Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (83) Սեպտեմբեր 2018

Անցուդարձ

Նիկոլ Փաշինեան կը ներկայացնէ մանրամասնութիւններ «Մարտ 1»ի իրադարձութիւններուն վերաբերեալ

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեան «Իմ Քայլը» դաշինքի Դաւթաշէնի մէջ կայացած նախընտրական հանրահաւաքին ընթացքին ունեցած ելոյթին ընթացքին մանրամասնութիւններ ներկայացուց 2008ի Մարտ 1ի եւ անոր նախորդած իրադարձութիւններուն վերաբերեալ: Վարչապետը ընդգծեց, որ 23 Փետրուար 2008ին, երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեան յայտարարած էր, որ այդ օրըունէ, ժամը 12էն սկսեալ երկրին մէջ կը հաստատուի արտակարգ դրութիւն:
«Արտակարգ դրութիւնը ոչ թէ 2008թ. Մարտի 1ի լոյս 2ի գիշերն է յայտարարուել, այլ դա եղել է միայն պաշտօնական մասը: Դա յայտարարուել է 2008թ. Փետրուարի 23ին, եւ դա ապացուցուած է, դրա համար կան անհրաժեշտ փաստեր: Ռոբերտ Քոչարեանը հայ-ադրբեջանական սահմանից զօրքերը հանել է, բերել է սեփական ժողովրդին օկուպացնելու, եւ դա ապացուցուած է: Ու այդ ընթացքում խրամատներում մեր զինուորներին փոխարինող չի եղել: Նրանք, ովքեր պէտք է մնային 14 օր, մնացել են շատ աւելի երկար, եւ մեր սահմանը եղել է անպաշտպան», ըսաւ Փաշինեան:
 
վարչապետը յայտնեց, որ ներքին զօրքերու զինուոր, շարքային Տիգրան Աբգարեան զօրավարներու աչքերուն առջեւ գնդակահարուեցաւ Լէոյի փողոցին վրայ: «Բանակին հրամայուել է կրակել շէնքերի պատուհանների վրայ, բանակից հագուստ է տարուել եւ բաժանուել օլիգարխների թիկնապահներին կառավարութեան շէնքում, բաժանուել են նաեւ աւտոմատներ: Մեր օպերատիւ տեղեկութիւններով Մարտի 1ի առաւօտեան հէնց հրահանգ է եղել ջարդուփշուր անել ժողովրդին: Այն փաստաթղթերը, որ յետոյ ցոյց են տրուել, յետագայում են սարքուել: Եւ դրա մասին մենք ունենք շատ կոնկրետ օպերատիւ տեղեկութիւններ:
Բարձրաստիճան պաշտօնեաները, աւելի բարձրաստիճան պաշտօնեաների հրահանգով ստել են փաստահաւաք խմբին: Այո, նախագահականից զինուորականները ստացել են հրահանգներ գնալ փաստահաւաք խումբ եւ խաբել փաստահաւաք խմբին, սուտ ասել: Նրանք նաեւ բանակը սարքել են իրենց անձնական վարձկաններ», մանրամասնեց վարչապետը: