Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (103) Յունիս 2020

Անցուդարձ

ՀՀ վարչապետին ուղերձը՝ Հանրապետութեան տօնին առիթով

"Հաւատարիմ ենք Սարդարապատի և Արցախի յաղթական աւանդներին ու պատգամներին"

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետութեան հպարտ քաղաքացիներ,
Արցախի Հանրապետութեան հպարտ քաղաքացիներ,
Սփիւռքի հպարտ Հայութիւն,
Շնորհաւորում եմ բոլորիս՝ Հանրապետութեան տօնի կապակցութեամբ:
1918 թուականի Մայիսի 15-ին Ալեքսանդրապոլը գրաւելուց յետոյ, Մայիսի 21-ին թուրքական առաջապահ ուժերը հասել էին Սարդարապատ գիւղ և թւում էր՝ նրանք անխուսափելիօրէն մուտք են գործելու Էջմիածին ու Երևան, և Հայութեան մնացած հատուածն էլ դատապարտուելու է ոչնչացման:
Դրութիւնն օրհասական էր: Սակայն պէտք էր ոտքի կանգնել՝ ուժերի գերլարումով դիմակայելու մահաբեր գրոհին: Եւ հէնց Արամ Մանուկեանը դարձաւ Հայութեան ոգու, կամքի ու ուժի մարմնաւորումը. միշտ արդարադատ ու վճռական Արամը յուսահատութեան այդ օրերին ասում էր. "Դէպի գործ և աշխատանք, ու յաղթողը մենք ենք լինելու":
Յուսահատութիւնը շուտով փոխուեց ոգեւորութեան: Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական մարտերում հայ ժողովուրդը մէկընդմիշտ ամրագրեց իր տեղն աշխարհի քարտէզի վրայ. Մայիսեան յաղթանակների շնորհիւ է, որ ստեղծուեց Հայաստանի Հանրապետութիւնը:
Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսները դարձան Հայաստանի անկախութեան կերտողները: Յաւերժ փառք Արամ Մանուկեանին, Թովմաս Նազարբէկեանին, Մովսէս Սիլիկեանին, Դրոյին, Նժդեհին, Դանիէլ ու Պօղոս Բէկ Փիրումեաններին, եզդիական հեծեալ ջոկատի հրամանատար Ջհանգիր աղային, ողջ հայկական բանակին ու աշխարհազօրայիններին, զէնքը ձեռքին կռուող հոգևորականներին:
1918 թուականի այսօրուայ Եռաբլուրի տարածքում Արամ Մանուկեանի նախաձեռնութեամբ աշխատում էին շուրջ 1500 կին ու տղամարդ, նրանք ամրացնում էին դիրքերը. Եռաբլուրը Երևան քաղաքի պաշտպանական վերջնագիծն էր: Սարդարապատի յաղթական ճակատամարտը զերծ պահեց Երևանը գրաւուելուց, իսկ Եռաբլուրը տարիներ անց դարձաւ իւրատեսակ ուխտատեղի՝ ոգեկոչելու Արցախի ազատութեան համար իրենց կեանքը նուիրաբերած հերոսների յիշատակը:
Այսօր մենք հաւատարիմ ենք Սարդարապատի և Արցախի յաղթական աւանդներին ու պատգամներին, հաւատացած ենք՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը՝ արդար, բռնութիւնից զերծ, առաջխաղացման ու փոփոխութեան ձգտող ստեղծագործ հասարակութեամբ, ուժեղ տնտեսութեամբ ու էլ աւելի ուժեղ ու արդիական բանակով:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Արամ Մանուկեանը ասում էր. "...Դուք պիտի իմանաք, որ ես անուժ եմ առանց ձեզ: Հերոսը ինքը ժողովուրդն է և եթէ ժողովուրդը պատրաստակամութիւն ունի... աշխատել ու փրկել Հայութիւնը վերահաս կործանումից, ապա իմ ու ինձ նման շատերի աշխատանքը ապարդիւն չի անցնի"։
Ուստի միասին դէպի գործ և աշխատանք, դէպի մեր երազանքների Հայաստան:
Համոզուած եմ, Հայաստանի Հանրապետութեան յաղթական քաղաքացին այլևս երբեք թոյլ չի տայ պետականութեան կամ քաղաքացիութեան կորուստ, ինքնիշխանութեան և իրաւունքի կորուստ, հաւատի և լաւատեսութեան կորուստ:
Հայաստանի Հանրապետութիւնը երկիր մոլորակի վրայ պէտք է գոյութիւն ունենայ յաւիտեան, Հայաստանի դրօշը պէտք է յաւիտեան ծածանուի՝ խորհրդանշելով մեր ոգին ու հպարտութիւնը, մեր ազատութիւնն ու ինքնիշխանութիւնը:
Եւ ուրեմն՝ կեցցէ՛ Ազատութիւնը,
Կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը,
Կեցցէ՛ Արցախի Հանրապետութիւնը,
Կեցցե՛ն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները,
Կեցցե՛ն Առաջին Հանրապետութեան հիմնադիր հայրերը,
Եւ կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»։