Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (103) Յունիս 2020

Անցուդարձ

Եգիպտոսը յայտարարեր է միջազգային հակաթուրքական դաշինքի ստեղծման մասին. Al-Monitor

Եգիպտոսը յայտնել է Լիբիայում և Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողութիւններին դիմակայելու նպատակով Յունաստանի, Կիպրոսի, Արաբական Միացեալ Էմիրութիւնների և Ֆրանսիայի հետ համատեղ դաշինք ստեղծելու մասին։
Այս մասին գրում է «Ալ Մոնիթոր» միջազգային լրատուակայքը՝ նշելով, որ յայտարարութիւնն արուել է վերոյիշեալ երկրների արտաքին գործերի նախարարների՝ Մայիսի 11-ին կայացած վիրտուալ հանդիպման ժամանակ։
Հանդիպումից յետոյ արուած համատեղ յայտարարութեան մէջ հնգակողմ դաշինքը յայտնել է, որ կենտրոնանալու է Կիպրոսի տարածքային ջրերում թուրքական ապօրինի հորատման աշխատանքներին դիմակայելու վրայ, ինչպէս նաեւ քննադատել է Յունաստանի օդային տարածքի խախտումները:
Դաշինքը քննադատում է նաեւ Թուրքիայի մասնակցութիւնը Լիբիայում ընթացող ռազմական գործողութիւններին, Տրիպոլիում Ֆաիզ ալ-Սարաջի գլխաւորած «Ազգային համաձայնութեան կառավարութեան» (GNA) և Թուրքիայի միջեւ 2019 թ. վերջին վաւերացուած Միջերկրական ծովում «Ծովային իրաւասութիւնների սահմանազատման վերաբերեալ» և «Անվտանգութեան և ռազմական համագործակցութեան վերաբերեալ» փոխըմբռնման յուշագրերը։
Դաշինքի անդամներից Եգիպտոսը և Արաբական Միացեալ Էմիրութիւնները բացայայտ աջակցում են Լիբիայի արեւելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժին՝ գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխաւորած «Լիբիայի ազգային բանակին» (LNA)։
Աղբիւրը նշում է, որ Լիբիայում և Միջերկրական ծովում շարունակուող թուրքական ապօրինի գործողութիւնները, հաւանաբար, կը յանգեցնեն դաշինքի ռազմականացմանը։
Ուշագրաւ է, որ դաշինքի համատեղ յայտարարութեանն անմիջապէս յաջորդել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարութեան և Ֆաիզ ալ-Սարաջի գլխաւորած կառավարութեան խիստ քննադատութիւններն այս դաշինքի վերաբերեալ։ Մասնաւորապէս, Թուրքիայի ԱԳՆ յայտարարութեան մէջ նշուած է, որ այս դաշինքը բերելու է տարածաշրջանային քաոսի և անկայունութեան, իսկ արեւելեան Միջերկրականի հետ որեւէ կապ չունեցող ԱՄԷ-ի՝ այս դաշինքին միանալու միակ պատճառը Թուրքիայի նկատմամբ ունեցած թշնամանքն է։
Նշենք, որ դեռեւս Փետրուարի 18-ին The Arab Weekly թերթը, յղում անելով իր գաղտնի աղբիւրներին, յայտնել էր, որ Եգիպտոսի Գլխաւոր յետախուզական գործակալութեան պետ Աբբաս Քամելը գաղտնի այցելել է մերձաւորարեւելեան ու հիւսիսաֆրիկեան մի շարք երկրներ՝ Թուրքիայի դեմ յետախուզական դաշինք ձեւաւորելու համար, որը կը նպաստի նաեւ տարածաշրջանում թուրքական ագրեսիայի դէմ ռազմական համագործակցութեան ուժեղացմանը։