Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (104) Յուլիս 2020

Անցուդարձ

«Եթէ հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը». Փաշինեանի խօսնակին պատասխանը՝ Ալիեւին

ԵՐԵՒԱՆ, «Սիվիլնեթ».- Նախորդ օրերուն Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւ լրատուամիջոցներու հետ ունեցած զրոյցի մը ընթացքին մեղադրած էր Հայաստանը, Մինսկի խումբի միջնորդները, հայկական կողմը ամբաստանելով բանակցութիւնները ձախողութեան մատնելու մէջ։ Ալիեւի այս յայտարարութեան արձագանգեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի խօսնակ Մանէ Գէորգեան։
«Ֆէյսպուք»ի իր էջին վրայ Գէորգեան կը յայտնէ հետեւեալը. «Ի վերջոյ, վարչապետ Փաշինեանը բանակցութիւնների գործընթացն արդիւնաւէտ դարձնելու յստակ բանաձեւ է առաջարկել. Ղարաբաղի հարցի որեւէ լուծում պէտք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Այս բանաձեւն ընդունում է միջազգային հանրութիւնը, բայց այս բանաձեւը չի ընդունում պարոն Ալիեւը, պնդելով, թէ հարցի կարգաւորումը պէտք է ընդունելի լինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար:
«Ու նա մեզ մեղադրում է ֆաշիզմի մէ՞ջ: Եւ ինչո՞ւ է անընդհատ պնդում, թէ Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում: Մեր արձագանգը նոյնն է. եթէ հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը:
«Պարոն Ալիեւը հարցի չկարգաւորման մէջ մեղադրում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, Հայաստանին, պատմական արդարութեանը, մինչդեռ պիտի մեղադրի միայն ինքն իրեն, որ վաղուց հեռացել է քննարկումների կառուցողական դաշտից», շեշտեց ան։
Մ. Գէորգեան անդրադարձաւ նաեւ Ատրպէյճանի նախագահին այն պնդումին, որ հայերուն մասին ոչ մէկ յիշատակում կայ 1800ականներու սկիզբը կնքուած Քիւրակչայի պայմանագիրին մէջ՝ դիտել տալով, որ բազմաթիւ աղբիւրներ եւ փաստաթուղթեր կը հաստատեն այս մէկը, բայց եւ այնպէս Ալիեւ կը թուի անտեղեակ ըլլալ։
«Հակառակ դէպքում 19րդ դարի որեւէ փաստաթղթում հայերի յիշատակուած լինել-չլինելու մասին խօսելով ինքն իրեն վատ վիճակի մէջ չէր դնի: Անտիկ ժամանակից հայերը եւ Հայաստանը յիշատակւում են պատմագրական երկերում, պատմական փաստաթղթերում, քարտէզներում: Կարծել ենք, թէ պարոն Ալիեւի իմացութիւնը նրան պիտի թոյլ տար լաւ իմանալ դեռեւս վաղ միջնադարում Արցախում հայերի կողմից կառուցուած ու հայատառ արձանագրութիւններով պարուրուած Ամարասի, Դադիվանքի, 13րդ դարի Գանձասարի մասին:
«Եւ ոչ թէ վարչապետ Փաշինեանն է ասում, որ Արցախը Հայաստան է, այլ հենց Ամարասը, հենց Դադիվանքը, հենց Գանձասարը՝ իրենց հայերէն գրաւոր արձանագրութիւններով»։