Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (71) Յուլիս 2017

Անցուդարձ

"Առանց ԼՂ-ի մասնակցութեան, որեւէ պայմանագիր չի ստորագրուիր" կ՚ըսէ Նալբանդեան

antsoutarts1aՈւրբաթ, Յունիս 30-ին, Հայաստանի Արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեան 2016 թուականի պետական պիւտճէի հաշուետւութեան քննարկումներու աւարտին՝ հարցում-պատասխանի բաժնին յայտարարած է, որ Արցախի խնդրին շուրջ ոչ մէկ փաստաթուղթ կրնայ ստորագրուիլ՝ առանց Ստեփանակերտի մասնակցութեան:
"Ողջ պատասխանատւութեամբ եմ ասում՝ բոլոր աշխատանքային փաստաթղթերում, որոնք պահւում են Վիեննայում ԵԱՀԿ գլխաւոր գրասենեակում, ինչ որ առաջարկուել է եռանախագահների կողմից եւ ինչ որ բանակցուել ու տեղ է գտել այդ փաստաթղթերում, բոլորի մէջ ասուած է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պէտք է մասնակցեն խաղաղութեան բուն պայմանագրի մշակմանը եւ բանակցութիւններին՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ եռանախագահող երկրների միջնորդութեամբ։ Սա յստակ ֆիքսուած է, առանց դրա որեւէ պայմանագիր չի կնքուի, անհնար է առանց Ղարաբաղի որեւէ համաձայնութեան գալ", աւելցուցած է ան:
Նալբանդեան նաեւ յայտնած է, թէ հաւանական է, որ Յուլիսին ինք հանդիպում ունենայ Ազրպէյճանի Արտաքին գործոց նախարարին հետ:
Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեան, մեկնաբանելով Նալբանդեանի այս յայտարարութիւնը՝ ըսած է, թէ ինք համոզուած է, որ ժամանակի ընթացքին Արցախի Հանրապետութիւնը պիտի դառնայ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի մաս:
"Հայաստանի իշխանութիւններն առաջին անգամ չէ, որ այդ մասին ասում են, միշտ էլ ասուել է, որ առանց Ղարաբաղի համաձայնութեան որեւէ փաստաթղթի տակ չի կարող ստորագրուել։ Նալբանդեանի այս յայտարարութիւնը նոր բան չէ։ Իսկ բանակցային գործընթացում ԼՂ մասնակցութեան մասին ասեմ, որ միջազգային հանրութեան համար էլ այսօր տեսանելի է, որ առանց Ղարաբաղի մասնակցութեան անհնար է հարցին լուծում տալ, որովհետեւ հակամարտութեան կողմերից մէկը Ղարաբաղն է", ըսած է ան:
Արցախի Ազգային ժողովի փոխնախագահը շեշտած է, որ միջազգային հանրութիւնը վաղ թէ ուշ պիտի ընդունի, որ Ղարաբաղը հակամարտող կողմ է: Բալայեան աւելցուցած է, որ իր տեսակէտը հիմնուած է Մինսքի խումբի վերջին ու նախավերջին յայտարարութիւններուն վրայ, որոնք հասցէական են:
"Միջազգային հանրութիւնը հասկացել է, որ այդտեղ մարդ է ապրում եւ առաջին հերթին մարդու իրաւունքները պէտք է պաշտպանուեն։ Խօսքը մարդու իրաւունքների մասին է, մարդն ուզում է իր հայրենիքում անկախ ապրել, սա է, աշխարհը, կարծում եմ, այս ճանապարհով է գնում", ընդգծած է ան: