնել: Եւ խնդրում եմ, հաստատէք, որ այն փոփոխութիւնը, որ ոմանք իրենց աշխատասենեակներում կուչ եկած յոյս ունեն, թէ լինելու է, հաստատէք, ասէք նրանց, որ չի լինելու, որովհետև, այն, ինչ լինելու էր, արդէն եղել է: Սեպտեմբերին դուք դա հնարաւորութիւն էք ունենալու ապացուցել Երեւանի աւագանու ընտրութիւններում՝ ընտրելով Երեւանի նոր քաղաքապետ՝ ի դէմս Հայկ Մարութեանի:
Քանի որ դա շատ կարեւոր թեմա է, ես ուզում եմ մէկ անգամ ևս անդրադառնալ մարտի 1-ի գործին: Բոլորդ լսել էք Յատուկ քննչական ծառայութեան պետ Սասուն Խաչատրեանի հարցազրոյցները, և այդ հարցազրոյցները լսելով՝ ես կարող եմ ասել հետեւեալը, իմ մեկնաբանութիւնը յայտնի դարձած տեղեկատւութեանը հետեւեալն է. ըստ էութեան, մենք կարող ենք ասել, որ մարտի 1-ի գործն ամբողջ ծաւալով բացայայտուած է, և էլի եմ ասում, պատասխանատու եմ ասում, չկայ տարբերակ, որ ոճրագործներից, ոճրագործների պարագլուխներից որեւէ մէկը խուսափի պատասխանատւութիւնից, չկայ այդպիսի տարբերակ:
Ուզում եմ նաև անդրադառնալ ներքաղաքական վիճակին: Դուք գիտէք, որ մէկ տարուայ ընթացքում, այսինքն՝ մինչև յաջորդ մայիս, պէտք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ: Տեսէք՝ ինչ է կատարւում. ըստ էութեան, Սահմանադրական հնարաւորութիւնը հետեւեալն է այս պահին, որ ես՝ որպէս վարչապետ, պէտք է հրաժարական տամ, և խորհրդարանը պէտք է 2 անգամ անընդմէջ չընտրի նոր վարչապետ, որից յետոյ պէտք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ: Բայց հիմա նրանք սկսել են մտածել հետեւեալը. ասում են՝ դէ թողնենք, հրաժարական տայ, յետոյ արագ, թաքուն ուրիշ վարչապետ կընտրենք, կասենք, օրինակ՝ չասեմ ում: Նախ ես ասեմ, որ այդ մարդիկ շարունակում են չհասկանալ, թէ ինչ է կատարւում Հայաստանի Հանրապետութիւնում, բայց քանի որ չեն հասկանում, թէ ինչ է կատարւում Հայաստանի Հանրապետութիւնում, մենք կանենք հետեւեալը. մենք կը նախաձեռնենք սահմանադրական փոփոխութիւններ, որի իմաստը կը լինի հետեւեալը, որ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին: Եւ ուրեմն այդ փոփոխութիւնները պէտք է ընդունի այդ նոյն խորհրդարանը, ինչը տեղի կունենայ միայն մի պայմանով, երբ դուք՝ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներդ, դա ձևակերպէք ձեր կողմից որպէս յստակ պահանջ: Երբ դուք ձևակերպէք, մենք կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում: Յիշո՞ւմ էք՝ մի անգամ ես Հանրապետականներին և նրանց սատելիտներին խորհուրդ եմ տվել «սատանի մայլում քեանդրբազութիւններ չանել» և էլի նոյն խորհուրդն եմ տալիս:
Ես կանդրադառնամ իմ ելոյթի բաց թողած հատուածին իմ միւս ուղիղ եթերների ընթացքում, որովհետև այդ հատուածները շատ կարեւոր են: Ես այսօր ուզում եմ, այնուամենայնիւ, ամփոփել նրանով, ինչով սկսեցի՝ մեր ազգային միասնութեան այս պահի բացառիկութիւնը գնահատելով: Ես ուզում եմ, որ մենք բուռն ծափերով ողջունենք Հայոց բանակի բոլոր գեներալներին, սպաներին և զինուորներին, որոնք յեղափոխութեան օրերին շատ յստակ ցոյց են տուել, որ իրենք չեն կատարի հրամաններ, եթէ նոյնիսկ Սերժ Սարգսեանը բանակը նորից օգտագործէր ժողովրդի դէմ: Մեր բանակն արժանի է բուռն ծափերի և գովեստի: Մեր բանակը պիտի իմանայ, որ մեր ժողովուրդը և մեր կառավարութիւնը, սփիւռքը, ամբողջ հայութիւնը կանգնած է իր մէջքին: Այո՛, բանակում դեռ շատ խնդիրներ կան, որ լուծուած չեն, բայց եկէք խոստանանք, որ այդ բոլոր խնդիրները միասին լուծելու ենք:
Ես ուզում եմ, որ մենք բուռն ծափերով ողջունենք մեր Ոստիկանութեանը: Ժողովո՛ւրդ, այս յեղափոխութեանը բացառիկ բան է տեղի ունեցել. այն, ինչ մենք ասել ենք, արել ենք, այն, ինչ ասել ենք, իրականութիւն է դարձել: Յիշում էք, որ ասում էինք՝ ոստիկանը մե՛րն է, ոստիկանը մե՛րն է, և այո՛, ոստիկանը մերն է և ծառայում է Հայաստանի Հանրապետութեան քաղաքացուն, օրէնքին և ժողովրդին:
Ես ուզում եմ, որ մենք բուռն ծափերով ողջունենք Ազգային անվտանգութեան ծառայութեանը: Այսօր շատ հետաքրքիր բան է տեղի ունեցել: Գաղտնիքը պէտք է ձեզ ասեմ: Այստեղ գալուց առաջ սիմվոլիկ երթն սկսեցի Արցախի փողոցից, որտեղ ինձ Ազգային անվտանգութեան ծառայութեան յատուկ խումբն ապրիլի 21-ին առեւանգել էր: Եւ այսօր այդ օպերացիան իրականացրած բոլոր տղաներն իմ թիկունքից քայլում էին և մեր անվտանգութիւնն էին պաշտպանում: Սա ազգային համաձայնութեան, ազգային միասնութեան մի բացառիկ ժամ է:
Ես ուզում եմ, որ մենք բուռն ծափերով ողջունենք Արցախի Հանրապետութեան մեր եղբայրներին, ովքեր հարկ են համարել այսքան երկար մի քանի ժամանոց ճանապարհը կտրել և այստեղ իրենց ներկայութեամբ հաւաստել հայ ժողովրդի բացառիկ միասնութիւնը:
Ես ուզում եմ, որ մեր բուռն ծափերով ողջունենք Սփիւռքից եկած մեր հայրենակիցներին, ովքեր նոյնիսկ այսօրուայ համար յատուկ եկել են տարբեր երկրներից, որ մասնակցեն մեր հանրահաւաքին:
Եւ ես ուզում եմ, որ մենք ծափահարենք ՀՀ հպարտ արժանապատիւ և յաղթանակած քաղաքացուն, այսինքն՝ բոլորիդ, ողջ հայ ժողովրդին, ով, ի վերջոյ, ի հեճուկս բոլոր կասկածների, ապացուցեց, որ ինքը բացառիկ ժողովուրդ է, որ ինքը բացառիկ առաքելութիւն ունի, որ ինքն սկիզբ դրեց պատմական մի ժամանակաշրջանի, որտեղ 21-րդ դարում հաստատուեց ուղղակի ժողովրդական իշխանութիւն, ուղղակի անմիջական ժողովրդի իշխանութիւն:
Եւ, ուրեմն, կեցցէ′ Հայաստանի Հանրապետութեան իշխանութեան բարձրագոյն կրողը՝ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին, հայ ժողովուրդը:
Եւ վերջում ուզում եմ ձեզ համար արտասանել «Իմ քայլը» բանաստեղծութիւնը, որը դարձաւ մեր յաղթանակի սիմվոլը՝
Այսօր ես անում եմ իմ քայլը,
ես անում եմ իմ քայլը այսօր,
սա յոյսի առկայծող ճանապարհ է,
սա գրուող պատմութիւն է մի նոր:
Ես պարտուել եմ, պարտուել եմ քանիցս,
Եւ տեսել քմծիծաղը ստի,
բայց իմ կամքը ամուր է քարից էլ,
իմ ոգին յանձնուել չգիտի:
Երբ տեսնում եմ երկրիս տառապանքը,
ստայօդ ճառողի փառքը սին,
համոզւում եմ կրկին, որ իմ ջանքն է
փակուղին ճեղքելու բանալին:
Նոր շունչ եմ ուզում ու նոր կեանք,
հին երկրիս համար յուսահատ,
ու դարձնել պիտ նրան կարենանք
երջանիկ ու հզօր ու ազատ:
Արդ ելել եմ, գտել եմ ժպիտս,
և ձեռքերս բաց պարզել վեր,
որ լոյսի մարտնչող ասպետի պէս,
կերտեմ ցնծութեան ժամը մեր:
Եւ մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ,
քայլում են, քայլում են, քայլում,
և մեր մեկտեղուող աչքերի մէջ
յոյսի արեգակ է փայլում:
Այսօր մենք անում ենք մեր քայլը,
մենք անում ենք մեր քայլը այսօր,
սա պատուով քաղցրացած ճանապարհ է,
սա ծնուող յաղթանակ է մի նոր:
Եւ ուրեմն կեցցէ′ ազատութիւնը, կեցցէ′ Հայաստանի Հանրապետութիւնը, կեցցե′նք մենք և մեր երեխաները, որ ապրում են ազատ և երջանիկ Հայաստանում, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում:
Շնորհակալ եմ»: