Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (102) Մայիս 2020

Անցուդարձ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ուղերձը՝ Մայիս 9-ի Յաղթանակի Օրուան առթիւ:

«Մենք ամբողջութեամբ վճարել ենք 20-րդ դարի բոլոր պատերազմների մեր պարտքը»

Սիրելի հայրենակիցներ,
Շնորհաւորում եմ բոլորիս Յաղթանակի օրուան կապակցութեամբ: 75 տարի առաջ այս օրը մեր ժողովուրդը նախկին Խորհրդային Միութեան միւս ժողովուրդների հետ մէկտեղ տօնում էր մարդկութեան պատմութեան ամենամեծ չարիքներից մէկի՝ ֆաշիզմի դէմ կրած յաղթանակը: Այդ յաղթանակը ձեռք բերուեց մարդկային հսկայական տառապանքների, զոհողութիւնների, աննախադէպ խիզախութեան ու յամառութեան շնորհիւ:
Հայ ժողովուրդը նշանակալից դերակատարում ունեցաւ այդ յաղթանակի կերտման և որպէս հետեւանք՝ ֆաշիզմի արհաւիրքից եւրոպական ժողովուրդներին ազատելու գործում: Խորհրդային բանակում ավելի քան կէս միլիոն հայ մասնակցեց պատերազմին: Հազարաւոր հայեր մարտնչում էին եւրոպական երկրների դիմադրութեան շարժման ջոկատներում: Հայ ժողովուրդը շուրջ 300 հազար կեանք դրեց յաղթանակի զոհասեղանին: Ընդամէնը քառորդ դար առաջ ցեղասպանութիւն վերապրած ժողովրդի համար դա աներեւակայելի մեծ թիւ էր, որը համեմատելի էր միայն մեծ տէրութիւնների կրած մարդկային կորուստների հետ: Պատերազմի աւարտին Խորհրդային Հայաստանի բնակչութիւնը նուազել էր աւելի քան 13 տոկոսով, այն դէպքում, երբ մեր հողի վրայ պատերազմական գործողութիւններ բնաւ տեղի չէին ունեցել:
Մենք այսօր խոնարհւում ենք մեր նահատակների յիշատակի առջեւ, բայց նաեւ հպարտանում՝ մեր նախնիների հերոսութեամբ: Պատերազմի ժամանակ 107 հայ արժանացել է Խորհրդային Միութեան հերոսի կոչման՝ այն բարձրագոյն պարգեւին, որը տրւում էր բացառիկ սխրագործութիւնների համար: Առանձնայատուկ պարծանքի է արժանի նաեւ յաղթանակի համար Հայաստանում և Սփիւռքում բնակուող հայ ժողովրդի զաւակների և յատկապէս Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներդրած նշանակալից նիւթական աւանդը:
Մենք ամբողջութեամբ վճարել ենք 20-րդ դարի բոլոր պատերազմների մեր պարտքը: Եւ հիմա, առաւել քան ուրիշ որեւէ մէկը, քաջ գիտակցում ենք խաղաղութեան արժէքը: Մեր ինքնութիւնը լաւագոյնս արտայայտւում է խաղաղութեան պայմաններում, ստեղծագործ և կենարար աշխատանքի միջոցով: Միեւնոյն ժամանակ, իմանալով խաղաղութեան գինը, մենք միշտ պատրաստ ենք ամէն գնով պաշտպանել այն և հարկ եղած դէպքում վերստին մարտնչել մեր ազատութեան և արժանապատւութեան համար:
Զուգադիպութիւն, կամ գուցէ նախախնամութեամբ կանխորոշուած օրինաչափու¬թիւն է, որ այս օրերին մենք տօնում ենք նաեւ Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանութեան բանակի ստեղծումը: Իրադարձութիւններ, որոնք բացառիկ նշանակութիւն ունեցան մեր նորագոյն պատմութեան համար: Շուշիի ազատագրումն ազդարարեց Արցախի ազատագրման սկիզբը: Պսակուելով փայլուն յաղթանակով՝ այն իր հերթին դարձաւ մեր ժողովրդի անվտանգութեան ապահովման և խաղաղութեան պահպանութեան առհաւատչեան: Այսօր եւս մենք հաստատակամ ենք. Արցախի Հանրապետութեան ժողովրդի անվտանգութիւնն ու ինքնորոշման իրաւունքի իրացումը սակարկութեան առարկայ չեն: Դրանք բացարձակ արժէքներ են մեզ համար:
Յիշենք և արժանին մատուցենք Շուշիի և ողջ Արցախի ազատագրման համար զոհուած մեր հերոսներին։ Նրանք կանգնեցին նոյնքան ամուր, որքան իրենց պապերը մօտ կէս դար առաջ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում: Յիշենք Ապրիլեան քառօրեայ պատերազմում ընկած մեր երիտասարդներին՝ մեր նորօրեայ հերոսներին, ովքեր իրենց կեանքով ապացուցեցին, որ անմար են մեր ժողովրդի ազատատենչ ոգին և կամքը։
Փա՛ռք հայ ժողովրդի ազատութեան համար մարտնչած բոլոր հերոսներին:
Կեցցէ՛ յաւիտենական Հայաստանը: