Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (100) Մարտ 2020

Անցուդարձ

Գորոնա համաճարակին կամ թագաժահրին պատճառով՝ Հայաստանի մէջ եւս արտակարգ իրավիճակ հռչակուեցաւ

Մարտ 16-ի երեկոյեան Հայաստանի կառավարութիւնը մէկամսեայ, այսինքն մինչեւ Ապրիլ 14 արտակարգ իրավիճակ հռչակեց։
Այս առթիւ ՀՀ կառավարութիւնը ներկայացուց արտակարգ իրավիճակի ընթացքին կանխարգելիչ միջոցներու, սահմանէն մուտքի եւ ելքի, տեղաշարժման սահմանափակումներու եւ անհրաժեշտ այլ քայլերու մասին տեղեկութիւններ։
Կառավարութեան հրապարակած տեղեկատւութեան մէջ կ՚ըսուի.-
Մուտքը եւ ելքը ՀՀ սահմանով
ՀՀ քաղաքացիները չեն կարող ցամաքային սահմանով լքել ՀՀ տարածքը. բացառութիւն կը կազմեն բեռնափոխադրումներ իրականացնողները, օրինակ` վարորդները։
ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները (եթէ նոյնիսկ ՀՀ քաղաքացի չեն), Հայաստանում հաշուառուած եւ բնակուող անձինք կարող են մուտք գործել ՀՀ տարածք։
Այլ օտարերկրացիների մուտքը արգելուելու է, եթէ, օրինակ, նրանք այնպիսի երկրների քաղաքացիներ են կամ վերջին 14 օրը գտնուել են այնպիսի երկրներում, որտեղ համաճարակաբանական լարուած իրավիճակ է տիրում (նման երկրների ցանկը կ՚որոշի պարէտը)։
Անկախ բոլոր դէպքերից, դիւանագիտական ներկայացուցչութիւնները, օրինակ` դեսպանները, հիւպատոսական հիմնարկների եւ միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչները եւ նրանց ընտանիքի անդամները կարողանալու են մուտք գործել ՀՀ տարածք։
Միեւնոյն ժամանակ պարէտը, կախուած կոնկրէտ հանգամանքներից եւ առանձնայատուկ դէպքերում կարող է որոշել, նաեւ թոյլ տալ այլ անձանց մուտքը ՀՀ տարածք, որոնց արգելւում է մուտք գործել` համաձայն արտակարգ դրութեան պայմանների։
Կանխարգելիչ միջոցառումներ
ՀՀ սահմանից մուտք գործելուց յետոյ կատարուելու է անձանց զննութիւն,
- ախտանիշերի առկայութեան դէպքում իրականացուելու է հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) եւ (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ,
- եթէ անձը հրաժարուի նման միջոցառումներից, նրան կարող են ժամանակաւորապէս մեկուսացնել պարէտի կողմից սահմանուած համապատասխան վայրերում` հետազօտման, բուժման եւ վարակի տարածումը կանխելու նպատակով,
- եթէ պարզուի, որ անձը ՀՀ է ժամանել այնպիսի երկրներից, որտեղ համաճարակաբանական լարուած իրավիճակ է տիրում, ապա նրանք կը տեղափոխուեն յատուկ նախատեսուած կարանտինային վայրեր կամ նրանց կարող է հրահանգուել անցնել ինքնամեկուսացման` իր մշտական բնակութեան կամ իր նախընտրութեամբ մէկ այլ վայրում՝ բացառելով այլ անձանց հետ անմիջական շփումը:
Տեղաշարժման սահմանափակումներ
Չնայած արտակարգ դրութիւնը յայտարարուել է ՀՀ ողջ տարածքում, բայց սահմանափակումներ կը գործեն միայն այն համայնքներում եւ տարածքներում, որոնք կ՚որոշի պարէտը: Այն համայնքում, որտեղ կ՚որոշուի մտցնել սահմանափակումներ, կը գործի հետեւեալ ռեժիմը.
- կը գործի համայնքի տարածք մուտք գործելու եւ ելք կատարելու յատուկ ռեժիմ, որը կը հսկեն Ոստիկանութիւնը, Առողջապահութեան նախարարութեան, Արտակարգ իրավիճակների նախարարութեան, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինի, Սննդամթերքի անվտանգութեան տեսչական մարմինի, մարզպետարանի եւ համայնքապետարանի ներկայացուցիչները,
- առաջին անհրաժեշտութեան ապրանքների, պարագաների, սննդա-
մթերքի, դեղօրայքի, վառելիքի մատակարարման դէպքերի, ինչպէս նաեւ պարէտի ցուցումով` արտակարգ դրութիւն յայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման եւ այլ հրատապ հարցեր լուծելու անհրաժեշտութիւնից ելնելով մուտքերը եւ ելքերը չեն սահմանափակուի.
- համայնքի տարածքում կարող են կատարուել անձանց մեկուսացում (ինքնամեկուսացում), ազատ տեղաշարժի նորմաւորում (օրուայ ժամեր, մարդկանց քանակ եւ այլն),
- անձանց բնակարաններում կամ գտնուելու վայրում սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների իրականացում,
Անձանց մօտ վարակի առկայութեան կասկածի կամ դրա յայտնաբերման դէպքում անձինք կը տեղափոխուեն յատուկ նախատեսուած կարանտինային վայրեր։
Միջոցառումներին մասնակցութիւնը
Հայաստանի Հանրապետութեան ողջ տարածքում արգելուելու է հաւաքների եւ գործադուլների անցկացումը։
Ուսումնական գործընթացը
Բոլոր պետական, համայնքային եւ ոչ-պետական հանրակրթական (այդ թւում՝ մանկապարտէզները), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական եւ բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում կ՚արգելուի դասապրոցէսը: Այս արգելքը չի տարածուի հեռավար (օնլայն) ուսուցման վրայ:
Այլ սահմանափակումներ
Արգելուելու են տեսակցութիւնները, յանձնունքների կատարումը ազատազրկման վայրերում, զօրամասերում, հոգեբուժական կազմակերպութիւններում, տարեցներին սոցիալական ծառայութիւններ տրամադրող, երեխաների խնամք եւ պաշտպանութիւն իրականացնող հաստատութիւններում (…)։
Հանրաքուէն յետաձգուած է
Նկատի ունենալով Գորոնա համաճարակով ստեղծուած կացութիւնը եւ հռչակուած արտակարգ իրավիճակը՝ վարչապետ Փաշինեան Մարտ 16-ին յայտարարած է, թէ կը յետաձգուի սահմանադրական փոփոխութիւններու Ապրիլ 5-ի հանրաքուէն։
Ան նաեւ աւելցուցած է, որ հանրաքուէն պէտք է տեղի ունենայ արտակարգ իրավիճակի աւարտէն ոչ կանուխ քան 50 օր եւ ոչ ուշ քան 65 օրուան ընթացքին։
Ատիկա կը նշանակէ, որ հանրաքուէն տեղի պիտի ունենայ Յունիս 24-էն Յուլիսի 9-ի միջեւ ինկող ժամանակաշրջանին։
Չափազանցուած գնումներ չընելու կոչ
Փաշինեան. “Հայաստանի մէջ պարէնի խնդիր չկայ”
Վարչապետ Փաշինեան քաղաքացիներուն կոչ ըրած է չափազանցուած գնումներ չընելու, քանի որ Հայաստանի մէջ պարէնի հետ կապուած խնդիր չկայ: Այս մասին վարչապետը յայտնած է Դիմագիրքի իր էջէն ուղղակի հաղորդումով:
“Պարէնի հետ կապուած խնդիր չունենք, եթէ լինի, մենք այդ հարցն էլ կը կարգաւորենք: Խնդրում եմ չափազանցուած գնումներ չանել, աւելորդ աժիոտաժ չտարածել, վստահել միայն կառավարութեան եւ պետական մարմինների կողմից տարածուող լուրերին”, ըսած է Փաշինեան:
ՀՀ վարչապետը նաեւ նշած է, որ ասիկա ճգնաժամ է, բայց այս ճգնաժամէն պէտք է դուրս գանք շատ աւելի զօրացած: