Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (100) Մարտ 2020

Անցուդարձ

«Շարունակում ենք կառուցել ուժեղ բանակ». Արտակ Դաւթեան

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերու ընդհանուր հրամանատար զօր. Արտակ Դաւթեան ուղերձ յղեց Հայաստանի ազգային հերոս Վազգէն Սարգսեանի ծննդեան օրուան առթիւ:
«Ամենակատարեալ ստեղծագործութիւնն ազատագրուած հողն է» մտքի հեղինակին ի զուր չէ, որ ժողովուրդը Սպարապետ կոչեց եւ դասեց ազգային հերոսների շարքին:
«Ամէն տարի Վազգէն Սարգսեանի ծննդեան օրը եւս մէկ անգամ արժեւորում ենք նրա դերը մեր պետականութեան կայացման գործում, յիշում նրա սխրանքը՝ որպէս հայ, որպէս ազգային եւ քաղաքական գործիչ: Հայաստանի Հանրապետութեան առաջին պաշտպանութեան նախարարը վստահ էր, որ իւրաքանչիւր ժողովուրդ պատմութեան ընթացքում գոնէ մէկ անգամ իր կռիւը պիտի մինչեւ վերջ տայ: Ցաւօք, նրա պայքարը, ճախրանքը ժամանակից շուտ աւարտուեց, բայց մենք այսօր էլ շարունակում ենք քայլել առաջ, կառուցել աւելի ու աւելի ուժեղ բանակ, հզօր պետութիւն՝ մեր առջեւ ունենալով նաեւ Վազգէն Սարգսեանի տեսլականը:
«Վազգէն Սարգսեանն իր տեսակով մտաւորական էր, պայծառ մտքի տէր մարդ, ով միեւնոյն ժամանակ գործով էր ապացուցում իր ճշմարտացիութիւնը, հայրենասիրութիւն էր սերմանում անձնական օրինակով: Վստահաբար կարող ենք ասել, որ մի քանի սերունդ դաստիարակուել է՝ հէնց նրա կերպարն ունենալով իր մտքում:
«Այս երկիրը համընդհանուր սիրոյ երկիր է: Այս երկրի մայրաքաղաքը սկսում է խրամատից»: Սպարապե՛տ, այս պատգամդ միշտ մեր մտքում է, եւ ամէն օր ենք աշխատում մեր երկրի հիմքը՝ խրամատը, անխոցելի դարձնելու ուղղութեամբ:
«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհաւորում եմ բոլորիս Հայաստանի ազգային հերոս Վազգէն Սարգսեանի ծննդեան օրուայ առթիւ: Փառք քեզ, մեծ հայ», նշուեցաւ յայտարարութեան մէջ: