Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (100) Մարտ 2020

Անցուդարձ

ՀՀ ԱԳՆ յայտարարութիւնը՝ Սումկայիթեան հակահայկական ջարդերու տարելիցին առթիւ

Սումկայիթեան հակահայկական ջարդերու տարելիցին կապակցութեամբ Փետրուար 27-ին ՀՀ Արտաքին գործոց նախարարութիւնը հրապարակած է հետեւեալ յայտարարութիւնը.-
«Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթեան հակահայկական ջարդերի զոհերի յիշատակը։ 1988թ. Փետրուարի վերջին օրերին Սումգայիթի հայ բնակչութիւնը ենթարկուեց անասելի դաժանութեամբ ուղեկցուող զանգուածային սպանութիւնների եւ վայրագութիւնների։
Սումգայիթեան եղեռնագործութիւնը նշանաւորեց ղարաբաղեան հակամարտութեան սկիզբը, երբ Ադրբեջանը ԼՂ ժողովրդի ինքնորոշման խաղաղ յայտին պատասխանեց հայերի հանդէպ զանգուածային բռնութեամբ եւ ջարդերով։ Այն փաստօրէն ձեւաւորեց նաեւ ղարաբաղեան հիմնախնդրի էութիւնը. Արցախի ժողովրդի անվտանգութեան ապահովում ինքնորոշման իրաւունքի իրականացմամբ:
Սումգայիթեան ոճրագործութիւնը երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ եւրոպական մայրցամաքում ինքնութեան հողի վրայ կատարուած առաջին զանգուածային ոճրագործութիւնն էր, որին յաջորդեցին Ադրբեջանի կողմից առաւել ծրագրուած եւ մեծ մասշտաբներով իրականացուած նոր ոճիրներ՝ Բաքւում, Կիրովաբադում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան օգրաւուած տարածքներում՝ Շահումեանի շրջանում, Մարտակերտի եւ Մարտունու առանձին հատուածներում։
Սումգայիթեան եղեռնագործութեան վերաբերեալ Ադրբեջանի իշխանութիւնների գնահատականը լաւագոյնս է արտայայտում ԼՂ հակամարտութիւնը կարգաւորելու Ադրբեջանի իշխանութիւնների պատրաստակամութեան բացակայութիւնը։ Երեք տասնամեակի ընթացքում փոխուել են շեշտադրումները՝ ջարդարարների հերոսացումից մինչեւ զոհերին ջարդերի կազմակերպման մէջ մեղադրելը։ Անփոփոխ են մնացել ադրբեջանական կողմից իրականացուած մարդու իրաւունքների զանգուածային եւ ծանրագոյն խախտումների համար որեւէ պատասխանատւութիւն ստանձնելու ցանկութեան բացակայութիւնը եւ հայերի հանդէպ ունեցած ցեղասպան մտադրութիւնը։
Այսօր մենք ոգեկոչում են սումգայիթեան ջարդերի զոհերի յիշատակը՝ հայ ժողովրդի հանդէպ նման ոճրագործութիւնները կանխելու յանձնառութեամբ»։